Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ «ԱՐԾԱԹ» ԵՎ ՉՈՐՍ «ԲՐՈՆԶ»

Օգոստոս 27,2005 00:00

ՄԵԿ «ԱՐԾԱԹ» ԵՎ ՉՈՐՍ «ԲՐՈՆԶ» Արդեն ավանդույթ է դարձել Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունների մասնակցությունը երկու տարին մեկ անցկացվող համաշխարհային ունիվերսիադաներին: Հերթական՝ 23-րդն օրերս ավարտվեց Թուրքիայի Իզմիր քաղաքում: 147 երկրների շուրջ 5 հազար ուսանող-մարզիկների թվում էին նաեւ մեր հանրապետության 21 ներկայացուցիչներ: Մեր մարզական էջի պատասխանատու Աշոտ Հակոբյանը հանդիպեց Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի 1-ին փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանին: «Մինչ մրցումների մեկնարկը կայացավ ICU-ի գլխավոր ասամբլեան, որում մանրամասներ ներկայացվեցին երկու տարի հետո Թաիլանդում կայանալիք հաջորդ խաղերի մասին: Այնուհետեւ քվեարկությամբ որոշվեց, որ 2009-ին Ունիվերսիադան կընդունի Սերբիան: Կատարվեցին նաեւ կանոնադրական որոշ փոփոխություններ,- ասաց նա:- Ինչ վերաբերում է բուն խաղերին, նշեմ, որ ամեն բան, բոլոր առումներով՝ շատ լավ էր կազմակերպված: Ունիվերսիադայի ծրագրում ընդգրկված 14 մարզաձեւերից բացի, կազմակերպիչ երկրին իրավունք է տրվում իր ընտրությամբ ավելացնել եւս երկուսը: Եթե նախորդում կորեացիները նախընտրել էին նետաձգությունն ու ձյուդոն, այստեղ նախապատվությունը տրվել էր ըմբշամարտին ու թեքվանդոյին: Հատկապես առաջինի ընտրությունը նաեւ մեր սրտով էր, որովհետեւ ըմբշամարտը, ինչպես հայտնի է, մեր առաջատար մարզաձեւերից է: Մեր ուսանող-մարզիկները ներկայացնում էին թեքվանդոն՝ 1 հոգի, ջրացատկը՝ 1, թենիսը՝ 2, սուսերամարտը՝ 3, աթլետիկան՝ 3, ազատ՝ 5 ու հունա-հռոմեական՝ 6 ոճերի ըմբշամարտերը: Մարզիկների ընտրությունը կատարվել էր նախապես՝ մարզական ֆեդերացիաների ներկայացմամբ ու նրանց հետ միասին թեկնածությունների քննարկումով: Բոլորն էլ Հայաստանի ազգային հավաքականների անդամներ էին՝ առաջին կամ երկրորդ համարներ, ունեին մրցակցական բավականաչափ փորձ: Սակայն պիտի խոստովանեմ, որ հիմնական հույսը կապում էինք ըմբիշների հետ: Մեդալներ ավելի շատ նրանցից էինք սպասում ու չէինք սխալվել: Ինչ վերաբերում է մեր մարզիկ-մարզուհիների մրցելույթներին, ասեմ, որ, ցավոք, նախամրցումային մարզման ժամանակ աշտարակացատկորդուհի Լիլիթ Բալաբեկյանի անցած տարի ստացած մեջքի վնասվածքն իրեն զգացնել տվեց: Ու որքան էլ նա պնդում էր, թե կարող է հանդես գալ, բժշկի հետ խորհրդակցելով, որոշեցինք ռիսկի չդիմել ու Լիլիթին արգելեցինք մասնակցել մրցումներին: Երկու թենիսիստները մեկական հաղթանակ տանելուց հետո պարտություն կրեցին ու դուրս մնացին հետագա պայքարից: Նախնական փուլերը չհաղթահարեցին նաեւ մեր երեք սուսերամարտիկները: Ինչ վերաբերում է աթլետներին, նրանցից երկուսը վատ հանդես եկան՝ չկարողանալով կրկնել նույնիսկ իրենց մինչ այդ ունեցած ցուցանիշները: Իսկ ահա նիզականետորդ Մելիք Ջանոյանը, թեեւ չմտավ եզրափակիչ, սակայն զգալիորեն բարելավեց իր լավագույն արդյունքը՝ գերազանցելով 60 մետրի սահմանը՝ 60,13 մետր: Մեզ բոլորիս հաճելի անակնկալ մատուցեց թեկվանդոյիստ, մինչեւ 72 կգ քաշային Արման Երեմյանը: Նա հասավ մինչեւ նախավերջին փուլ ու նվաճեց Ունիվերսիադայի բրոնզե մեդալ: Ճիշտ է, մենք ակնկալում էինք, որ Արմանը հաջող հանդես կգա, սակայն, որ կդառնա 3-րդ մրցանակակիր, անձամբ ես՝ չէի սպասում: Ասացի, որ մեր հույսը ըմբիշներն էին: Ազատ ոճում 55 կգ քաշային Վահան Սիմանյանը, առավելության հասնելով բոլոր մրցակիցների նկատմամբ, մտավ եզրափակիչ եւ միայն այստեղ կրեց իր միակ պարտությունը: Ճիշտ է, դրանում ինչ-որ տեղ կարելի է մեղադրել մրցավարներին: Սակայն արդյունքը մնում է արդյունք: Բացի դա, «արծաթն» էլ վատ չէ, եթե նկատի ունենանք, որ Համաշխարհային ուսանողական խաղերն իրենց մակարդակով գրեթե չեն զիջում օլիմպիական խաղերին: Մեր թիմի հաշվարկին մեկական բրոնզե մեդալ բերեցին հունա-հռոմեական ոճայիններ Էդգար Բաբայանը՝ 74 կգ, Վահան Գալստյանը՝ 84 եւ Ռոբերտ Պետրոսյանը՝ 96»: – Ընդհանուր առմամբ՝ ինչպե՞ս եք գնահատում հայ ուսանող- մարզիկների մասնակցությունն Ունիվերսիադային: – Բավարար: Անգամ՝ լավ: Համեմատության համար ասեմ, որ Համաշխարհային ուսանողական խաղերին, որպես առանձին երկիր, Հայաստանը մասնակցում է 1993 թվականից: Սա մեր 7-րդ մասնակցությունն էր: Նախորդ 6-ում, միասին վերցրած՝ մեր մարզիկները նվաճել են ընդամենը երեք մրցանակային տեղ. թենիսիստ Սարգիս Սարգսյանը 1993-ին ԱՄՆ-ում՝ «բրոնզ», աթլետ Արմեն Մարտիրոսյանը 1995-ին Ճապոնիայում՝ «արծաթ», ձյուդոյիստ Վարուժան Իսրայելյանը 2003-ին Հարավային Կորեայում՝ «բրոնզ»: Թուրքիայում մերոնց նվաճած մեկ արծաթե եւ չորս բրոնզե մեդալները, կարծում եմ, վատ ցուցանիշ չեն: – Թիմային հաշվարկ կատարվո՞ւմ էր: – Այո: Երբ կատարվում էր Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը, որոշ մրցաձեւերում պայքարը դեռ չէր ավարտվել: Այդուհանդերձ, 147 երկրների մեջ մեդալ նվաճել է 57-ը, իսկ Հայաստանը իր ընդհանուր մեդալների թվով բաժանում է 23-29 տեղերը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ Հ. Գ. Ռազմիկ Ստեփանյանի հետ բավականին հետաքրքիր ու շահագրգիռ զրույց ծավալվեց հանրապետությունում ընդհանրապես մասսայական ֆիզկուլտուրայի, մեծ սպորտի երեկվա ու այսօրվա, ներկայիս վիճակը հնարավորին չափ արագ հաղթահարելու հնարավորությունների, կատարելիք առաջնային քայլերի եւ օրախնդիր այլ հարցերի մասին, որոնք կներկայացնենք առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել