Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՌՅԱԼ

Օգոստոս 30,2005 00:00

«ՄԵՌՅԱԼ ՀՈԳԻՆԵՐ» ԵՎ ՉԳՐԱՆՑԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐ Արդյո՞ք իշխանությունը շահագրգռված է «մաքրել» ընտրացուցակները Սեպտեմբերի 18-ին եւ 25-ին Երեւանի մի քանի համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես որեւէ այլ մակարդակի, այնպես էլ ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական փուլում կարեւորագույն նշանակություն ունեն ընտրացուցակները, որոնք տակավին ճշգրտման կարիք ունեն: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, դրանք այսօր դեռեւս խայտառակ վիճակում են. մասնավորապես Էրեբունի, Նուբարաշեն եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում: Իհարկե, նշված համայնքների ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները եւ գործող թաղապետերը, որոնք սպասարկելու են առաջիկա ՏԻՄ ընտրությունները, հույս հայտնեցին, որ սահմանված կարգով, ընտրություններից երկու օր առաջ, տեղամասերում փակցվելիք ընտրացուցակները եթե ոչ կատարյալ, ապա՝ նորմալ վիճակում կլինեն: Առայժմ թաղապետարանները համագործակցում են համայնքներում ոստիկանական բաժինների անձնագրային բաժանմունքների հետ՝ ընտրացուցակները ճշգրտելու համար: Բանն այն է, որ նոր «Ընտրական օրենսգրքով» ընտրացուցակների ճշգրտման ուղղությամբ տարվող աշխատանքները վստահված են հենց համայնքների անձնագրային բաժիններին: Հիշատակված բոլոր համայնքների ընտրական տեղամասերի ընտրացուցակներն առայժմ ընտրատեղամասի տարածքում գտնվող եւ ցուցակներում ընդգրկված բնակավայրերի եւ ընտրողների բավականին մեծ անհամապատասխանություններ են պարունակում: Ինչպես նախորդ այլ ընտրությունների դեպքում էր, այս պարագայում էլ ընտրացուցակներում մեծ թիվ են կազմում «մեռած հոգիները» եւ հանրապետությունում չգտնվող, բայց որպես ընտրող հաշվառված քաղաքացիները: Ընտրացուցակները ճշգրտման կարոտ են նաեւ Կենտրոն եւ Արաբկիր համայնքներում: Իսկ Քանաքեռ-Զեյթունում, օրինակ, մասնավորապես Ներքին Զեյթուն թաղամասում գտնվող թիվ 171 մանկապարտեզում, որտեղ պետք է լիներ 1800-2000 ընտրող, ընտրացուցակում ներկայացված է ընդամենը 350 ընտրող։ Զեյթունի թիվ 181 եւ 190 մանկապարտեզներում տեղակայված ընտրատեղամասում շուրջ 1900 ընտրողի փոխարեն փակցված է համապատասխանաբար ընդամենը 650 եւ 960 ընտրողի ցուցակ: Կան նաեւ միանգամայն հակառակ պատկեր ներկայացնող տեղամասեր՝ դարձյալ Զեյթուն թաղամասում. 1700 ընտրող ունեցող ընտրատեղամասի ընտրացուցակում ընդգրկված է շուրջ 4000 ընտրող եւ այլն: Այս համայնքում ընտրացուցակներում եղած անճշտություններն անհանգստացնում են գործող թաղապետի թեկնածուի թիմակիցներին, որովհետեւ, նրանց կարծիքով, այնտեղ, որտեղ գործող թաղապետ Ռուբեն Սինոյանն ավելի ուժեղ է համարվում ընտրացուցակներում ընդգրկված ընտրողների թիվը նվազեցված է։ Իսկ Նուբարաշենի գործող թաղապետ Ռոբերտ Ասատրյանը ցուցակներում եղած անճշտություններին հանգիստ է վերաբերվում եւ դրանում միտում չի տեսնում: Ռ. Ասատրյանը դրանք բացատրում է նախկինում ցուցակները կազմած պատասխանատուների անփութությամբ: Իհարկե, փորձագետներն առանձնակի հույսեր չեն փայփայում, թե ՏԻՄ ընտրություններում, ընդ որում՝ ոչ միայն Երեւանի, այլեւ մարզային համայնքներում, ընտրացուցակները կարգի կբերվեն, որովհետեւ այդ նույն ընտրացուցակներով սպասարկվելու է նաեւ նոյեմբերի 29-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն: Հանրաքվեի ընդունման համար անհրաժեշտ է լինելու, որ ՀՀ չափահաս քաղաքացիների՝ ասել է թե, ընտրական իրավունքն ունեցողների 1/3-ը հանրաքվեին «այո» ասի: Եթե նկատի ունենանք, որ այսօր ՀՀ-ում, ըստ պաշտոնական եւ ուռճացված տվյալների, կա մոտ 2 մլն.?200 հազար ընտրող, ապա՝ հանրաքվեն անցկացնելու համար իշխանություններին անհրաժեշտ է լինելու ընտրողների ավելի քան 70000-ի հավանությունը: (Հիշեցնենք, որ 2003-ի մայիսին սահմանադրական փոփոխություններին «կողմ» էր արտահայտվել ընտրողներից ընդամենը 563.000-ը եւ «դեմ» 555.000-ը, որի արդյունքում հանրաքվեն տապալվել էր): Փորձագետների հետեւությունն այս է. եթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրացուցակները համապատասխանեցվեն ՀՀ-ում իսկապես առկա ընտրողների թվին՝ դրանք մաքրելով «մեռած հոգիներից», ապա՝ ընտրողների թիվը զգալիորեն կպակասի: Արդյունքում՝ իշխանությունները ստիպված կլինեն խոստովանել, որ 2003-ից ի վեր կամ արտագաղթի աճ է գրանցվել, կամ՝ 2003-ի ընտրություններին մասնակցածների թիվն ուռճացված է եղել: Մի բան, որ գործնականում անհավանական է: Ինչ մնում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, առավելագույնը, ինչ կանեն իշխանությունները ընտրացուցակները կարգի բերելու համար՝ ընտրատեղամասերի տարածքում գտնվող եւ տեղամասերի ցուցակներում ընտրողների թվի տեղաշարժն է լինելու: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել