«Ժառանգությունը» դեռ չի կողմնորոշվել Սահմանադրական փոփոխությունների հարցում Ռաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը իր տեսակետը չի հայտնում: Օրեր առաջ, Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Ռաֆայել Ղազարյանն «Առավոտին» փոխանցել էր, որ «Ժառանգություն» կուսակցությունը եւս պատրաստվում է բոյկոտել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Երեկ կուսակցության վարչության անդամ Հրայր Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում մեկ անգամ եւս վերահաստատեց կուսակցության նախնական որոշումը՝ վերջնական կարծիք արտահայտել սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակի առկայության դեպքում: «Մեզ համար որքան կարեւոր են արդար եւ ազատ ընտրությունները, այդքան էլ կարեւոր են այն կառուցվածքային փոփոխությունները, որոնք կարող են կատարվել միայն Սահմանադրության միջոցով: Կեղծված ընտրությունների հիմնական պատճառը մեր կարծիքով միայն ու միայն զետեղված է գործող Սահմանադրության մեջ: Արդար ընտրությունները եւ սահմանադրական բարեփոխումները փոխկապակցված են: Այս առումով, մեզ համար ինքնանպատակ «ոչ» ասելը այդ բարեփոխումներին, եթե դրանք իրական բարեփոխումներ են՝ ընդունելի չէ: Միաժամանակ, այս նախագիծն էական դրական փոփոխություններ պարունակելով՝ ներառում է նաեւ դրույթներ, որոնք մեր սահմանադրաիրավական պրակտիկայում կարող են հանգեցնել այն անձնակենտրոն քաղաքական համակարգին, որը գործող Սահմանադրությունն իր մեջ ամրագրել է»,- ասում է Հրայր Թովմասյանը: Նշյալ դրույթներից են՝ նախագահի կողմից կառավարության գործունեության կարգը սահմանելը, մարզպետների փաստացի նշանակումը, միանձնյա արտակարգ դրություն մտցնելը, նշանակումների բավականին լայն սպեկտորը, կառավարության կողմից՝ թեպետ ՍԴ եզրակացության հիման վրա, համայնքի ղեկավարներին պաշտոնանկ անելը եւ տասնյակ այլ հարցեր, որոնք առնչվում են մարդու իրավունքներին եւ ազատություններին: Կախված ԱԺ-ում ընթացող քննարկումների արդյունքներից՝ «Ժառանգությունը» կկողմնորոշվի: Հիշեցնենք, որ կուսակցությունն աշխատում է Սահմանադրության սեփական տարբերակի վրա, որը կներկայացնի իր նախընտրական ծրագրերում: Նշյալ տարբերակով կուսակցությունն առաջարկում է անցում վարչապետական կառավարման համակարգին: Իսկ առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ըստ Հրայր Թովմասյանի, «Ժառանգությունը» մասնակցելու է: Ինչպիսի՞ ձեւաչափով, ի՞նչ ծավալով, մակարդակով եւ եղանակով՝ կհստակեցվի վարչության առաջիկա նիստում: Ն. Գ.