Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես պաշտպանել մեր ժողովրդին մեր եթերից

Օգոստոս 31,2005 00:00

Տեղեկատվական անվտանգության խնդիրներից մեկը

Ինչպե՞ս գրել հայ-վրացական, հայ-ռուսական, հայ-թուրքական կամ այլ հարաբերությունների մասին, որպեսզի մի կողմից դրանք արտացոլեն իրականությունը, մյուս կողմից՝ չվնասեն մեր պետական շահերին, ինչպե՞ս լուսաբանել տեռորիզմը՝ չգովազդելով տեռորիստներին, տպագրե՞լ, թե՝ չտպագրել պետական գաղտնիքը, եթե այն արդեն հասու է դարձել… Այս եւ այս կարգի այլ հարցերի պատասխաններն էին փորձում գտնել երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված հերթական քննարկման մասնակիցները:

ՌԱՀՀ կենտրոնի փորձագետ Ալվարդ Բարխուդարյանը, ներկայացնելով տեղեկատվական անվտանգության հին եւ նոր մարտահրավերները, նշեց, որ նախկինում եղած մարտահրավերներին՝ խոսքի ազատության սահմանափակում, ԶԼՄ-ների եւ լրագրողների վրա ճնշում, նրանց բնականոն աշխատանքի խոչընդոտում եւ այլն, ապա 21-րդ դարում դրանց են գումարվել ավելի արդիական պրոբլեմներ՝ համակարգչային վիրուսներ, խակերների պատերազմ, կիբեր-հանցագործություններ եւ այլն: Տիկին Բարխուդարյանը, հիշեցնելով մի շարք երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում վերջին շրջանում «տեղեկատվական անվտանգությունն» ապահովելու նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին՝ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի, հայեցակարգերի մշակում, պետական կառույցներում տեղեկատվական ստորաբաժանումների քանակի աճ եւ այլն, նկատեց, որ դրանց արդյունքում ԱՄՆ մի շարք հեռուստաընկերություններ խորհրդակցում են ԱՄՆ ղեկավարության հետ՝ վիճելի քաղաքական սյուժեների հեռարձակումից առաջ, իսկ ՌԴ-ում սկսվեց ԶԼՄ-ների վրա աննախադեպ ճնշում:

Այս հարցերին անդրադառնալով, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը բերեց տեղեկատվական անվտանգությանն առնչվող միջազգային տարբեր փաստաթղթերում ամրագրված դրույթների օրինակներ, եւ ապա զուգահեռ անցկացրեց դրանց եւ մեր՝ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի միջեւ: Վերջինում միայն արգելքներ եւ սահմանափակումներ են, այնինչ միջազգային փորձը այլ օրինակ է ցույց տալիս:

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի խոսքերով, տեղեկատվական անվտանգության հայտնի խնդիրների կողքին, Հայաստանի համար կա եւս մի լուրջ սպառնալիք. «Ամենավտանգավորն, իմ կարծիքով, մեր հասարակության հիմարացման շարունակվող գործընթացն է, որին մեծապես նպաստում են հեռուստաընկերությունները: Առանց չափազանցության, դա ազգային անվտանգության խնդիր է՝ տգետ, անկիրթ մարդը չի կարող լինել նորմալ քաղաքացի: Չի կարող ապահովել իր երկրի առաջընթացը: Եվ այդ պրոցեսն իր մեջ իներցիա է պարունակում: Թերթ եւ գիրք չկարդացող, իրենց ուղեղները միայն սերիալներով եւ գյուղական ինքնագործունեության նմուշներով լցնող մարդկանց երեխաները նույնպես մտքի պոռթկումներ չեն ունենա: Բայց թե որտեղ է այս մի վտանգի լուծումը՝ ես չգիտեմ»:

Այս կապակցությամբ նախկին նախարար Վահան Շիրխանյանն ավելացրեց. «Տեղեկատվության անվտանգության ամենամեծ թշնամին ապատեղեկատվությունն է: Եթե ապատեղեկատվության հեղինակը անձ է՝ դեռ ոչինչ, բայց եթե մի ամբողջ պետություն է, ապա դա սպառնալիք է ազգային անվտանգությանը: Հասարակության հիմարացումը ոչ միայն սերիալների, այլեւ ապակողմնորոշման, երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրական վիճակը սխալ ներկայացնելու հետեւանք է: Մեր ամենամեծ խնդիրն այսօր մեր ժողովրդին մեր եթերից պաշտպանելու մեջ է»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել