Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 31,2005 00:00

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ» Այս ոգով անցավ Երեւան քաղաքի դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդաժողովը: Ավանդական այդ խորհրդակցությունները ոչնչով չեն տարբերվում իրարից՝ իրենց անարդյունավետության, փոխքաղաքապետ Կամո Արեյանի նույնանման հորդորների, սեփական թերությունների հանդեպ հանդուրժողականության, մի քանի տնօրենների՝ շնորհակալական շաբլոն բառակապակցությունների առումով: Երեկ թիվ 6 դպրոցի տնօրեն Օվսաննա Բաբայանը բեմ էր բարձրացել կոլեկտիվի եւ ամեն մի աշակերտի անունից երկարաշունչ շնորհակալություն հայտնելու կրթության վարչությանը՝ իր պարտականությունները կատարելու՝ դպրոցը վերանորոգելու նպատակով բյուջեից գումար հատկացնելու համար: (ԱԺ գիտության, կրթության եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը նույնիսկ տեղից առաջարկեց իր անունից էլ շնորհակալություն հնչեցնել): Իսկ թիվ 4 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանն իր ելույթում ուրույն տեղ հատկացրեց լրագրողներին՝ նրանց խորհուրդ տալով դպրոցները գանահարելուց առաջ շրջել ու հետո միայն գրել, եւ իրենց ժարգոնային լեզվով չաղտոտել դպրոցականների լսելիքը: Խորհրդաժողովում, որպես կանոն, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը ներկայացնում է անցնող ուստարվա հաշվետվությունը՝ շեշտը դնելով հատկապես դպրոցի որակի վրա: Անցնող տարին նա համարում է «որակի տարի»՝ միաժամանակ նշելով, որ մեր դպրոցներում անբավարար մակարդակի վրա են հայոց լեզուն, հայ գրականությունը եւ հայոց պատմությունը: Վարչության պետը սովորույթի ուժով ամեն անգամ խոսում է դրամահավաքի եւ դրա կամավորության սկզբունքի մասին, թվարկում օրինակելի եւ անօրինակելի որոշ դպրոցների անուններ, բայց արդյունքում նորից դպրոցի ֆինանսատնտեսական գործունեությունը մնում է ստվերում. դպրոցներ կատարած մեր բազմաթիվ այցելությունները ցույց են տալիս, որ տնօրենները նունիսկ պատշաճ կարգով դպրոցի պատին չեն էլ փակցնում տվյալներ, այսպես ասած, մուտքերի ու ելքերի մասին: Արդեն քանի տարի խոսվում է բարձր դասարանցիների՝ վատ հաճախելիության մասին, ինչի պատճառը կապվում է կրկնուսույցների մոտ պարապելու հետ: «Դպրոց-բուհ անջրպետը մասամբ վերացել է, սակայն դեռ անելիքներ կան»,- արդեն որերորդ տարին է՝ կրկնում է Օ. Վաթյանը: Արդյունքում՝ մեր կրթության պատասխանատուները թույլատրվող բացակայությունների 160 ժամը փոխարինում են 240-ով՝ նպաստելով աշակերտի՝ դպրոցից հեռանալուն: Ստվերային գործունեության կոնկրետ օրինակներով հանդես եկավ թիվ 148 դպրոցի տնօրեն Լեւոն Հարությունյանը: Նա ունի փաստեր, երբ մայրաքաղաքում 9 տարի սովորող աշակերտը 10-րդ դասարանում հանկարծ որոշում է մի հեռավոր գյուղում շարունակել ուսումը՝ բնականաբար դասերին չհաճախելով ու գործարքի մեջ մտնելով այդ գյուղական տնօրենի հետ: Ըստ պրն Հարությունյանի, ստվերային դպրոցներ մենք ունենք միայն թուլակամ տնօրենների մեղքով: Հրանուշ Հակոբյանը սպասում էր ավելի գործնական հանդիպում եւ տնօրեններին խորհուրդ տվեց խնդիրների մասին խոսել բացահայտ եւ ոչ՝ հետնամուտքերում. «Ոչ ոք ճիշտ խոսքի համար չի պատժվում, պատժվում են սխալ արարքի համար»: ԱԺ հանձնաժողովի նախագահը նաեւ սպասում էր, որ տնօրեններն իրենց առաջարկներն ու մտահոգությունները կհայտնեին օրակարգում դրված միջնակարգ կրթության մասին օրենքի նախագծի շուրջ: Սակայն տնօրենները միայն ծափահարում էին Հր. Հակոբյանի հնչեցրած քննադատող արտահայտությունները, եւ ոչ ավելին: Ի դեպ, նախապես ելույթի էր պատրաստվել թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը, սակայն նա այդպես էլ բեմ չբարձրացավ. «Դահլիճում տիրող մթնոլորտը ինձ չտրամադրեց ելույթս կարդալ, որ հիմնականում նվիրված էր միջնակարգ կրթության մասին օրենքի առնչությամբ իմ դիտարկումներին: Ես դրանք գրավոր կներկայացնեմ»,- ասաց տիկին Բախշյանը: Վերադառնանք դահլիճում տիրող մթնոլորտին: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը հրապարակավ հայտարարեց, որ ԿԳ նախարարի հրամանագրով այս տարի ոչ մի դպրոցում տարրական դասարանները երկրորդ հերթի ծանրաբեռնվածության չպետք է ենթարկվեն: Փաստերը ցույց են տալիս, սակայն, որ որոշ դպրոցներում արդեն հայտարարվել է 1-ին դասարանցիների՝ երկրորդ հերթ հաճախելու մասին: Պրն Վաթյանն իր հերթին այս մասին ասում է. «Բարեբախտաբար, թե դժբախտաբար այսօր ամեն ծնող ինքն է որոշում, թե ո՛ր դպրոցը տանի իր երեխային: Հնարավորություններ չունենք, բնակությունը խիտ է, ի՞նչ եք առաջարկում: 10-յակ տարիներ այդ դպրոցներն աշխատել են գերծանրաբեռնված»: Փաստորեն ստացվում է, որ որոշ տարածքների համար նախարարի հրամանագիրը չի գործում: Ս. Երիցյանն իր հերթին խոստանում է զբաղվել այդ հարցով: Նախարարը նաեւ ապօրինի է համարում կրթության վարչության ստեղծած տեսչության գործունեությունը. հայտնի է, որ քաղաքապետարանի կրթության վարչությունը ստուգումներ իրականացնելու գործառույթներ չունի, սակայն վերջին տարում բավական ակտիվ կերպով նման գործունեությամբ էր զբաղվում: Իսկ հանրապետական տեսչական կենտրոն կստեղծվի համապատասխան օրենքի ընդունումից հետո միայն: Օնիկ Վաթյանը այս մասին մեկնաբանությունից հրաժարվեց: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Նախարարի եւ մյուս պաշտոնյաների հեռանալուց հետո միայն Օնիկ Վաթյանը տնօրեններին հորդորում էր հետեւել դպրոցների սանիտարահիգիենիկ պայմաններին. «Միայն արտաքինից գորգ փռելը բավարար չէ»: Տնօրեններն էլ տեղից մի թեթեւ բողոքեցին ջրամատակարարումից, եւ խորհրդաժողովն իր աշխատանքն այսպիսով ավարտված համարեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել