ԱԺԴ հանրահավաքում ԱԻՄ-ը կոչ արեց Երեկ Ազգային ժողովրդավարական դաշինքը բաց հանրահավաք էր հրավիրել՝ Մատենադարանին հարող տարածքում։ Հանրահավաքին հրավիրված էին բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում նաեւ՝ եվրոպական կառույցների ներկայացուցիչները, որպեսզի մարդկանց բացատրեին՝ ինչ են սահմանադրական փոփոխությունները, ով, ինչ աշխատանք է կատարել այդ ուղղությամբ եւ ով ինչպես է պատկերացնում բարեփոխումները։ Սակայն անգամ ԱԺԴ գործընկեր՝ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները չկային հանրահավաքին։ Ներկա էր միայն ԱԺՄ-ն՝ փոխնախագահի դեմքով, եւ ԱԻՄ-ը՝ մեծ կազմով։ Իսկ հավաքվածների թիվը չէր գերազանցում 150-ը։ Կես ժամ հուսահատ սպասումներից հետո հանրահավաքը, ի վերջո, սկսվեց։ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը ներկայացրեց իրենց մոտեցումները հարցի վերաբերյալ, եւ հրապարակայնացվեց կուսակցության վերջնագիրը՝ «Եթե մեր 11 վերջնագրային առաջարկներից որեւէ մեկը չընդունվի՝ «ոչ» ենք ասելու բարեփոխումներին»։ Ապա հավաքվածներին ավետեց, որ նոյեմբերին կայանալիք հանրաքվեն հեղափոխության միակ կարճ ճանապարհն է։ Նրա համոզմամբ՝ հանրաքվեի կեղծված արդյունքներից հետո՝ եթե ժողովուրդը կանգնի ու պահանջի, ապա ռեժիմն այլընտրանք չի ունենա։ Ի դեպ, հանրահավաքի մասնակիցների սակավաթվությունը Արշակ Սադոյանը երկու պատճառով բացատրեց։ Նախ՝ իբր ինչ-ինչ ուժերի կողմից հայտարարություն է եղել, որ նախատեսված հանրահավաքը տեղի չի ունենա, ապա՝ պատրաստված 5 հազար թռուցիկները խնդրվել է որոշ քաղաքական ուժերի տարածել։ «Հավանաբար, լավ չեն աշխատել»,- չկոնկրետացնելով որ ուժերին նկատի ունի՝ ասաց նա։ Ենթադրաբար այդ ուժերը դաշինքի գործընկերներն էին։ Իսկ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն իր ելույթում խուսափեց սահմանադրական բարեփոխումների մասին բովանդակային արտահայտվելուց, քանի դեռ վերջնական տարբերակն առկա չէ։ Ապա տեղափոխվելով այլ դաշտ՝ պրն Հայրիկյանը քաղաքական ուժերին համախմբվելու կոչ արեց։ «Բանտից ազատ արձակված ու նախարար, պատգամավոր դարձած մարդիկ միասնական են։ Քաղաքական ուժերն էլ պիտի համախմբվեն «Արդարություն» դաշինքի շուրջ, որպեսզի կարողանան իրավիճակից ճիշտ ելք գտնել։ Դաշինքի ճիշտ գործունեությունից են կախված մեր հետագա անելիքները»,- ասաց նա։ Ապա բարձրաձայնելով մարզային վերջին հանդիպումներից ստացած տպավորությունները՝ Հայրիկյանը մի միջադեպ պատմեց. «Մարզպետը հրավիրում է ժողով ինչ-որ խաչմերուկում։ Ինքը ներկայանում է ամենավերջում եւ հավաքվածներին ասում՝ չգիտեմ՝ դուք ինչ եք որոշել, բայց քաղաքապետ պիտի դառնա այսինչ մարդը։ Այլապես՝ բոլորիդ էսպես-էսպես կանեմ (հայհոյանքների տարափ է տեղում.- Ն. Գ.)»,- ընդհանրական արտահայտվեց ԱԻՄ նախագահը։ Ն. Գ.