Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողները

Օգոստոս 30,2005 00:00

Ծնողները չեն տիրապետում կանոնների լեզվին Այս օրերին Հանրապետական ընդունող հանձնաժողովում շարունակվում է լրացուցիչ մրցույթի համար դիմումների ընդունումը: Դրանք այն տեղերն են, որոնք համակարգում թափուր են մնացել: Տեղերի թիվը մոտ 120-ն է, սակայն, ինչպես արդեն նշել է ԿԳ նախարարը, կարող է ավելացվել՝ ըստ անհրաժեշտության: Երեկ ՀԸՀ պատասխանատու քարտուղար Վաղարշակ Խաչատրյանը տեղեկացրեց, որ արդեն 1200-ից ավելի դիմում կա, իսկ ընդունումը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 4-ը: «Դիմում-հայտում նշված մասնագիտությունների շրջանակում բուհերը վերաբաշխում են կատարում: Դիմորդը միայն նշում է իր քննաթերթի համարը, մնացածը համակարգչային բազայում կա, վերաբաշխումը կատարվում է համակարգչի միջոցով»,- տեղեկացրեց պրն Խաչատրյանը: Բացի դիմումներ ներկայացնողներից, հանձնաժողովում քիչ չեն նաեւ բողոքողները: Վաղարշակ Խաչատրյանը ասում է, որ դիմորդներն ու նրանց ծնողներն այդքան չեն բողոքի, եթե միայն կարդան «Դիմորդ 2005»-ը եւ ընդունելության կանոնները: Ստեփանավանից եկած Շահվերդով Պապիկյանը երեկ հանձնաժողովում ի ցույց դնելով «Կրթություն» թերթում հրատարակված՝ «ՀՀ բուհերի 2005 թ. առկա ուսուցման ընդունելության կանոնները», եւ մասնավորապես դրա 22-րդ կետը, պնդում էր, որ իր որդին արժանի է մասնակցել լրացուցիչ մրցույթին՝ դպրոցից բերած ատեստատի 20 միավորով. «Կանոններում ոչինչ չի ասվում այն մասին, որ 2 քննություն հանձնած դիմորդն առավելություն ունի մեկ քննություն հանձնողի նկատմամբ: Արդյունքում իմ որդին 28 միավորով հետ է մնում 23, 24 միավոր ստացած դիմորդներից»: Շ. Պապիկյանի որդին 8 միավոր է ստացել քիմիայից, իսկ 20-ը նրա ատեստատի ֆիզիկա առարկայի գնահատականն է: Ծնողը պայքարում է գյուղակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետի համար: Պրն Խաչատրյանը պարզաբանեց, որ դպրոցից բերված գնահատականը կարող է գործել միայն թափուր տեղեր լինելու դեպքում: Այսինքն՝ բոլոր մասնագիտությունների գծով, որոնց քննության առարկաների ցանկում նշված է 2 աստղով առարկաներ՝ այդ մասնագիտությունների գծով վճարովի համակարգում թափուր տեղեր ունենալու դեպքում է միայն դպրոցի գնահատականը պիտանի: Սակայն կանոններում չի նշվում, որ մրցույթին պետք է մասնակցեն 2 քննություն հանձնողները, հետո միայն՝ 1-երը: «Տեղը թափուր է մնում այն դեպքում, երբ բոլոր 2 քննություն հանձնողները անցնում են, եւ էլի թափուր տեղ է մնում»,- բացատրում է պատասխանատու քարտուղարը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել