Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եհովականներն ու մորմոնները Կանադայում էլ են ակտիվ

Սեպտեմբեր 01,2005 00:00

Այս մասին փաստեցին կանադացի հոգեւորականները

«Առավոտը» տեղեկացրել էր, որ Հայոց հայրապետի հրավերով Հայաստանում են գտնվում Կանադայի եկեղեցական առաջնորդներ: Նրանք հասցրել են այցելել Գեղարդ, Նորավանք, Հաղարծին, Սեւան, Բյուրական, հյուրընկալվել ԱԺ նախագահին եւ Հայաստանի արտգործնախարարին: Հանրային ռադիոյի մամուլի սրահում երեկ հյուրերին՝ Կանադայի անգլիկան եկեղեցու պետ, արքեպիսկոպոս Անդրյու Հաչինսոնին, Կանադայի հույն ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ, արքեպիսկոպոս Սոտերիոսին, Կանադայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ, արքեպիսկոպոս Բրեյն Օրբրայենին եւ Կանադայի եկեղեցիների խորհրդի նախագահ, դոկտոր Ռիչարդ Շնայդերին ներկայացրեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալաստանյանը:

Կանադահայ համայնքը հիմնադրվել է 20 տարի առաջ, առաջին հայկական եկեղեցին կառուցվել է եղեռնից մազապուրծ բեկորների նախաձեռնությամբ՝ 1930-ին: Ներկայումս այդ երկրում գործում են 5 ամենօրյա, մի քանի կիրակնօրյա ու շաբաթօրյա հայկական վարժարաններ, ուր ուսանում են շուրջ 2000 պատանիներ ու աղջիկներ:

Կանադահայոց թեմի առաջնորդն ասաց, որ հոգեւորականների այցը Հայաստան՝ Հայոց գրերի գյուտի 1600-ամյակի տոնակատարությունների շրջանակներում է, նպատակը՝ «ցույց տալ, թե հայ ժողովուրդը հրաշքի համարժեք ինչպիսի արարքներ է գործել իր պատմության ընթացքում»:

Նա տեղեկացրեց, որ ի տարբերություն Հայաստանի, Կանադայում «պետական եկեղեցի» հասկացություն գոյություն չունի: Ա. Հաչինսոնն էլ ավելացրեց. «Կանադան բազմամշակույթ երկիր է, կառավարության որոշ ծրագրերով խրախուսվում է բազմամշակութայնությունը: Տոնակատարությունների ժամանակ հաճախ դժվար է լինում եկեղեցիները տարբերել իրարից, բոլորը խաղաղ գոյակցում են, եւ որեւէ կրոնական խումբ մյուսին չի վիրավորում»: Արքեպիսկոպոս Սոտերիոսն էլ զուգահեռներ տարավ հայ եւ հույն ժողովուրդների պատմությունների միջեւ. «Մինչ Հայաստան գալս, նորից կարդացի Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության մասին: Գիտեի, թե ինչերի միջով եք անցել Օսմանյան կայսրության ժամանակ եւ խորհրդային տարիներին: Այժմ հաճելիորեն զարմացած եմ իմ տեսածով, ավելին՝ վստահ եմ, որ ձեր նման երկիրը չի կարող սխալվել»:

«Առավոտի» հարցին՝ ի՞նչ տեսակ աղանդներ են տարածված Կանադայում, եւ ինչպիսի՞ն է եկեղեցի-աղանդներ փոխհարաբերությունը, Կանադայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահը պատասխանեց. «Նայած՝ ի՞նչ նկատի ունենք աղանդներ ասելով: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Կանադայում ակտիվ են հատկապես մորմոններն ու Եհովայի վկաները: Նրանք ազատորեն գործում են, եւ չեմ կարծում, թե որեւէ տնտեսական աջակցություն կա այդ համայնքին: Ցավոք, հիմնականում Հռոմեական կաթոլիկ եկեղեցու անդամները, ովքեր ավելի քիչ գիտեն իրենց եկեղեցին ու վերջինիս պատմությունը, ավելի հակված են դառնալու աղանդավորներ»:

Մեր հաջորդ հարցին՝ ինչպե՞ս է Կանադահայոց թեմը զերծ պահում իր հավատացյալներին աղանդավորների ոտնձգություններից, տեր Բագրատ եպիսկոպոս Գալաստանյանը պատասխանեց. «Մեր եկեղեցու կյանքում առանձնապես արձանագրված չեն աղանդավորական ներկայություններ: Դրանք հիմնականում Եհովայի վկաներն են: Մենք հիմնում ենք քրիստոնեական դաստիարակության եւ մամուլի կենտրոններ, որպեսզի կարողանանք մեզ ժառանգված հավատը փոխանցել ժողովրդին: Մի հանգամանք եւս, հայ մարդը այլ երկրում ինչպիսի հաստատություն էլ մտնի, միեւնույն է, եկեղեցին ազգային իմաստով միակ վայրն է, որ տարբերվում է բոլոր հաստատություններից»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել