Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան

Օգոստոս 31,2005 00:00

Հոգեկան հիվանդներին չեն ուզում տանը տեսնել 420 հիվանդի համար նախատեսված Սեւանի հոգեբուժարանում այսօր գտնվում է 424-ը: Նրանցից 400-ը տառապում են խրոնիկ եւ 20-ը՝ սրացված հոգեկան շեղումներով: Յուրաքանչյուր հիվանդի համար մինչեւ վերջերս պետությունը հատկացնում էր օրական ընդամենը 2700 դրամ: Մեկ ամիս առաջ, սակայն, այն ավելացել է 250 դրամով: Համեմատության համար նշենք, որ Բելգիայում այդ գումարը կազմում է օրական 700 դոլար: Հիվանդանոցում աշխատում է 287 մարդ, որոնց միջին աշխատավարձը 27500 դրամ է, ինչը աշխատակիցները իրենց աշխատանքի դիմաց շատ քիչ համարեցին: Հիվանդները ստանում են 3000 դրամ հիվանդության նպաստ: «Հոգեբուժարանը՝ որպես հաստատություն, խնդիրներ համարյա թե չունի. ապահովված է դեղորայքով, պայմանները, սնունդը բավարար են,- ասաց հիվանդանոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը:- Այն խնդիրները, որոնք այսօր հուզում են մեզ, այլ բնույթի են: Հիվանդի վիճակի բարելավումից հետո հարազատները նրան տուն չեն տանում: Թեեւ մեր սոցիալական աշխատողը գնում է, խոսում հարազատների հետ, համոզում, թե ինչքանով է դա հաջողվում՝ այլ հարց է: Նույնիսկ մահվան դեպքում հաճախ հուղարկավորման հոգսը հոգեբուժարանի վրա է»: Մեր այցելության ժամանակ հիվանդներից ոմանք խնդրում էին տեղեկացնել հարազատներին, որ տեսակցության գան: Շատերը տուն գնալ էին ուզում, բայց տանող չկա: Ըստ գլխավոր բժիշկ Արամ Ալեքսանյանի՝ անգամ «հարազատները շատ դեպքերում հրահրում են վեճեր եւ բողոքում, որ հիվանդին չբուժած՝ դուրս ենք գրել: Սա հիվանդ հարազատից ազատվելու ձեւ է, եւ նրա ճակատագիրը կախված է այն բանից, թե ինչ զգացումներ է արթնացնում հարազատների մեջ՝ հոգատա՞ր են նրանք, թե՞ հիվանդը պարզապես բեռ է իրենց ուսերին: Իմ աշխատանքային պրակտիկան ցույց է տվել, որ նրանք հարազատի ուշադրության եւ ջերմության կարիքն ունեն, եւ ո՞վ գիտե, թե ինչ է կատարվում նրանց հաշմված հոգիներում, որ չեն կարողանում արտաբերել»: Հոգեկան հիվանդության հիմնական պատճառները պարոն Ալեքսանյանը համարեց ժառանգականությունը, ձեռք բերովի որոշ հիվանդությունները, տրավման, նարկոմանիան, ալկոհոլի չարաշահումը, երկրաշարժը, 1990-93թթ. ծանր տարիները, պատերազմական վիճակը, սոցիալական վատթար պայմանները, ծննդաբերական բարդությունները: Սրանք հանգեցնում են հիմնականում այնպիսի հիվանդությունների, որոնք համարվում են անբուժելի՝ շիզոֆրենիա, մտավոր հետամնացություն, ծերունական տարիքային փոփոխություններ, հետծննդաբերական պսիխոզ՝ հոգեկան շեղումով (բուժվում է), էպիլեպսիա՝ անձին բնորոշ փոփոխություններով: «Մինչեւ 90-ականները հոգեկան հիվանդների մեջ գերակշռել են տղամարդիկ, այժմ ավելացել է կանանց թիվը, նրանց մեջ շատ են մտավորականները: Կան երաժիշտներ, բարձրագույն տեխնիկական կրթությամբ մարդիկ: Մեզ մոտ տոնվում են բոլոր տոները, կան ասմունքողներ, մեկ զույգ նույնիսկ ամուսնացել է»,- ասաց հիվանդանոցի տնօրենը: Հոգեբուժարանի ժամանցի սրահում ցուցադրված են հիվանդների գեղանկարչական աշխատանքները, որոնք ոչ միայն արված էին վարպետորեն, այլեւ առողջ բանականության եւ ճաշակի արգասիք էին: «Երկուսուկես տարի է՝ բելգիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը եւ Սեւանի հոգեբուժարանը իրականացնում են «Հոգեկան առողջության կենտրոն» ծրագիրը, որի ընթացքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Ճամբարակ, Մարտունի բնակավայրերում Սեւանի հոգեբուժարանի վերահսկողությամբ իրականացվում է հոգեբուժական ծառայությունների հիմնում: Այստեղ կատարվում է հիվանդի անվճար զննում, խորհրդատվություն, հսկողության սահմանում, դիսպանսեր բուժում, իսկ անհրաժեշտության դեպքում հիվանդն ուղեգրով ուղարկվում է Սեւանի հոգեբուժարան: Բացի Ճամբարակից, նշված վայրերում գործում են այդ ծառայությունները: Միեւնույն ժամանակ Սեւանի հոգեբուժարանն ունի հոգեբույժների կարիք»,- հայտնեց Գ. Կարապետյանը: Այստեղ բացառեցին հիվանդներին ծեծի միջոցով հնազանդեցնելը. կան բավարար պրեպարատներ, որոնց միջոցով կարելի է հանգստացնել հիվանդին: Բացառեցին նաեւ առողջ մարդու հայտնվելը հոգեբուժարանում: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել