Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ ՉԷ»

Օգոստոս 31,2005 00:00

Նման
յուրահատուկ կարծիք ունի Նուբարաշենի գործող թաղապետ Ռոբերտ Ասատրյանը Երեկվանից
Երեւանի Էրեբունի, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում մեկնարկել է թաղապետերի
նախընտրական քարոզարշավը: Առաջինն ուր մենք այցելեցինք՝ Նուբարաշեն համայնքն էր:
Նուբարաշենը Երեւանում բնակչության թվով՝ շուրջ 10 հազար, ամենափոքր համայնքն է:
Ունի մոտ 6 հազար 400 ընտրող եւ ընդամենը 4 ընտրատեղամաս: Երեկ Նուբարաշենում
առաջադրված թեկնածուներից մեկը՝ Մհեր Հովհաննիսյանը, մեր տեղեկություններով հանդիպում
էր ունենալու ընտրողների հետ: Ցավոք, նրա հետ զրուցելու ժամանակ չունեցանք, փոխարենը
ձեռք բերեցինք թեկնածուի նախընտրական բուկլետը, որն առաջին հայացքից հիշեցրեց 2003-ի
նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի կարգախոսը: Եվ եթե 2003-ին Ռ. Քոչարյանը
իր ընտրողներին առաջարկում էր աշխատել միասին, ապա՝ Մ. Հովհաննիսյանը նուբարաշենցիներին
կոչ է անում՝ «Արարենք միասին»: Մ. Հովհաննիսյանն ընդամենը 26 տարեկան է,
մասնագիտությամբ՝ ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ, ավարտել է Սանկտ Պետերբուրգի Արտաքին
կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Աշխատել է Նուբարաշեն եւ Արաբկիր համայնքների
թաղապետարաններում, «Գայանե» բարեգործական հիմնադրամի բարեգործների վարչության խորհրդի
պատվավոր անդամ է, թեեւ Նուբարաշենում այդ կազմակերպության գոյության մասին տեղյակ
չեն: Ի՞նչ է խոստանում Մ. Հովհաննիսյանը, որը Նուբարաշենում հայտնի է որպես «թաղի
տղա»: Շատ լավ բաներ՝ ինչպիսիք սովորաբար իրենց նախընտրական ծրագրերում ներկայացնում
են թաղապետի եւ պատգամավորության բոլոր թեկնածուներն անխտիր: Խոստումների
իմաստով ավելի սակավախոս թվաց գործող թաղապետ Ռոբերտ Ասատրյանը, որն, ինչպես պարզվեց,
չի շտապում նախընտրական շտաբ ստեղծել, առավել եւս քարոզչական բուկլետներ ու իր մեծ
դիմանկարով պաստառներ փակցնել համայնքի խանութների ու շինությունների պատերին: Ռ.
Ասատրյանն ասում է, որ համայնքում իրեն վաղուց են ճանաչում եւ քարոզչական պաստառներով
չէ, որ իրեն գնահատելու են: «Մարդիկ Նուբարաշենում իրար այնքան լավ են ճանաչում,
որ կարծում եմ, նրանք իրենց ընտրությունն արդեն վաղուց են արել՝ նկատի ունենալով
առաջադրվող թեկնածուներին»,- մեր զրույցի ժամանակ ասաց գործող թաղապետը: 1996-ից
ի վեր Ռ. Ասատրյանն, իր ասելով, արդար ընտրություններում, ընտրվել է Նուբարաշեն համայնքի
թաղապետ եւ համոզված է, որ այս ընտրությունները նախորդներից արդյունքի տեսանկյունից
չեն տարբերվելու: Ռ. Ասատրյանը համոզմունք հայտնեց, որ «եթե իշխանությունները, ժողովուրդն
ու թեկնածուները պատրաստ են արդար ընտրությունների, ուրեմն՝ արդար ընտրություններ
կլինեն: Չեմ կարծում, որ այդ ընտրությունների ժամանակ կեղծիքներ կլինեն: Առավել եւս
չեմ հավատում, որ որեւէ թեկնածուի մտքով կանցնի կեղծել ընտրությունների արդյունքները»:
Մեր այն հարցին, թե՝ ո՞վ է կանգնած Ռ. Ասատրյանի թիկունքին, գործող թաղապետն
ասաց. «Չեմ թաքցնում, որ բոլոր ընտրություններում եւ միշտ աջակցել եմ Հանրապետական
կուսակցությանը: Կարծում եմ, հիմա էլ նրանք ինձ կաջակցեն: Բայց անկախ ամեն ինչից,
վերջին հաշվով, ես նախապատվությունը տալիս եմ ժողովրդի կողմից աջակցություն ստանալուն:
Ես ակնկալում եմ, որ հատկապես ժողովուրդն ինձ, այսպես ասած, «դաբրո» կտա, բայցեւ
չեմ կարծում, որ իշխանությունները դեմ կլինեն իմ վերընտրությանը»: Ի դեպ, այս համայնքում
ե՛ւ 1998-ի, ե՛ւ 2003-ի նախագահական ընտրություններում հաղթել է Ռոբերտ Քոչարյանը,
իսկ խորհրդարանական ընտրություններում առավելագույն քվեները ստացել է հենց ՀՀԿ-ն:
1998-ին Ռ. Քոչարյանն 1-ին փուլում Նուբարաշենում ստացել է 52 տոկոս ձայն, իսկ 2-րդ
փուլում՝ մոտ 70 տոկոս, 2003-ին՝ 1-ին փուլում մոտ 58 տոկոս ձայն, իսկ 2-րդ-ում՝
75,8 տոկոս ձայն: Ի դեպ, Երեւանում, ըստ Ռ. Ասատրյանի, այդ ցուցանիշն ամենաբարձրն
է եղել: Գործող թաղապետի ասելով, դա նաեւ համայնքում ունեցած իր հեղինակության շնորհիվ
է ապահովվել: Հայտնի է, որ թեկնածուներից մեկին՝ Մ. Հովհաննիսյանին աջակցում
է գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Հիմա Մ. Հովհաննիսյանի եւ Գ. Ծառուկյանի
ֆինանսնե՞րն են հաղթելու առաջիկա ընտրություններում, թե՞ Ռ. Ասատրյանն իր (ինչպես
ինքը ներկայացրեց) ժողովրդականությամբ: «Ես չեմ կարծում, որ ձեր ասած գործարարը մեր
համայնքում որեւէ թեկնածուի պաշտպանում է: Կարծում եմ, նա՝ որպես գործարար, շատ աշխատակիցներ
ունի, եւ եթե նրանցից որեւէ մեկը որոշի իր թեկնածությունն առաջադրել ավագանու, թաղապետի,
պատգամավորի պաշտոնում, այդ գործարարը պարտավո՞ր է աջակցել: Ո՞վ ասաց, որ գործարարները
պարտավոր են աջակցել իրենց աշխատակիցներին եւ պատասխանատվություն կրել նրանց հաջողությունների
կամ անհաջողությունների համար: Մյուս կողմից, եթե իմ մրցակիցները փող են բաժանելու՝
թող բաժանեն: Ժողովուրդն իմաստուն է, նա կարող է վերցնել այդ գումարը, որովհետեւ
վատ է ապրում, բայց նա նաեւ արժանապատվություն ունի եւ, ի վերջո, ճիշտ ընտրություն
կկատարի: Ընտրակաշառքը դեռ հաջողության գրավական չէ»,- հայտարարեց Ռ. Ասատրյանը:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել