Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞Վ Է ՏԵՐԸ, Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ»

Օգոստոս 27,2005 00:00

«Ո՞Վ Է ՏԵՐԸ, Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ» Վարդան Վարդապետյանը չի բացառում հեղափոխական զարգացումները Մի քանի ամիս առաջ ՀԺԱՄ, ՀՌԱԿ, «Հզոր հայրենիք» կուսակցությունները հայտարարեցին համագործակցության մասին: Դրան հետեւեցին համատեղ մի քանի միջոցառումներ, հայտարարություններ: Մասնավորապես «ջրի երես» հանվեցին 2003 թվականի ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումները, «Ընտրական օրենսգրքի» սողանցքերը, ներկայացվեցին ԸՕ-ն բարելավելու համատեղ առաջարկներ: «Նոր ժամանակներ» կուսակցության հետ կատարված հայտնի սեւանյան դեպքերից հետո եռահամագործակցությունը եւս միացավ ընդդիմադիր եւ իշխանական կուսակցությունների դատապարտող հայտարարությանը: Սակայն հաջորդ օրն իսկ՝ նախագահի պահանջով, ՀԺԱՄ-ը հրապարակավ, այսպես ասած, ետ կանչեց իր ստորագրությունը: Մյուս երկու գործընկերները դատապարտեցին նման կեցվածքը: Այս միջադեպից հետո կուսակցություններն արդեն տեւական ժամանակ համատեղ գործունեությամբ հանդես չեն գալիս: Երեկ «Հզոր հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ապահարզա՞ն են տվել միմյանց: Այդ պասիվությունը պարոն Վարդապետյանը բացատրեց ամառային արձակուրդային վիճակով. «Բայց մի քանի լուրջ արտագնա հանդիպումներ ունեցել ենք կուսակցությունների վարչություններով: Առաջիկայում նորից կակտիվացնենք մեր աշխատանքները, որովհետեւ առաջիկայում սահմանադրական բարեփոխումների խնդիրն է»: Այդ հարցին համապատասխան վերաբերմունքն, իհարկե, պայմանավորված է օգոստոսի 29-ի արտահերթ նիստի քննարկումներով: Իսկ նիստից ակնկալիքներն այնքան էլ հստակ չեն. «Մեր քաղաքական դաշտն այնքան լի է անակնկալներով: Մինչեւ Վենետիկի հանձնաժողովի ժամանումը բարեփոխումների այլ տարբերակ էր, բայց մեկ շաբաթում ամեն ինչ գլխիվայր փոխվեց: Այնպես որ՝ ամեն ինչ էլ սպասելի է»: Իսկ ընդհանուր առմամբ, Վ. Վարդապետյանի կարծիքով, սահմանադրական բարեփոխումները պետք է հասարակական համաձայնության արդյունք լինեն. «Սահմանադրությունն իշխանական մարմինների համար չէ, որ «կարգ ու կանոն» հաստատեն, այլ ժողովրդի, պետության ապագայի կարեւորագույն փաստաթուղթ է: Ուստի այս հապճեպ, անտարբեր վերաբերմունքը… 2003-ից սահմանադրական բարեփոխումները դրվեցին, բայց մինչ այսօր քաղաքական պատասխանատուն հայտնի չէ: Ո՞վ էր տերը, ո՞ւմ էր պետք, «գալոչկա» դնելու համար հարցը գնաց: Իրականում սահմանադրական բարեփոխումների կարիքը կա: Բայց այսօր, ցավոք, դարձել է շահարկման առարկա՝ մեկն ուզում է հաղթել, մյուսը՝ չգիտեմ ինչ… Նման մոտեցումը մեզ համար անընդունելի է»: Սա դեռ ամբողջը չէ: «Հզոր հայրենիքը» լուրջ անհանգստություն ունի նաեւ, որ՝ «սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պետք է կազմակերպվի ներկայիս հանձնաժողովներով, որոնք ըստ էության նախկինն են»: «2003-ին ժողովուրդը տեսել է, թե այդ հանձնաժողովների անդամներն ինչեր են արել: Միայն դա բավական է, որ մարդիկ հիասթափվեն այս ամենից: Կոալիցիոն ուժերը կոչ են անում հանդուրժողականության, երբ արդեն ամեն ինչ արել՝ վերջացրել են… Հասարակության 95 տոկոսը տեղյակ չէ, թե ինչ են նշանակում այդ բարեփոխումները, եւ դրանից ինչն է փոխվելու: Այս առումով կուսակցությունները լուրջ աշխատանք պետք է տանեն, բայց քաղաքական դաշտն այսօր հասարակության վրա ազդեցություն չունի: Միայն 24 տոկոսը դուրս է մնացել պառլամենտից, բայց այդ 24 տոկոսն ունի ընտրազանգված, որի հետ պետք է աշխատել: Մինչդեռ արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության որեւէ փորձ չեղավ: Դա է վկայում նաեւ այն, որ 144 առաջարկով մենք ներկայացրինք սահմանադրական բարեփոխումների մեր փաթեթը, որը բացարձակ անորոշության մատնվեց: Միայն Բուքիքիոն հրավիրած ասուլիսում նշեց դրա մասին եւ որակեց լավագույն տարբերակներից մեկը, որից կարելի է օգտվել: Կուսակցական խանդը մթագնել է մարդկանց, եւ նրանք ամեն ինչը, նույնիսկ Սահմանադրությունն իրենց են հարմարեցնում»,- ասում է մեր զրուցակիցը: Կուսակցությանը չի բավարարում տեղական ինքնակառավարման, նախագահի որոշ լիազորությունների, Երեւանի մասին օրենքի հատվածները: Ամեն դեպքում, հույս կա, որ արտահերթ նիստում անդրադարձներ կլինեն այդ հարցերին եւ հստակություն կմտնի, հետեւաբար նիստի արդյունքները որոշիչ կլինեն: Ինչ վերաբերում է հեղափոխական հնարավոր զարգացումներին. «Այս թվացյալ անտարբեր իրավիճակն անհանգստացնում է: Շատ վտանգավոր է նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների այս «սահուն» ընթացքը: Երբ պայքար չկա, չի նշանակում, որ խաղ չկա: Դա նշանակում է, որ թաքուն դժգոհություններ են կուտակվում: Այս պայմաններում արժեզրկվում է սահմանադրական բարեփոխումների գաղափարը: Պատկերացնո՞ւմ եք, եթե առճակատում սկսվի սահմանադրական բարեփոխումների անցկացման շուրջ… Պետությունը, համենայնդեպս, դրանից ոչ մի լավ բան չի ստանա»,- համոզված է մեր զրուցակիցը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել