Լրահոս
Օրվա լրահոսը

2 «ՈՍԿԻ», 2 «ԱՐԾԱԹ», 4 «ԲՐՈՆԶ»

Օգոստոս 30,2005 00:00

2 «ՈՍԿԻ», 2 «ԱՐԾԱԹ», 4 «ԲՐՈՆԶ» Ծանրամարտի հիմքերը Հայաստանում կարծես թե ամուր են Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը Հայաստանի տղաների եւ աղջիկների հավաքականները գերազանց արդյունքով եզրափակեցին: Ութ հոգուց բաղկացած մեր տղաների հավաքականը 30 երկրների մրցապայքարում թիմային հաշվարկով գրավեց 2-րդ պատվավոր տեղը, իսկ Հայաստանի աղջիկները ճանաչվեցին 6-րդը, թեեւ Սոֆիայում մրցահարթակ մտան միայն երկուսը (մեր երրորդ մարզուհին վնասվածքի պատճառով մրցման չմասնակցեց): Տղաների արդյունքներն այսպիսին են. Տիգրան Մարտիրոսյան (69 կգ)՝ 1-ին տեղ, Դավիթ Մուրադյան (56) եւ Սեւակ Սահակյան (85)՝ 2-րդ, Ռուբիկ Մամուլյան (50), Աղվան Մելիքյան (77) եւ Արամ Անդրիկյան (69)՝ 3-րդ, Առաքել Միրզոյան (62)՝ 4-րդ, Աղասի Աղասյան (62)՝ 6-րդ: Ընդ որում, ինչպես երեկ տեղեկացրեց ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ Տիգրան Մարտիրոսյանը, որ Սոֆիայում սահմանեց չորս ռեկորդ, արժանացավ մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի հատուկ մրցանակի, քանի որ նրա ռեկորդներից մեկը Եվրոպայի ծանրամարտի ամբողջ պատմության մեջ հոբելյանական՝ 10 հազարերորդն էր: Ինչ վերաբերում է մեր աղջիկներին, Մելինե Գալուզյանը ոչ միայն 58 կգ քաշային կարգում նվաճեց Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը, այլեւ ճանաչվեց Հին աշխարհամասի լավագույն պատանի ծանրորդուհի: Իսկ Աննա Գովելյանը բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին: Եվ վերջում տեղեկացնենք, որ տղաներին այս մրցումներին նախապատրաստել էր Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Աշոտ Մխիթարյանը, իսկ աղջիկներին՝ Արտաշես Ներսիսյանը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել