Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չայկովսկու դպրոցում «հեղափոխություն» չեղավ

Սեպտեմբեր 01,2005 00:00

Նորանշանակ
տնօրեն Անահիտ Շահբազյանը: Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական 64-ամյա
դպրոցի նոր տնօրեն է նշանակվել նախկին փոխտնօրեն, դաշնակահարուհի, Երեւանի պետկոնսերվատորիայի
պրոֆեսոր Անահիտ Շահբազյանը: Նորանշանակ տնօրենի հետ զրույցից առաջ լսեցինք երաժշտարվեստում
ճանաչված մասնագետների խոսքը նրա մասին: Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր
Սերգեյ Սարաջյանը հայտնեց, որ տիկին Շահբազյանը 25 տարի նույն դպրոցում աշխատել է
որպես փոխտնօրեն. «Նա Չայկովսկու անվան դպրոցի շրջանավարտ է, ուսանել է հորս՝ Գեորգի
Սարաջյանի մոտ, ապա ուսումը շարունակել Մոսկվայում: Կարծում եմ, ավելորդ է խոսել
Անահիտի մասնագիտական կարողությունների մասին: Տարիներ շարունակ աշխատելով դպրոցի
նախկին տնօրեն Տատյանա Հայրապետյանի հետ՝ նա իր մեծ ներդրումն է ունեցել դպրոցի ուսումնական
ընթացքի կազմակերպչական աշխատանքներում: Ի դեպ, դպրոցի վաստակաշատ տնօրեն Տատյանա
Բագրատովնան էլ էր Անահիտին տեսնում տնօրենի պաշտոնում»: Դաշնակահար, կոնսերվատորիայի
պրոֆեսոր Իգոր Յավրյանը նշեց, որ կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի համար
միեւնույն չէր, թե ով կզբաղեցնի տնօրենի աթոռը. «Մենք՝ երաժիշտներս, հեղափոխություն
կամ հեղաշրջում չենք սիրում: Ուրախ ենք, որ դպրոցի կոլեկտիվը միաբերան մշակույթի
նախարարությանը ներկայացրեց իր թեկնածուին ու վերջինս էլ հաստատվեց: Քանի որ այդ
դպրոցի շրջանավարտներն են հիմնականում գալիս կոնսերվատորիա ուսանելու, վստահ ենք,
որ ավանդույթներով հարուստ դպրոցը այսուհետեւ էլ կլինի այնպիսին, ինչպիսին եղել է»:
Իսկ Անահիտ Շահբազյանը «Առավոտին» ասաց հետեւյալը. «Չայկովսկու դպրոցն ունի
մշակութային հարուստ ավանդույթներ, ես այսուհետեւ եւս շարունակելու եմ դրանք: Ինչ
վերաբերում է նախկին տնօրենին՝ Տատյանա Բագրատովնային, նրան հանգիստ չենք թողնելու.
նրա խորհուրդների ու փորձառության կարիքը ոչ միայն ես, այլեւ բոլորս ունենք: Առաջիկայում
նախատեսված է արտերկրից վարպետության դասընթացներ անցկացնելու համար հրավիրել անվանի
երաժիշտների, միայն մեր դպրոցի շրջանակում անցկացնել մրցույթներ, կազմակերպել պատանի
երաժիշտների համերգներ Հայաստանից դուրս»: Տնօրենը գտնում է, որ լավ կլիներ Չայկովսկու
անվան դպրոցն ավելի մեծ հոգածության արժանանար: Նա փաստեց, որ Մոսկվայի հանրահայտ
Կենտրոնական երաժշտական դպրոցը գտնվում է Ռուսաստանի կառավարության հովանու ներքո.
«Այդ դպրոցի դահլիճի ակուստիկան ոչ միայն չի զիջում Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ
դահլիճի ակուստիկային, այլեւ գերազանցում է: Իմ երազանքն է տեսնել մեր դպրոցը վերանորոգված»,-
ասաց նորանշանակ տնօրենը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել