Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱԿՆԹԱՐԹԸ ՉԻ ԿԱՆԳՆԻ, ՍԵԶԱՄԸ ԱՆԱԿՆԿԱԼ
ՉԻ ԲԱՑՎԻ

Սեպտեմբեր 01,2005 00:00

Այսօր
հանրապետության ուսումնական հաստատություններ առաջին անգամ ոտք կդնեն շուրջ 11 հազար
ուսանողներ եւ 42 հազար աշակերտներ: Մայրաքաղաքի որոշ դպրոցներում, ինչպես
երեկ լրագրողներին հայտնեց ԿԳ նախարար Սերգո Երիցյանը, անելանելի իրավիճակ է ստեղծվել՝
խիստ ծանրաբեռնվածության պատճառով: Արդյունքում ստացվում է, որ որոշ դպրոցներ ստիպված
են չկատարել նախարարի հրամանագրի պահանջը՝ տարրական դասարանի աշակերտներին երկրորդ
հերթափոխ տեղափոխելով: Ընդ որում, դրանք ոչ միայն էլիտար համարվող դպրոցներն են,
այլեւ, օրինակ՝ Նորքի զանգվածի դպրոցներից մեկը, որ ունի 150 առաջին դասարանցի: Խնդիրն
այն է, որ հիմա ծնողն ինքը կարող է ազատորեն որոշել, թե որ դպրոցը պետք է հաճախի
իր երեխան՝ անկախ բնակության վայրից, բայց մյուս կողմից էլ առաջ է գալիս կուտակումների
խնդիրը: Նախարարը վստահեցրեց, որ, այսուամենայնիվ, ինքը հետեւելու է, որ դասարանները
կոմպլեկտավորելիս պահպանվի օրենքով սահմանված առավելագույն 35 թիվը: Դպրոցի հետ կապված
մյուս մտահոգիչ փաստը արձակուրդներին է վերաբերում: Ամեն տարի ձմռան ցրտի եւ դպրոցների
մեծ մասում լոկալ ջեռուցման համակարգի բացակայության պատճառով առաջ է գալիս ձմեռային
արձակուրդների երկարացման հետ կապված խնդիրը: Ջեռուցվող դպրոցներն էլ առիթից օգտվելով
խնայողություններ են անում՝ ուսման հաշվին: Նախարարի կարծիքով՝ ճիշտ է տարբերակված
մոտեցումը: Սակայն հարցը քննարկումների փուլում է, եւ դեռ վերջնական լուծում չկա:
Խոսելով ոլորտի բարեփոխումների մասին՝ նախարարը տեղեկացրեց, որ այս տարի Շիրակի մարզում
կփորձարկվեն որոշ առարկաների գծով նոր քննական թեստերը, որոնք գործի կդրվեն 2007-ին:
Նախարարը խոստանում է, որ «Կա՛նգ առ, ակնթա՛րթ»-ով կամ «Սեզամ, բացվի՛ր»-ով ոչ մի
անցում չի կատարվելու, այլ ամեն ինչ արվելու է աստիճանաբար, առանց հեղափոխությունների:
Մեր ընթերցողներին անհանգստացնող եւս մի բարեփոխման մասին: Նախարարը երեկ
մեկ անգամ եւս շեշտեց, որ բուհերում անվճարի եւ վճարովիի փոխատեղումը, որ պետք է
իրականացվի այս ուսումնական տարվա ավարտից սկսած, վերաբերում է միայն այս եւ գալիք
տարիներին ընդունվողներին: Այսպես՝ երկու քննաշրջանի արդյունքում ամեն ինչ, այսպես
ասած, հավասարեցվում է 0-ի, որից հետո վճարովի ու անվճար տեղերը որոշվում են ըստ
առաջադիմության՝ պահպանելով նախապես սահմանված տեղերի թիվը: Այս օրենքից պաշտպանված
են միայն զոհված ազատամարտիկների երեխաները, երկկողմանի ծնողազուրկ եւ հաշմանդամ
երեխաները, ինչպես նաեւ առանց տարկետման իրավունքի սովորողները: Ծնողներն արդեն անհանգստացած
են, որ բարձրագույն կրթության մասին օրենքի այս պահանջով կոռուպցիայի լայն հնարավորություն
է ստեղծվում դասախոսների համար: Նախարարը, սակայն, այդպես չի կարծում եւ այս առիթով
արդեն մի քանի անգամ առաջարկել է քննությունների անցկացման իր սեփական մեթոդը, ըստ
որի՝ բոլոր ուսանողները մասնակցում են իրենց ընկերների քննությանը եւ տեսնում են,
թե ինչպես է գնահատվում իրենց համակուրսեցին: Այս տարի Հայաստանի միջին մասնագիտական
81 պետական ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունները կերկարաձգվեն
մինչեւ սեպտեմբերի 20-ը: Դրանցից շատերում, հատկապես մանկավարժական մասնագիտությունների
գծով, թափուր տեղեր են գրանցվել՝ անգամ անվճար համակարգում: Ընդհանուր առմամբ թափուր
է անվճար ուսուցման 2018 տեղերի 25%-ը եւ վճարովի 5000 տեղերի՝ 50%-ը: Այս հարցում,
ըստ նախարարի, իրենց մեղքի բաժինը ունեն նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների
տնօրենները, որոնք հաստատության գտնվելու վայրի տարածաշրջանային առանձնահատկություններին
համապատասխան՝ ժամանակին նոր մասնագիտություններ պետք է բացեին: Ս. Երիցյանը նշեց,
որ եթե մինչեւ սեպտեմբերի 20-ը երկարաձգված քննությունների արդյունքում որոշ ուսումնական
հաստատություններում կրկին թափուր տեղեր մնան, ապա չի բացառվում, որ դրանց տնօրենները
ազատվեն աշխատանքից: Վերջիններիցս մի քանիսը խոստացել են մինչեւ 100 ուսանող ճարել-բերել:
Նախարարը նշեց, որ վերջերս ընդունված «Նախնական եւ միջին մասնագիտական կրթության
մասին» ՀՀ օրենքի համաձայն, այս ոլորտին կտրվի շարունակական կրթություն ապահովելու
հնարավորություն: Այսինքն, միջին մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտը
հնարավորություն կունենա ուսումը շարունակել բուհի 2-րդ կամ 3-րդ կուրսից: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել