«Արդարություն» դաշիքի ներկայացուցչի առաջարկությունները ԿԸՀ-ն թողեց առանց քննարկման
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ նիստ էր հրավիրել՝ քննարկելու օրակարգում եղած միակ առաջարկությունը, որն արել էր «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը: Այն էր՝ նիստի օրակարգում ներառել եւ քննարկել «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը» լրամշակելու հարցը: Հանձնաժողովի անդամն իր այդ առաջարկը հիմնավորել էր նրանով, որ գործող «Ընտրական օրենսգրքում» ընտրական գործընթացներում խառնաշփոթ առաջացնող եւ նույն Օրենսգրքի այլ հոդվածներին բացահայտ հակասող թվով 13 վիճելի հոդվածներ, որոնք անհրաժեշտ է վերանայել: Սակայն հանձնաժողովն այդպես էլ չէր հաստատել նիստի օրակարգը՝ Ֆ. Խաչատրյանի առաջարկած նախագիծը թողնելով առանց քննարկման: ԿԸՀ-ն, որ խոստովանել էր, թե գործող «Ընտրական օրենսգիրքը» անկատար է, բայց միաժամանակ համարել էր, որ հանձնաժողովի անդամի առաջարկները զուտ խմբագրական բնույթի են, որոնք կարելի է անել, բայց ոչ մի արտառոց բան չի պատահի, եթե առաջիկա ՏԻՄ ընտրություններն անցկացվեն առանց առաջարկվող փոփոխությունների:
Ֆ. Խաչատրյանը երեկ մեր զրույցի ժամանակ հայտարարեց, որ իր բոլոր 13 առաջարկները խիստ էական են. «Նոր «ԸՕ»-ով ընտրական հանձնաժողովին թույլատրվում է ընտրողին ուղեկցել քվեախցիկ, որը կատեգորիկ արգելվում էր նախորդ օրենքով: Ընդ որում, գործող օրենքի հոդված 55-ում ասվում է, որ ընտրական հանձնաժողովի անդամին արգելվում է ընտրացուցակում ստորագրել թույլ տեսնող ընտրողի փոխարեն, իսկ հաջորդ՝ հոդված 56-ում, ընտրական հանձնաժողովի անդամին թույլատրվում է ընտրողի հետ մտնել քվեախցիկ»:
Ֆ. Խաչատրյանը կարեւորեց նաեւ եւս մեկ հոդված. «Գործող «ԸՕ»-ով վերացվել է ԿԸՀ կողմից ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման իրավունքը: Այս տարվա հուլիսին ԸԸՀ-ները կազմավորվեցին, բայց մենք այլեւս իրավունք չունենք դրան անդրադառնալ: Նախորդ «ԸՕ»-ն պարտադրում էր յուրաքանչյուր համապետական ընտրություններից 90 օր առաջ կազմավորել ԸԸՀ՝ օրենքով սահմանված կարգով, եւ դա ճիշտ էր: Ես առաջարկել եմ վերականգնել ԿԸՀ-ի այդ իրավունքը»:
Վերջինս ամենեւին էլ համաձայն չէր ԿԸՀ այն մոտեցմանը, թե «ԸՕ»-ն կարելի է փոփոխել ՏԻՄ ընտրություններից հետո. «ՏԻՄ ընտրություններից հետո էլ կասեն հանրաքվեն էլ անցկացնենք, նոր կվերանայենք եւ այդպես շարունակ: Հանրաքվեից հետո էլ կհաշտվենք իրականության հետ: Դա է ԿԸՀ-ի մոտեցումը: Վիրավորականն այն է, որ երկու հոգի են կողմ եղել իմ առաջարկությունն օրակարգ ներառելուն՝ ես եւ «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Զավեն Պլուզյանը: ԿԸՀ մնացած 7 անդամները ո՛չ դեմ են քվեարկել, ո՛չ ձեռնպահ»: Իսկ ահա ԿԸՀ քարտուղարն առաջարկել էր օրակարգը չհաստատել, բայց իր այդ առաջարկության քվեարկությանը չի էլ մասնակցել՝ չի քվերակել՝ ասելով, որ դա իր իրավունքն է:
ԿԸՀ անդամներին հարկ է, թերեւս, հիշեցնել, որ ԵԽԽՎ-ն դեռ իր նախորդ մի քանի բանաձեւերում առաջարկել էր վերանայել մայիսին ընդունված «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը՝ համարելով, որ այն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին: Նույնպիսի պահանջով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համատեքստում, ՀՀ իշխանություններին դիմել էր նաեւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ