Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՈ ԴՈՍՏՈԵՒՍԿՈՒ «ԱՊՈ՞ՒՇԸ» ՉԵՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Օգոստոս 30,2005 00:00

Ինչից են բողոքում «Առավոտի» նամակագիրները

Հուլիսի 25-ից օգոստոսի 25-ն ընկած ժամանակահատվածում «Առավոտի» իրավական բաժնում ստացվել են 42 նամակ-բողոքներ: Ըստ այդ բողոքների վիճակագրության, հայտնի իրավախախտների ցուցակը հետեւյալ պատկերն ունեցավ. 1. «ԱրմենՏել», որը կապի ոլորտում չմատուցած ծառայությունների դիմաց շարունակում է քաղաքացիներից գումարներ հավաքել: 2. Երեւանի քաղաքապետարանը, որն իր՝ երթուղայինների ուղեվարձը բարձրացնելու երկօրյա որոշման պատճառով արժանացավ մեր համաքաղաքացիների քննադատությանը: 3-րդ «պատվավոր» հորիզոնականն է զբաղեցրել Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանը, որն օրեր առաջ ներխուժել էր Կենտրոնի նոտարական գրասենյակ՝ փորձելով ահաբեկել նոտար Ռուզան Սահակյանին: «Խրախուսական դիպլոմի» է արժանի ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ Միհրան Մինասյանը, որը, ըստ մեր նամակագիրների, որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկում իրենց դիմումներին ընթացք տալու համար:

Հուլիս-օգոստոսի հայտնի իրավախախտների հնգյակը եզրափակում է ՀՀ նախագահի աշխատակազմը: Պարզվում է, կարելի է գրավոր դիմել աշխատակազմին եւ ստանալ «գրավոր» պատասխանը՝ դատարկ բլանկը:

Սիսիանից ուսուցիչ Վլադիկ Հայրապետյանը իրեն՝ աշխատանքից ազատելու խնդրով դիմում է ՀՀ նախագահի աշխատակազմին: Եվ ստացվում է դատարկ թղթի այս կտորը: Իսկ Երեւանի Ա. Խաչատրյան 23, 44 բնակարանի բնակիչ Սուրեն Հովակիմյանին «արձակել են աշխատանքից»: Այդ մասին քաղաքացին գրել է «Առավոտին», տեղեկացնելով, որ դիմելու է դատարան՝ «պետությունից իրեն ազատ արձակելու, կորչելու պահանջի մասին» հայցով:

Մայրաքաղաքի Այգեձոր 69, 1 բնակարանի բնակիչ Կամո Մարտիրոսյանը «երկու տարի պարբերաբար՝ 13 անգամ» դիմել է գլխավոր դատախազին, ակնկալելով «իր պատկառելի 78 տարիքային հասակում» հասնել եղբորորդու՝ Գեորգի Մարտիրոսյանի սպանության գործի բացահայտմանը: Վերջինս 1999թ. նոյեմբերի 30-ին սպանվեց Կիեւում: Նրան գտել էին կացնահարված, հանրախանութի դիմաց: Մինչեւ օրս հանգուցյալի դին Հայաստան չի բերվել՝ նյութական միջոցների բացակայության պատճառով, իսկ փոխհատուցում Կ. Մարտիրոսյանը այդպես էլ չի ստացել:

Երեւանյան 16 հասցեի բնակիչ Գոհար Սիմոնյանը բողոքում է ՀՀ փաստաբանների միության անդամ Հենրիկ Մաղաքյանից, որին նա պատմել է իր գործի մանրամասները: Սիմոնյանը 44 տարի մշակել է քարքարոտ մի հողատարածք, սակայն, դատարանի որոշմամբ, այն անցել է նախկին ամուսնուն, որից «1000 տարի առաջ ամուսնալուծված է» եղել, որը ոչինչ չի արել հողակտորին «շունչ տալու» ուղղությամբ: Նամակագիրը, որը 2-րդ կարգի հաշմանդամ է, պատմում է, որ իրեն փաստաբանը խաբել է, մտնելով դատարան՝ այլ հայցով: Գ. Սիմոնյանի ասելով՝ նա փաստաբանին վստահել է նախկին ամուսնու՝ հողակտորից հրաժարվելու մասին տեղեկանքը, ինչը, սակայն, չի էլ ներկայացվել դատաքննության ժամանակ:

Քաղաքացիները դժգոհ էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանների գրասենյակների աշխատանքներից: Աճառյան 20, բն. 47 հասցեատեր Հրաչ Վարդանյանը ստիպված դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախագահ Մհեր Խաչատրյանին, գրելով, որ վերոնշյալ դատարանները «տարբեր պատճառաբանությամբ ձգձգում եւ մերժում են, որպեսզի ստանա իր որոշումները, դատական նիստերի արձանագրության լուսապատճենները»: Դատարանները քննելով «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ նախկին աշխատակցի գործը՝ (թիվ 13181104), հրաժարվել են Հ. Վարդանյանին տրամադրել գրավոր բացարկների, միջնորդությունների, ինչպես նաեւ մեղադրական ճառի լուսապատճեները: Հ. Վարդանյանի օրին են «Առավոտի» նամակագիրներից յոթը: Նրանց չեն տրամադրվում դատական նիստերի արձանագրության գործերում առկա միջնորդությունների լուսապատճենները: Եվ նրանցից Կորյուն Սարգսյանը դիմելով «Առավոտին», բողոքում է. «Հո Դոստոեւսկու «Ապո՞ւշը» չեմ պահանջում»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել