Արհամարհանք Եթե խոսելու լինենք Ռուսաստանի արեւելյան մայրաքաղաք հորջորջվող Կազանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, ապա դրանց շրջանակներում միակ թեման, որին չարժե անդրադառնալ, դա Քոչարյան-Ալիեւ հանդիպումն էր: Եվ ոչ միայն այն պատճառով, որ հերթական անգամ արդեն ձանձրալի դարձած ֆորմատով եւ ոչ պակաս ձանձրալի դարձած լավատեսական զուսպ գնահատականներով ուղեկցվող այդ հանդիպումը որեւէ արդյունք չգրանցեց: Հարցն այն է, որ մի քանի օրերի ընթացքում Կազանում ծավալված, արտաքուստ գուցեեւ ոչ այնքան լուրջ թվացող VIP միջոցառումները (ձիարշավ, ուտուշ-խմուշ եւ այլն) կամ, ավելի ճիշտ, դրանց բարձրաստիճան մասնակիցներին լուսաբանելու՝ ռուսական առաջատար լրատվամիջոցների ընտրած կերպը այլ՝ առավել հետաքրքիր բաների մասին խորհրդածելու առատ նյութ է տվել: Թվարկենք, թե հատկապես ինչն է մեզ հետաքրքիր թվացել: Նախ, ինչպես արդեն ակնարկեցինք, միայն ռուսական հեռուստաընկերությունների պահվածքն ինչ ասես արժեր: Գաղտնիք չէ, որ դրանք վաղուց ի վեր պաշտոնականից տարբերվող տեսակետներ եւ գնահատականներ չեն հնչեցնում: Եվ ահա, այդ, ըստ էության, պաշտոնական հայացքով էլ նրանք գնահատեցին, տնտղեցին եւ լուսաբանեցին ում ասես, բացի Հայաստանը ներկայացնող Քոչարյանից: Իսկ դա, անկասկած, որոշակի վերաբերմունք էր տվյալ ղեկավարի եւ այն՝ ոչ բարով գործընկեր երկրի նկատմամբ, որը վերջինս ներկայացնում է: Միայն չկարծեք, թե ռուսական «1Ալիքը» կամ «Ռոսսիան» փոխարենը մի հանգի վատաբանում էին գունավոր հեղափոխությունների հայտնի հերոսներ, ու հենց այդ հանգամանքով էլ՝ Կրեմլի աչքի փշեր Սահակաշվիլուն եւ Յուշչենկոյին: Ամենեւին: Տեսախցիկներն ամեն քայլափոխի հետեւում էին նրանց, իսկ կադրից դուրս հնչող լրագրողների հարգալից ձայները պատմում էին, օրինակ, այն մասին, թե որ VIP կոտեջում է բնակվում Սահակաշվիլին, ինչ հագուստ էր կրում նա Կազանի օդանավակայանում վայրէջք կատարելու պահին եւ ինչ մակնիշի էր նրան սպասարկող ինքնաթիռը: Ինչպես արդեն նշեցինք, տեսախցիկներից «որբ» չմնաց նաեւ Յուշչենկոն: Մի բավականաչափ տեւական շրջան ռուսական եթերն ուղղակի պայթում էր իր երբեմնի քաղաքական ոսոխի՝ Ուկրաինայի ներկայիս նախագահի հասցեին Պուտինի հնչեցրած հույժ հարգալից արտահայտություններից: Լուրջ բաժին հասավ նաեւ Իլհամ Ալիեւին, ու ոչ միայն՝ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած պլանային հանդիպման կոնտեքստում: «Վեստիի» կիրակնօրյա ամփոփիչ թողարկման մեջ մի ամբողջ փառաբանական հատված նվիրված էր ԲԹՋ նավթամուղի հիմնական կրող, ՆԱՏՕ-ի մերձավոր հարավկովկասյան գործընկեր Ադրբեջանի նախագահ Ալիեւին եւ նրա «գեղեցկուհի տիկին Մեհրիբանին»: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ