Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսային հոգեորսությունը նոր թափ է առել

Օգոստոս 30,2005 00:00

Զրույց Եհովայի վկայի հետ «Եհովայի
վկաներ» կազմակերպության՝ նոր համախոհներ գտնելու տարածված ձեւերից մեկն էլ բնակարաններ
զանգահարելն է՝ իրենց «Բարի լուրը» հաղորդելու «անմեղ» մղումներով, մի բան, որ արգելված
է օրենքով: Ես եւս բազմաթիվ անգամներ նման զանգեր ստացել եմ, հերթական զրուցակիցս
Եհովայի վկա, 80-ամյա Զվարթ Վարդանյանն էր, որ բնակվում է Ֆրունզեի փողոցում: –
Եհովայի վկա եմ, անունս Զվարթ է, զանգել եմ, որ ձեզ բարի լուր ասեմ: – Ճի՞շտ
եք համարում անծանոթ մարդկանց զանգելը, նրանց անհանգստացնելը: – Քանի որ մենք
(«Եհովայի վկաները») մեծ ենք, տնետուն չենք կարողանում գնալ: Մեզ հեռախոսահամարները
տվել են, որ բարի լուրը այսպես հայտնենք… ես արդեն Եհովայի վկա եմ, ես կազմակերպության
մեջ եմ, ուզում եմ ձեզ էլ հայտնած լինել, թե չէ՝ մենք արդեն լսել ենք այդ լուրը:
– Գիտեք, չէ՞, որ օրենքով պատժելի է նաեւ հեռախոսով հոգեորսությամբ զբաղվելը:
– Մենք հեռախոսով հարցում ենք անում: Եթե դուք ցանկություն ունենաք, մեծ սիրով
ձեզ մեր սրահը կկանչենք, մեր գրքերը կտանք: Սրահներ ունենք 3-րդ մասում, Չարբախում,
Առաջին մասում…Մենք արտոնություն ունենք, պետական օրենքով մեր կրոնը ընդունված
է, եւ մենք իրավունք ունենք զանգելու: – Իսկ ինչո՞ւ Հայ առաքելական եկեղեցու
սպասավորները եւ հավատացյալները չեն զանգում տները, քարոզչության այդ ձեւը չեն ընտրում:
– Քանի որ Հայ առաքելական եկեղեցին Ամերիկայից բերած քրջեր կամ մի պուճուր
օգնություն է տալիս մարդկանց, դրա համար էլ գնում են նրանց վանքերը ու գալիս են:
Իսկ մենք բոլորին հրավիրում ենք մեր սրահները, որ լսեն բարի լուրը, տալիս ենք մեր
գրքերը: – Ցանկության դեպքում՝ համապատասխան գրականություն կարելի է ձեռք
բերել առանց ձեր սրահներն այցելելու: – Գրքեր ձեռք կբերեք, բայց մեր ժողովի
ասածը, իմացածը ձեռք չեք բերի… – Իսկ ո՞վ է վարում ժողովը: – Երեցներ
ունենք, տեսուչներ, կառավարիչներ: – Օրինակ՝ Շենգավիթ համայնքի Եհովայի վկաների
կառավարիչն ո՞վ է: – Չեմ ասի (զգուշանում է- Գ. Հ.): – Գուցե ես ուզում
եմ կապվել նրա հետ, իմանալ՝ ում հետ գործ ունեմ: Գուցե խաբո՞ւմ եք ինձ: –
Էդպես եթե կապվեք, նա ձեզ չի պատասխանի: Մենք մարդկանց չենք խաբում, ուղղակի անընդհատ
զանգում ենք նրանց: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ Հ.
Գ. Այս առիթով կապվեցինք Արարատյան հայրապետական թեմի հետ՝ պարզաբանելու մեր եկեղեցու
պաշտոնական տեսակետը. «Խղճի, կրոնի եւ դավանանքի ազատության մասին օրենքի 18-րդ կետով՝
իր պատերից դուրս քարոզչությամբ զբաղվելու իրավունք ունի միայն Հայ առաքելական եկեղեցին,
իսկ կրոնական մյուս կազմակերպությունները եւ աղանդները նման գործունեություն կարող
են ծավալել միայն իրենց հավաքատեղիներում: Նման դեպքերում քաղաքացիներին խորհուրդ
է տրվում չվիճել, ուղղակի հեռանալ, իսկ զանգեր ստանալու դեպքում՝ կախել հեռախոսը:
Ինչ վերաբերում է արտերկրից ստացված քուրջ ու փալաս բաժանելուն, ապա դա «Եհովայի
վկաների» ու մյուսների ձեռագիրն է: Հայ առաքելական եկեղեցին իրականացնում է բարեգործական
ծրագրեր, եւ ի տարբերություն մյուս կազմակերպությունների ու աղանդների, դրանք չի
գովազդում: Դառնանք «Եհովայի վկաներին»: Ցավոք, այն գրանցված է որպես քրիստոնեական
կազմակերպություն, այն դեպքում, երբ Քրիստոսին որպես աստված չեն ճանաչում, չեն ընդունում
նաեւ խաչը»,- պարզաբանեցին արարատյան թեմում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել