Լրահոս
Օրվա լրահոսը

«7

Օգոստոս 31,2005 00:00

«7 ՐՈՊԵԻՑ ՁԵԶ ԿՄՈՏԵՆԱ ԱՐԾԱԹԱՓԱՅԼ «31» Ասում են տաքսի ծառայությունների աղջիկները: Եվ մեքենան մոտենում է 37 րոպեից: «Կյանք, պատվերդ պրծի ու մի հատ վռազ պոկվի Բանգլադեշ, էդ կնիկը մեռավ զանգելով, բաղնիքի մոտ 15 րոպե ա, սպասում ա… Յա՜խք, արա, ինչ խուժանն ես, մեծ կնիկ ա». սա ռադիոկապի միջոցով տաքսի ծառայություններից մեկի հեռախոսավարուհու եւ վարորդի խոսակցությունն է, ինչին ակամայից մասնակից է դարձել «Առավոտի» այցելուներից մեկը, որը ճանապարհին տաքսի նստելով՝ չի հարցրել ընկերության անունը: Մայրաքաղաքում ուղեւորատար միջոցների սպասարկման մակարդակը եղել եւ մնում է խիստ ցածր: Յուրաքանչյուր միջոցն էլ ունի իր անընդունելի «սպեցիֆիկ» թերությունները: Տաքսի ծառայությունները՝ նույնպես: Նախ, երբ դիմում ես որեւէ ծառայության, եթե այդ պահին որեւէ ազատ մեքենա չեն ունենում, պատվիրատուին, միեւնույն է, չեն մերժում: «Ուղիղ 7 րոպեից արծաթափայլ «31» կմոտենա». այս պատասխանը փորձված ուղեւորներին բոլորովին հավատ չի ներշնչում, քանի որ ուղարկված «31-ը» տեղ է հասնում մի քանի «7 րոպեներից», այն էլ՝ «06» կամ «24» դարձած: Նման դեպքերում հեռախոսավարուհին հաճախորդին շարունակ «ստարտի վրա» է պահում, մինչեւ մեքենաներից մեկը կազատվի, զուգահեռաբար նաեւ պատվիրատուի վրա «մուննաթ» է գալիս, թե «տաքսին սպասում ա, չեք մոտենում, կարող ա՞, սխալ տեղ եք բացատրել»: Լինում է, «ցցված» մնում ես ասված տեղում, ու մի քանի անգամ զանգելուց հետո նոր պարզվում է, որ քո հասանելիք տաքսին նստել է պատահական մեկը եւ «տարել»: Մանր չունենալու պատրվակով հավելյալ գումար պահելն էլ հայտնի «տրյուկ» է: Տաքսի ծառայությունների «գործը», անկախ ուղեւորների բողոքներից, բավականին շահավետ է: Դրանց թիվն օրեցօր ավելանում է: Այդ մասին է վկայում այն, որ 2005-ի հունվար-ապրիլ ամիսներին այդ ծառայություններից վճարած հարկերի ծավալը գերազանցում է ողջ 2003-ի ցուցանիշները: Հարկային պետական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին չորս ամիսներին տաքսի ծառայություն մատուցող 686 տնտեսվարող սուբյեկտները վճարել են մոտ 162 հազար դոլար հաստատագրված հարկ: 2003-ին այս ոլորտում գործում էր ընդամենը 390 տնտեսվարող սուբյեկտ: Սակայն ծառայությունների մատուցման որակը չի բարձրանում: Պատահական չէ, որ այսօր նման ընկերություններում հեռախոսավարուհու թափուր տեղի համար հայտարարություններում խոսք չկա կրթության կամ աշխատանքային փորձի մասին: Աշխատանքի ընդունելիս, ինչպես ամենուր, կարեւորվում են հաճելի ձայնն ու բարետես արտաքինը (վերջինս տաքսի ծառայութունների դեպքում պետք է ոչ թե պատվիրատուներին, այլ «օֆիսի տերերին»): Սա դեռ ոչինչ, բայց մեծ անհանգստության տեղիք են տալիս հատկապես վարորդներին աշխատանքի ընդունելու պահանջները՝ «ընկերությանը հարկավոր են վարորդներ՝ սեփական մեքենաներով կամ առանց մեքենաների»: Վարորդական իրավունքի կամ կարգի մասին խոսք չկա: Պետք էլ չէ: Գուցե փաստաթուղթ ունեն, բայց ավտովարորդի իրավունքի վկայականը, որպես կանոն, միայն գումարի, ոչ թե ունակությունների խնդիր է: Անգամ հանրահայտ տաքսի ծառայություններում աշխատանքի ընդունելիս վարորդական հմտությունները չեն ստուգվում, ուղեւորների անվտանգությունն էլ ոչ մեկին հետաքրքիր չէ: Որ վարորդի հետ խոսում ես, դժգոհում է՝ «քուր ջան, ես նոր եմ տաքսու վրա, կարգին գործի տեր էի, մի քիչ քշեմ, մինչեւ մի բան կփոխվի»: Օրեր առաջ նման վարորդներից մեկը՝ 20-ամյա մի երիտասարդ, պատվերն ավարտելով Անդրանիկի խուլ թաղամասերից մեկում, առանց անցորդների օգնության չէր կարողանում մեքենան տեղից պոկել: Իսկ անցորդների զարմանքին ի պատասխան ծիծաղում էր՝ «ոչինչ, քիչ-քիչ կսովորեմ»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ Հ. Գ. Մի քանի ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Տիգրան Ղազարյանը հայտնեց նոր որոշման մասին՝ տաքսի ծառայությունները պետք է անցնեն քաղաքապետարանի ենթակայության ու կարգավորման ոլորտ: Բայց դրանից դրական փոփոխություն ուղեւորը չի կարող ակնկալել՝ երթուղային տաքսիների սպասարկման որակն արդեն բավականին խոսուն փաստ է քաղաքապետարանի «ունակությունների» մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել