Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

5000

Օգոստոս 31,2005 00:00

5000 ԲԱՌ «Չեմ ալարել եւ հաշվել եմ, թե քանի բառ է մեր սահմանադրությունը»,- երեկ ԱԺ արտահերթ նստաշրջանում խոստովանեց ՕԵԿ խմբակցության անդամ Մեխակ Մխիթարյանը: Պարզվեց՝ 5000, մինչդեռ մերձբալթյան երկրների սահմանադրությունները պարունակում են 1500-1800 բառ: Մեկն էլ չալարեր, եւ հաշվեր, թե քանի բառ հնչեց երեկ քննարկումների ընթացքում: … Թշնամիներից ինքս կպաշտպանվեմ Ուշագրավ փաստարկներով էին կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները պաշտպանում սահմադրական փոփոխությունների նախագիծը: «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հեղինե Բիշարյանը մասնավորապես ողջունելի համարեց, որ օրհներգի անվանում չի նշվում այդ փաստաթղթում, ուստի հիմա այն կարելի է սահմանել օրենքով (ըստ այդմ՝ օրհներգը փոխելու մտադրությո՞ւն կա): ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը որպես արժանիք նշեց այն, որ փոփոխություններով արտահերթ նստաշրջան հրավիրելու իրավունք է ընձեռվում նաեւ ԱԺ նախագահին, մինչդեռ առաջ այդ իրավունքը միայն ՀՀ նախագահինն էր, եւ այդ կապակցությամբ բողոքներ կային, որ չի հրավիրում: Ըստ նրա՝ մեկ այլ դրական փոփոխություն է, որ սահմանել են, թե զինված ուժերը չեն խառնվում քաղաքականությանը: ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը հիշեցրեց դժգոհությունները Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի աշխատանքից եւ նշեց, թե այս փոփոխություններով այն կդառնա առավել հավասարակշռված: ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանն այս կապակցությամբ խոսեց «որոշ հեռուստաընկերությունների կապուղիներից զրկելու մասին, որի վառ օրինակն «Ա1+»-ն է»: …Այս եւ չթվարկված բազմաթիվ այլ օրինակներն առիթ դարձան, որ Արտաշես Գեղամյանն իր ելույթում հայտարարեր. «Սրտա՛նց շնորհավորում եմ պարոն Քոչարյանին՝ հենարան ունես, աշխարհը չունի»: Հեռանալիս՝ չանիծեք Կոալիցիոն կուսակցությունների ելույթներում հակադիր գնահատականներ էին հնչում նաեւ գործող Սահմանադրության հասցեին: ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանն իր ելույթը սկսեց շնորհակալական խոսքերով այն մարդկանց հասցեին, ովքեր 10 տարի առաջ ընդունեցին գործող Սահմանադրությունը, որն ըստ նրա՝ որեւէ փակուղու չբերեց: Մինչդեռ ՕԵԿ խմբակցության անդամ Մեխակ Մխիթարյանը քննադատեց հիմնական օրենքը, թե «հայտնի ուժն» այն ձեւեց իր վրայով: Անգամ նույն կուսակցության ներկայացուցիչները հանդես եկան տարբեր մոտեցումներով: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, թե գործող սահմանադրությունը շատ կարեւոր երաշխիք տվեց՝ ապահովեց մեր երկրի կայունությունը ցնցումների ժամանակ: Իսկ նույն խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը զայրալից հիշեցրեց, թե 1995-ի Սահմանադրությունն ընդունվել էր այն պայմաններում, երբ կասեցված էր դաշնակցությունը: Ի վերջո՝ Արմեն Ռուստամյանն էլ խմբակցության անունից ելույթում ազդարարեց, թե գործող Սահմանադրությունը լրջագույն խոչընդոտ է երկրում որակական փոփոխություններ իրականացնելու համար: Ահա քեզ եւ հակափաստարկներ Հնչած ելույթների գերակշիռ մասը քաղաքական էր, թեեւ բազմաթիվ էին նաեւ բովանդակային անդրադարձերը: Տիգրան Թորոսյանն էր նախօրեին կարեւորում, որ սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ հանդես եկողները հիմնավորեն, թե հատկապես ինչի՛ն են դեմ: Ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչներն էլ երեկ այնքա՜ն հիմնավորումներ ներկայացրին, որ ի վերջո պրն Թորոսյանն ասաց, թե վերեւից-ներքեւ քննադատում են, հետո ասում, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն՝ կքվեարկեն կողմ: «Էս վատ փաստաթղթին ո՞նց եք կողմ լինելու»,- հեգնեց նա: Ակնարկը մասնավորապես «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Ալեքսան Կարապետյանի հասցեին էր, որն անդրադառնալով նախագծի «Նախագահն իր լիազորությունների ժամկետում եւ դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար» դրույթին՝ հայտարարեց. «Կարելի է արձանագրել, որ եթե Ռոբերտ Քոչարյանն իր իշխանավարության ընթացքում կատարել է եւ շարունակի կատարել տարբեր տեսակի կենցաղային ու այլ բնույթի իրավախախտումներ եւ հանցագործություններ, ապա նա արդեն կոալիցիայից կունենա «անձեռնմխելիության բարաթ», երեւանցիների լեզվով ասած՝ «գժի թուղթ, դրանով իսկ հասկացնելով բոլորին, որ ինչ արել եմ, եւ ինչ էլ անե՝ «ատվիչա» չեմ, հետո չնեղանաք»: Փոփոխությունների նախագծի 57 հոդվածում նախատեսվում է. «Եթե Սահմանադրական դատարանի եզրակացությամբ ՀՀ նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է ԱԺ քննարկումից»: Ալեքսան Կարապետյանի մեկնաբանությունն այս կապակցությամբ հետեւյալն էր. «Պարզվում է, որ ժողովրդի կողմից ընտրված ԱԺ 131 պատգամավորների նկատմամբ վստահությունն ավելի քիչ է, քան ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահի կողմից նշանակված ՍԴ 9 անդամների»: ՄԱԿ-ը կողմ է, բայց… ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչները, որոնք արդեն ազդարարել են, թե կողմ են քվեարկելու այս նախագծին՝ երեկ այնուամենայնիվ հանդես եկան քննադատությամբ: Ասենք, Գրիգոր Ղոնջեյանը բացթողում համարեց քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե հրավիրելու դրույթի բացակայությունը, Երեւանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման «անարդարացիորեն ձգձգված ժամկետը» եւ այլն: ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը մատնանշեց նախագծում առկա հակասությունները, բովանդակային եւ տրամաբանական անճշտությունները, ուղղակի հայերենի չիմացության ապացույցները: Մի օրինակ մեջբերենք՝ Սահմանադրության 75-րդ հոդվածում արձանագրված է, թե օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատգամավորներինը եւ կառավարությանն է, իսկ 82-ում, թե ԱԺ-ն կառավարության առաջարկությամբ «սահմանում է հանրապետության վարչատարածքային բաժանումը»: Ըստ Գուրգեն Արսենյանի՝ սրանից հետեւում է, որ պատգամավորները զրկված են վարչատարածքային բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն իրականացնելու իրենց սահմանադրական իրավունքից: Ինչպե՞ս են քվեարկելու Նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելիք հոդվածները քվեարկության են դրվելու այսօր: «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը խմբակցության անունից ելույթում երեկ հայտարարեց, թե հաշվի առնելով, որ գործող Սահմանադրության համեմատ ներկայացվող նախագիծն այնուամենայնիվ մեկ քայլ առաջ է, խմբակցությունն ասում է «այո»՝ պայմանով, որ բոլոր պատգամավորները վայր դնեն մանդատները եւ վաղաժամկետ դադարեցնեն իրենց լիազորությունները: Առաջարկը մերժվեց, եւ «ԱՄ»-ն հայտարարեց, թե բոյկոտելու է քվեարկությունը: «Արդարություն» խմբակցության անդամ Շավարշ Քոչարյանը ելույթում նշեց, թե հասել ենք այն վիճակին, որ ԱՄՆ դեսպանը Հայաստանը համեմատում է Իրաքի հետ: Հիշեցնենք, որ արտահերթ նստաշրջանի կապակցությամբ Ջոն Էվանսը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր. «Այսօր Իրաքում մշակվում է սահմանադրություն, ու մենք տեսնում ենք, որ դա, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների նախապատրաստումը, երկարատեւ ու աշխատատար գործընթաց է»: Շավարշ Քոչարյանն առաջարկեց մտածել այս համեմատության մասին եւ հայտարարեց, թե ում բավարարում են նման գնահատականները՝ թող քարոզի այս նախագծի օգտին: Խմբակցության անունից ելույթում նա նշեց, որ եթե ընդդիմությունն անգամ կոչ աներ «այո» ասել՝ ժողովուրդը կողմ չէր քվեարկի մի նախագծի, որը ոչ թե քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների հետ երկխոսության, այլ միայն՝ «անօրինական նախագահի եւ արտաքին ուժերի համաձայնության արդյունք է»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել