Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԱԶԻԿՆԵՐՈՎ»՝

Օգոստոս 30,2005 00:00

«ՏԱԶԻԿՆԵՐՈՎ»՝ ԴԵՊԻ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԼԱՎԱՑՈՒՄ Գները եւ պայմանները Հայաստանի հանգստյան տներում Միջին վարձատրությամբ ապրող հայաստանցին ի վիճակի չէ իր վաստակով իր մեկամսյա հանգիստն անցկացնել նույնիսկ միջինից ցածր պայմաններով հանգստյան տներում կամ պանսիոնատներում: Լավագույն դեպքում՝ իր 100-150 դոլարը կբավականացնի մեկշաբաթյա հանգստի համար: Նույն խավի համար իրատեսական չէ անգամ տարվա ընթացքում իր աշխատավարձի խնայողությամբ փորձել մեկամսյա ոչ շքեղ հանգիստ անցկացնել: Հանրապետության հայտնի հանգստավայրերում մեկ օր անցկացնելու արժեքն սկսում է 5000 դրամից՝ տարբեր պայմաններով: Օրինակ, առողջության համար օգտակար «տաք ջուր» վայրով հայտնի Հանքավանի մի քանի պանսիոնատներում խորհրդային տարիների գույքով կահավորված սենյակի մեկ օրվա արժեքը 5000-7000 դրամ է: Երբեմն դրա մեջ մտնում է օրը 4 անգամ սնունդ, փոխադրելը անվճար է, օրը մեկ անգամ հանգստացողներին իրենց հաշվին տանում են «տաք ջուր», երբեմն՝ ոչ: Սակայն Հանքավանի 5000 դրամանոց պանսիոնատներում հիմնականում բացակայում է «իսկական» տաք ջուրը, որն անհրաժեշտ է ամենօրյա լոգանքի համար: Նման դժգոհությունների դեպքում «սիրտը կախ» պոտենցիալ հանգստացողին տուրիստական գրասենյակներից մեկի աշխատակիցն առաջարկեց ջրատաքացուցիչ վերցնել՝ տազիկներով էլ իրենք կապահովեն, կամ էլ, ցանկության դեպքում՝ օգտվել ընդհանուր բաղնիքից: Այս ամառ Հանքավանի մեկ այլ առողջարանում կարելի էր հանգստանալ միայն բուժման կուրսն ընդունելու պարագայում, ինչն օրական արժեր 6600 դրամ: Սակայն այստեղ էլ է բացակայում «իսկական» տաք ջուրը: Դիլիջանի հանգստյան տներում մեկ անձի համար ուղեգրի արժեքը 7000-ից 8500 դրամ է՝ օրը 3 անգամ սննդով, մշտական տաք ջրով: Այստեղի հանգստյան տների մեծ մասը, որոնք ներկայացվում են որպես եվրավերանորոգված, իրականում վերանորոգման այդ տեսակի հետ ոչ մի աղերս չունեն՝ կահավորված են խորհրդային տարիներից մնացած գույքով, որպես կանոն՝ խոնավ ու կեղտագույն անկողիններով: Սակայն Դիլիջանում ամեն ինչ փոխհատուցվում է չնաշխարհիկ բնությունով: Արզնիում բնությամբ հիանալու եւ մի քիչ ավելի տանելի պայմաններում քնելու արժեքն սկսվում է 8700 դրամից: Այստեղ հիմնականում առաջարկում են օրը 4 անգամ սնունդ, վերանորոգված սենյակ, մշտական տաք ջուր: Արզնիի մեկ այլ հանգստյան տանը օրը 11 հազար դրամ են պահանջում՝ 4 անգամ սննդի, վերանորոգված սենյակի, մշտական տաք ջրի դիմաց: Սակայն ամռան պիկ օրերին, երբ հանրապետության հանգստյան տների մեծ մասը ծանրաբեռնված է, Արզնիի հանգստյան տներում ազատ սենյակներ լինում են: Աղվերանում տանելիի ձգտող պայմաններն՝ առանց սննդի ու տաք ջրի, առաջարկում են օրը 4000 դրամով: Այսպիսի հանգստյան տներում գերակշիռ մեծամասնությամբ բացակայում են սաունա, լողավազան, մարզասրահ, իսկ քաղաքներում՝ դիսկոտեկա եւ այլ նմանատիպ հասկացությունները: Ծաղկաձորում ամեն ինչ ավելի թանկ է՝ մոդայիկ է այնտեղ հանգստանալը, բացի այդ, ենթակառուցվածքներն ավելի զարգացած են: Այստեղ առանց սննդի ու մշտական տաք ջրի սենյակների գներն սկսվում են 5000 դրամից, իսկ սենյակների գները տատանվում են անգամ կախված «աշխարհագրական դիրքից»: Իսկ ընդհանրապես Ծաղկաձորում «տեսականին» կամ ընտրության հնարավորությունները համեմատաբար մեծ են, եւ գները հասնում են օրական մինչեւ 100 դոլարի: Ջերմուկում եւս մնացած տեղերից թանկ է: Սրան զուգահեռ՝ համապատասխան գործակալություններն ինֆորմացիային չեն տիրապետում: Պատահում է՝ մի հանգստյան տան հետ աշխատում է 10-15 գործակալություն, մեկի ինֆորմացիան մյուսինի հետ չի համապատասխանում, շատ հաճախ ընդամենը զանգով են շփված լինում հաճախորդին առաջարկվող հանգստյան տան «հետ», ականատեսի աչքով չեն տեղյակ իրական պայմաններին, որ գոնե հաճախորդին նկարագրեն՝ մաքո՞ւր է, թե՞ ոչ: Այս ամենով հանդերձ, սեզոնին՝ ամռանը (նաեւ Ամանորին) Ծաղկաձորի, Հանքավանի, Դիլիջանի, Աղվերանի, Ջերմուկի պանսիոնատները լեփ-լեցուն են: Ու տեղեր գտնելու համար մեծ մասամբ պետք է սպասես թեկուզ մինչեւ արձակուրդիդ ավարտը կամ ծանոթներ գտնես, կամ էլ ամռանը հանգստանալու համար համարյա ձմեռվանից տեղեր պատվիրես: Այս ամենը, իհարկե, վկայում է կենսամակարդակի որոշակի աճի մասին. ընդամենը մի տասը տարի առաջ պանսիոնատները մաշվում էին մարդ չտեսնելուց ու դատարկությունից: Սակայն մարդկանց թեկուզ մեկշաբաթյա հանգիստը մարդավայել անցկացնելու համար անհրաժեշտ է մեծ թափով կարգի բերել պանսիոնատները, ստեղծել զբաղմունքի վայրեր, ինչը իր ազդեցությունը կունենա մարզերի բնակչության կենսամակարդակի վրա եւս, այլ կերպ ասած՝ փողի որոշակի զանգված մայրաքաղաքից կտեղափոխվի մարզեր: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել