Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ բացեցին»

Օգոստոս 31,2005 00:00

«Ինձ բացեցին» Ճչալու են կնիքներ պարունակող տոպրակները Ապագա ընտրությունների նախապատրաստական աշխատանքները սկսվել են Ընտրական օրենսգրքի փոփոխություններից: Այս մասին հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը երեկ «Քաղաքական բանավեճի ակումբի» հրավիրած քննարկմանը: Նա մասնավորապես առանձնացրեց ընտրացուցակների կազմավորման կարգում արված փոփոխությունը. 930 համայնքների փոխարեն ընտրացուցակներն այսուհետ կազմելու է լիազոր մարմինը՝ ՀՀ ընտրողների ռեգիստրը: Գ. Ազարյանն ընդգծեց, որ այդ գաղափարը ՀՀ Ընտրական օրենսգրքում իր տեղը գտել է նաեւ ԿԸՀ-ի շնորհիվ. ճիշտ 2 տարի ԿԸՀ-ի կողմից Ինտերնետում տեղադրված էր ընտրողների ռեգիստրը, նախապատրաստական աշխատանքը ցույց տվեց, որ կարելի է ունենալ նման լիազոր մարմին, եւ այդ մասին դրույթն ամրագրվեց օրենսգրքում: Փոփոխություն է կատարվել նաեւ հանձնաժողովների կազմավորման ձեւի մեջ. կենտրոնական եւ ընտրատարածքային հանձնաժողովներում տեղ են գտել նաեւ դատավոր անդամներ: Հանձնաժողովները 2007 թ. համապետական ընտրություններից սկսած կազմավորվելու են ուսուցում անցած քաղաքացիներով: ԿԸՀ-ն նրանց ուսուցման կարգն արդեն ընդունել է եւ 2006 թ. հունվարի 1-ից սկսելու է ուսուցումը: Նախկին 46-ի փոխարեն այժմ կա 41 մեծամասնական ընտրատարածք: Նախընտրական քարոզչության հարցում ԿԸՀ նախագահը կարեւորեց պաշտոնատար անձանց կողմից սահմանափակումների վերաբերյալ դրույթը: Նա նաեւ ընդգծեց, որ ընդլայնվել են վստահված անձանց եւ դիտորդների լիազորությունները՝ համարյա հավասարվելով հանձնաժողովի անդամի լիազորություններին: Քվեաթերթիկները լինելու են համարակալված, կնիքները փոխվել են՝ դրանք լինելու են եռանկյունաձեւ, որոնք տեղադրվում են ցելոֆանե տոպրակի նման ծրարների մեջ, բացվելու դեպքում «գրվելու է՝ «ինձ բացեցին», ծրարների վրա կա նաեւ հիշեցում՝ «մինչեւ քվեարկության օրը բացելը հետապնդվում է օրենքով»: Փոխվել է նաեւ քվեարկության կարգը. միայն քվեարկելուց հետո քաղաքացին մոտենում է հանձնաժողովի անդամին, որը պետք է կնիք դնի քվեաթերթիկի վրա, ստուգելով՝ քաղաքացին տեղամասում հաշվառված է, թե ոչ, կնիքը դրվելու է ցանկացած տեղում՝ ինչպիսի դիրքով քաղաքացին քվեաթերթիկը կդնի սեղանին: ԿԸՀ-ները այլեւս արդյունքներ չեն ամփոփում, նրանք համակարգչային ցանցով տվյալներն ուղարկում են ԿԸՀ-ին, որը եւ հրապարակում է դրանք: Բանավեճի մասնակից մյուս կողմը՝ «Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանն իր դժգոհությունը հայտնեց ԿԸՀ որոշ որոշումների կապակցությամբ, որոնցից մասնավորապես մեկը սահմանափակում է դիտորդների՝ տեղամասային կենտրոնում ազատ տեղաշարժվելու իրավունքը: ԿԸՀ այդ որոշումը, ըստ դիտորդական կազմակերպության ղեկավարի, հակասում է ՀՀ Ընտրական օրենսգրքի դրույթին: Կազմակերպությանը մտահոգում է նաեւ ԿԸՀ մեկ այլ որոշման ձեւակերպումը. «ԿԸՀ-ն իրավասու է հավատարմագրված դիտորդին (կազմակերպությանը կամ կուսակցությանը) զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից»: Ըստ կազմակերպության նախագահի, Ընտրական օրենսգիրքը հստակորեն սահմանում է այդ իրավունքից զրկելու պատճառը՝ որեւէ թեկնածուի կամ կուսակցության աջակցելու դեպքում, մինչդեռ ԿԸՀ-ն սահմանել է հավելյալ դրույթներ, որոնք հակասում են Ընտրական օրենսգրքին: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել