Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծնողները չեն տիրապետում կանոնների լեզվին

Օգոստոս 30,2005 00:00

Այս
օրերին Հանրապետական ընդունող հանձնաժողովում շարունակվում է լրացուցիչ մրցույթի
համար դիմումների ընդունումը: Դրանք այն տեղերն են, որոնք համակարգում թափուր
են մնացել: Տեղերի թիվը մոտ 120-ն է, սակայն, ինչպես արդեն նշել է ԿԳ նախարարը, կարող
է ավելացվել՝ ըստ անհրաժեշտության: Երեկ ՀԸՀ պատասխանատու քարտուղար Վաղարշակ
Խաչատրյանը տեղեկացրեց, որ արդեն 1200-ից ավելի դիմում կա, իսկ ընդունումը կշարունակվի
մինչեւ սեպտեմբերի 4-ը: «Դիմում-հայտում նշված մասնագիտությունների շրջանակում բուհերը
վերաբաշխում են կատարում: Դիմորդը միայն նշում է իր քննաթերթի համարը, մնացածը համակարգչային
բազայում կա, վերաբաշխումը կատարվում է համակարգչի միջոցով»,- տեղեկացրեց պրն Խաչատրյանը:
Բացի դիմումներ ներկայացնողներից, հանձնաժողովում քիչ չեն նաեւ բողոքողները:
Վաղարշակ Խաչատրյանը ասում է, որ դիմորդներն ու նրանց ծնողներն այդքան չեն բողոքի,
եթե միայն կարդան «Դիմորդ 2005»-ը եւ ընդունելության կանոնները: Ստեփանավանից
եկած Շահվերդով Պապիկյանը երեկ հանձնաժողովում ի ցույց դնելով «Կրթություն» թերթում
հրատարակված՝ «ՀՀ բուհերի 2005 թ. առկա ուսուցման ընդունելության կանոնները», եւ
մասնավորապես դրա 22-րդ կետը, պնդում էր, որ իր որդին արժանի է մասնակցել լրացուցիչ
մրցույթին՝ դպրոցից բերած ատեստատի 20 միավորով. «Կանոններում ոչինչ չի ասվում այն
մասին, որ 2 քննություն հանձնած դիմորդն առավելություն ունի մեկ քննություն հանձնողի
նկատմամբ: Արդյունքում իմ որդին 28 միավորով հետ է մնում 23, 24 միավոր ստացած դիմորդներից»:
Շ. Պապիկյանի որդին 8 միավոր է ստացել քիմիայից, իսկ 20-ը նրա ատեստատի ֆիզիկա առարկայի
գնահատականն է: Ծնողը պայքարում է գյուղակադեմիայի ագրոնոմիայի ֆակուլտետի համար:
Պրն Խաչատրյանը պարզաբանեց, որ դպրոցից բերված գնահատականը կարող է գործել
միայն թափուր տեղեր լինելու դեպքում: Այսինքն՝ բոլոր մասնագիտությունների գծով, որոնց
քննության առարկաների ցանկում նշված է 2 աստղով առարկաներ՝ այդ մասնագիտությունների
գծով վճարովի համակարգում թափուր տեղեր ունենալու դեպքում է միայն դպրոցի գնահատականը
պիտանի: Սակայն կանոններում չի նշվում, որ մրցույթին պետք է մասնակցեն 2 քննություն
հանձնողները, հետո միայն՝ 1-երը: «Տեղը թափուր է մնում այն դեպքում, երբ բոլոր 2
քննություն հանձնողները անցնում են, եւ էլի թափուր տեղ է մնում»,- բացատրում է պատասխանատու
քարտուղարը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել