Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Օգոստոս 27,2005 00:00

ԱՐՄԵՆ
ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ
ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ
առաջին Գլուխ երկրորդ Գլուխ
երրորդ Գլուխ չորրորդ
Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ
Գլուխ յոթերորդ Գլուխ
ութերորդ Գլուխ իններորդԳլուխ
տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ
տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ
տասնհինգերորդ ¶ÉáõË
ï³ëÝí»ó»ñáñ¹
Գլուխ տասնյոթերորդ Գլուխ
տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ
քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ
քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ
Գլուխ քսանչորսերորդ Գլուխ
քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ
Գլուխ քսանյոթերորդ Գլուխ
քսանութերորդ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ ԸՍՏ ԳՐԻՇԻ Երբ մոլդովացին
աֆիցերսկի ճաշարանի հայելու մեջ իր կապտած աչքը մանրազնին ու բոլորեքյան ուսումնասիրեց
ու պրծավ, Մացոն արդեն մեր բաժակները լցրել էր, ու մենք «Պշենիչնիով» վերջնականապես
վավերացրինք Վալերի ու մոլդովացու հաշտությունը: Կերանք, խմեցինք, վավերացրինք,
ու էդ ընթացքում Վալերը քիչ էր մնում էս անգամ էլ նոյեմբերյանցի զույգերից Գրիշին
կպներ, որովհետեւ Գրիշն էդ ընթացքում շարունակ փորձում էր արդարացնել մոլդովացուն՝
մեզ հերթական անգամ անտեղի ու մանրակրկիտ բացատրելով, որ մեր պատճառով, փաստորեն,
իրենց պրիզիվի ու հատկապես իրենց՝ ջեւիկների դեմբելությունը լիարժեք չկայացավ, ու
մերոնցից երեւի միայն ես էի խորապես ըմբռնում ջեւիկների վիճակն ու միայն ինձ էր հաջողվում
թափանցել զույգերից հատկապես Գրիշի հոգեվիճակի մեջ, քանի որ իրենց էդ դաժան ու անարդար
ճակատագրից հատկապես Գրիշն էր շարունակաբար սրտնեղում ու բողոքում, իսկ ջեւիկների
մյուս թայ Էդոն անհամեմատ դինջ էր ու չնայած իրենց ու իրենց պրիզիվի ողջ ողբերգությունն
իր եղբորից պակաս չէր ըմբռնում ու հասկանում, բայց զուգահեռաբար նաեւ փորձում էր
հնարավորինս փիլիսոփայորեն ու երբեմն նույնիսկ հումորով նայել իրենց իսկ ճակատագրին,
ու պիտի ասեմ, որ փիլիսոփայորեն ու հումորով նայելն իր մոտ լավ էլ ստացվում էր, եւ,
փաստորեն, ստեղծված իրավիճակում հենց էդ մոտեցումն էր իրենց միակ տարբերակն ու փրկությունը,
բայց զույգերից Գրիշն իր փայ ճակատագրի հետ հաշտված չէր նույնիսկ դույն թվականի հոկտեմբերի
վերջերին, երբ իր ու մեր ծառայությանն ընդամենը հաշված օրեր ու ժամեր էին մնացել,
եւ ամբողջ հարցն էն էր, որ ինքն ու իր պրիզիվի մյուսներն էդ հաշված օրերն ու ժամերն
անձամբ էին հաշվում ու անձամբ հաշվելով էին իմանում, թե իրենց զորացրվելուն կոնկրետ
քանի օր ու քանի ժամ է մնացել, մինչդեռ իրենցից առաջ եղած դեմբելները՝ ընդհուպ Շաբլովսկու
պրիզիվը, մալադոյներին էին հաշվել տալիս իրենց դեմբելական ժամանակի մնացորդը, ու
եթե մալադոյներից մեկնումեկը թեկուզեւ մի օրվա չափով հաշվարկը սխալ աներ, վայն էկել
ու տարել էր էդ մալադոյին, ու նոյեմբերյանցի Գրիշի գլխում շարունակ էդ, ուրեմն, անցյալում
մնացած հարաբերություններն էին ֆռֆռում ու եփվում եւ ոչ մի կերպ բաղձալի ներկա չէին
դառնում, ու Գրիշն էլ ոչ մի կերպ չէր հաշտվում բաղձալիի ու իրականության, անցյալի
ու ներկայի էդ անհամապատասխանության հետ ու ինչպես ժամանակին ուրիշների օրերն ու
ժամերն էր հաշվել, էդ նույն ոգով հիմա էլ իր օրերն ու ժամերն էր հաշվում, ու էդ ամենն
իր համար վիրավորական ու սպանիչ էր, մանավանդ որ՝ էդ օրերն ու էդ ժամերը հաշվվելուց
ավելի ու ավելի էին երկարում, ու Գրիշը մյուսներիս պես շարունակում էր լինել ու մնալ
բարձրագույն թվաբանության էդ, ուրեմն, խորխորատներում, ուր, ի տարբերություն մեզ,
եղել էր ու կար ամբողջ երկու տարի, որովհետեւ սովետական բանակում ընդհանրապես ու
մեր էդ հրթիռային գաղտնի զորամասում հատկապես մինչեւ մի լրիվ տարի ծառայելդ մալադոյ
կամ գրեթե մալադոյ էիր համարվում եւ միայն մի լրիվ տարուց հետո էիր, էսպես ասած,
համեմատական դվիժենի սկսում, այսինքն՝ այլեւս ուրիշների փոխարեն զուգարան ու հատակ
չէիր մաքրում, ուրիշների փոխարեն ուրիշների օրերի ու ժամերի մնացորդները չէիր հաշվում
եւ այլն, բայց նոյեմբերյանցի երկվորյակներին ու իրենց պրիզիվի մյուսներին մի լրիվ
տարուց հետո էլ բախտն առանձնապես չէր ժպտացել, որովհետեւ իրենցից առաջ սահմռկեցուցիչ
Շաբլովսկին ու Շաբլովսկու ահավոր պրիզիվը կար, ու չնայած Գրիշն ու իր ժամանակակիցներն
իրենց լրիվ տարուց հետո դադարեցին ուրիշների փոխարեն զուգարան մաքրել ու թվաբանություն
անել, բայց իրենց հոգեկան լարվածությունն ու կաշկանդվածությունն, ըստ ամենայնի, շարունակվում
էին, մանավանդ որ՝ Շաբլովսկու շուրջօրյա քունը լրացուցիչ լարվածություն էր ստեղծում
ու ապահովում, եւ մանավանդ որ՝ Շաբլովսկին ամենաչնչին ձայներից զարթնող էր, ու իր
զարթնելն իսկական աղետ էր անգամ իր իսկ պրիզիվի դեմբելների համար: Ինչ վերաբերում
է անձամբ Շաբլովսկու ու մեր հարաբերություններին, պիտի ասեմ, որ մենք ընդհուպ Շաբլովսկու
զորացրման օրը տղամարդու պես մեր խոսքին տեր կանգնեցինք ու բերաններս փակ պահեցինք,
ավելին՝ մենք իր ներկայությամբ մեզ շատ զուսպ ու իսկական մալադոյի պես էինք պահում,
եւ ինքը մեր էդ պահվածքից մշտապես հիացած ու մշտապես շշմած էր ու երբ իր հազվադեպ
արթուն պահերին մեզ տեսնում էր, միշտ նույն ձեւով էր ողջունում՝ «զդոռըվը, խլո՛պցի»:
Ինչ վերաբերում է նոյեմբերյանցի երկվորյակներին ու իրենց պրիզիվի մյուսներին,
նրանց համար իսկական տարերային աղետն ու ցունամին ոչ թե Շաբլովսկին ու Շաբլովսկու
պրիզիվի տղերքն էին, այլ հենց մենք՝ նվագախմբի տղերքս, որովհետեւ մեր հայտնությամբ
էդ զորամասի աստիճանակարգը հիմնավորապես խարխլվեց, եւ, ըստ էության, մեր հայտնությամբ
առանձին վերցրած էդ մի զորամասում տեղի ունեցածն իսկական հեղափոխություն էր: Մեր
էդ հեղափոխությունից առաջին հերթին հենց երկվորյակների պրիզիվը տուժեց, ու իրենք
զորամասի պատմության մեջ առաջիններն էին, որ իրենց ծառայության վերջին վեց ամիսներին
ոչ միայն անձամբ էին իրենց մնացած օրերի թվաբանությունն անում, այլեւ անձամբ էին
հավաքում ու հարդարում իրենց անկողինները, եւ դա չտեսնված ու չլսված ամոթ ու խայտառակություն
էր, ու էդպիսի բան չէին տեսել ու չէին հիշում նույնիսկ էդ զորամասի ամենատարեց ու
ամենաստաժավոր սպաները, այսինքն՝ մեր հայտնությամբ ոչ միայն առանձին վերցրած մեր
էդ զորամասի ավանդույթը խախտվեց, այլեւ խախտվեց էդ զորամասում ծառայող մարդկանց մտածողությունը,
ու էդ առումով ամենաէականն այն էր, որ առաջիկայում հին ավանդույթների ու հին մտածողության
վերականգնումը գրեթե անհնար էր լինելու, եւ դա արդեն ակնհայտ էր, չնայած դեմբելներն
ու նույնիսկ աֆիցերներն ամեն Աստծո օր փորձում էին վերականգնել մեր քանդածն ու ավերածը,
բայց ոչինչ չէր ստացվում, որովհետեւ ավանդության շղթան ամենակարեւոր տեղերից էր կտրտվել,
եւ երբ նոյեմբերյանցի երկվորյակների պրիզիվի դեմբելները փորձում էին վերականգնել
այն, ծիծաղելի վիճակների մեջ էին ընկնում, եւ մյուսներից ավելի հաճախ ծիծաղելի վիճակներում
էին հայտնվում նոյեմբերյանցի ջեւիկներն ու ջեւիկներից հատկապես Գրիշը, եւ երբ ինքը
մի անգամ մի մոլդովացի մալադոյի հրամայել էր հավաքել իր անկողինը, Գրիշենց պրիզիվի
մոլդովացին, պաշտպանելով իր երիտասարդ հայրենակցին, Գրիշի երեսին շպրտել էր՝ «հրամայող
ես՝ զեմլյակներիդ հրամայի», եւ Գրիշը կարկամել ու չէր իմացել՝ ինչ պատասխանի հենց
էն նույն մոլդովացուն, ում անունը հիմա ոչ մի կերպ տեղը չեմ բերում, բայց շատ լավ
հիշում եմ, որ կինոյի էն իրիկուն իր աչքի կապտուկը բոլորս տեսնում էինք՝ իրենից բացի:
Մի ուրիշ անգամ էլ տարաբախտ Գրիշը մի չեչեն մալադոյի էր հրամայելով հարցրել,
թե քանի՞ օր է մնացել իր ծառայության ավարտին, բայց Գրիշի պրիզիվի երկու գելուգազան
չեչենները Գրիշին մի կողմ էին տարել, հետը բավական խիստ խոսակցություն էին ունեցել
եւ չափազանց խիստ տոնով Գրիշին ասել էին. «Որ էդքան շատ ես ուզում իմանաս՝ ծառայությանդ
ինչքան ա մնացել, զեմլյակներիդ ասա՝ թող հաշվեն, մանավանդ որ՝ իրանց պատճառով մեր
դեմբելությունը հարամ էղավ»: Գրիշն, իհարկե, իր պրիզիվի երկու չեչեններին
էլ տալու որեւէ պատասխան չէր գտել, մանավանդ որ՝ ինքը Գրիշն էլ էր էն կարծիքին, որ
մեր հայտնվելով, փաստորեն, իրենց դեմբելությունն իսկապես հեչ եղավ, ու որ ասում եմ՝
Գրիշն էլ էր էդ կարծիքին, դա ոչ թե ընդամենն իմ ենթադրությունն է, այլ հենց իր՝ Գրիշի
բազմիցս ասածն է, ու Գրիշն իմ արհեստանոցում հաճախ էր իր էդ ծառայողական անբախտության
թեմայով իր սիրտը բացում, եւ մի օր էլ, երբ ես հերթական անգամ փորձում էի սփոփել
իրեն, ասելով, որ իր ծառայության դժվարին ու ծանր օրերն անվերադարձ անցել են, եւ
իր ու մեր զորացրվելուն էլ թեթեւ ու քիչ օրեր են մնացել, Գրիշը սրտնեղելով ու հոգոց
հանելով՝ ասաց. «Մի բան ասեմ՝ կհավատա՞ս, Արմո՛»: «Ասա՛»,- ասացի ես: «Էն մալադոյ
վախտերս, ճիշտ ա, ֆիզիկապես շատ էի տանջվում, բայց էս վերջի վեց ամիսն ավելի դժվար
ա, որովհետեւ հոգեբանորեն եմ տանջվում»,- հառաչեց Գրիշը: «Հավատում եմ»,- մեղավորությունս
զգալով՝ ասացի ես: «Փաստորեն, ձեր պատճառով ախպերս ու ես ու մեր պրիզիվի սաղ տղերքը
շատ փիս տուժեցինք»,- հոգոց հանեց Գրիշը: «Փաստորեն ճիշտ ես ասում»,- համաձայնվեցի
ես: Ես իսկապես հասկանում էի Գրիշին, իսկապե՛ս մտնում էի նրա հոգեվիճակի մեջ,
իսկապե՛ս կարեկցում էի նրան ու չափազանց խորն էի կարեկցում, որովհետեւ տեսնում ու
հասկանում էի, որ էդ փուչ ու չափազանց ժամանակավոր տառապանքը վերջնականապես ու ամբողջովին
է զբաղեցրել նոյեմբերյանցի զույգերից էդ մեկի հոգեկան տարածքները, եւ Գրիշի խնդրանքով
ես նորից ու նորից եւ ամենայն մանրամասնությամբ էի վերապատմում մեր ու Շաբլովսկու
ընդհարման պատմությունը եւ ես էդ պատմությունը Գրիշի համար միանգամայն հանգիստ խղճով
էի անում, որովհետեւ նախ՝ իմ էդ վերապատմություններն արդեն ամբողջովին դուրս էին
մեր ու Շաբլովսկու տղամարդկային պայմանավորվածության շրջանակներից, քանի որ Շաբլովսկին
վաղուց արդեն զորացրված էր, եւ երկրորդ՝ մեր ու Շաբլովսկու ընդհարման էդ պատմությունն
ինչ-որ չափով նոյեմբերյանցի Գրիշի համար մխիթարանք ու սպեղանի էր, որովհետեւ իմ էդ
վերապատմությունների ընթացքում Գրիշն իր վիճակն ու հոգեվիճակը համեմատելով Շաբլովսկու
էդ օրվա վիճակի ու հոգեվիճակի հետ, միանշանակ իրեն հանգեցնում էր եզրակացության՝
թե Շաբլովսկու էդ օրվա վիճակի համեմատությամբ՝ իր ներկայիս վիճակն անհամեմատ բարվոք
է, մանավանդ որ՝ Շաբլովսկին Գրիշի ու բոլորի համար բանակային հեղինակության գագաթնակետն
էր, ու մենք էլ մեզանից կախված ամեն ինչ արեցինք, որ առնվազն իր միանձնյա իշխանության
օրոք ինքն իր հեղինակության գագաթնակետին մնա, եւ Գրիշը, հերթական անգամ ինձանից
լսելով ու դետալ առ դետալ վայելելով մեր ու Շաբլովսկու ընդհարման մանրամասները, վերստին
ի խորոց սրտի մխիթարվելով ու վերստին էդ պատմության ճշմարտացիությունն իր հոգու խորքում
կասկածի տակ առնելով՝ իր բազմիցս տված հարցերի բազմիցս ստացած պատասխաններն էր վերստին
ու նորից ինձանից կորզում: «Որ Վալերն իրան ասեց կազյոլ, ինքը ի՞նչ ասեց»,- բազմիցս
ինձ հարցրել ու վերստին հարցնում էր Գրիշը: «Ոչ մի բան էլ չասեց»,- վերստին ու նորից
պատասխանում էի ես: «Բա Վալերի էդ կազյոլից հետո ի՞նչ արեց»,- զարմացած հարցնում
էր Գրիշը: «Ոչ մի բան էլ չարեց. ապուշի պես էրեսներիս էր նայում»,- վերապատմում էի
ես: «Ասում ես՝ դնեվալնիներն ու լեյտենանտն էլ էդ ամեն ինչը տեսա՞ն»,- նորից ու նորից
ապշում էր Գրիշը: «Ո՞նց չտեսան. էդ ամեն ինչն իրանց աչքի առաջ էր կատարվում»,- վերապատմում
էի ես: «Հետո որ Վալերն էդ կռավաթը խփեց փլեց, Շաբլովսկին էլի ոչ մի ծպտուն չհանե՞ց»,-
արդեն հարյուրերորդ անգամ ինձ հարցնում էր Գրիշն, ու ես հարյուրերորդ անգամ իրեն
նույնությամբ պատասխանում էի. «Ի՞նչ ծպտուն, ա՛յ Գրիշ. էլի ապուշի պես շարունակում
էր էրեսներիս նայել»: «Հետո որ զամպալիտն էկավ, ասում ես՝ ոչ մի բան գլխի չընկավ,
հա՞»,- վերստին հարցնում էր Գրիշը: «Ի՞նչ պիտի գլխի ընկներ. մենք մեզ ամեն տեսակետից
շատ ճիշտ պահեցինք»,- ասում էի ես: «Որ մինչեւ հիմի ըստեղ-ընդեղ էդ բանը չեք պատմել
ու իրա դեմբել գնալուց հետո հիմի նոր եք պատմում, էդ իմաստով ճիշտ եք»,- ասում էր
Գրիշը: «Բա ո՞ր իմաստով ենք սխալ»,- հարցնում էի ես: «Չգիտեմ,- հոգոց էր հանում Գրիշը.-
էդ պատմությունը ծերից ծեր սխալ ա»: «Ի՞նչ իմաստով ա սխալ»,- նորից հարցնում էի ես:
«Չգիտեմ,- նորից հոգոց էր հանում Գրիշը:- Շատ անարդար բան ա տեղի ունեցել. խեղճ մարդու
անունը փաստորեն հողին հավասար եք արել»: «Բայց մենք էդ ամեն ինչի մասին վեց ամիս
ծպտուն չենք հանել ու հիմի նոր ենք էդ էղածի մասին խոսում»,- արդարանում էի ես: «Էդ
իմաստով շատ ճիշտ եք արել»,- կրկնում էր Գրիշը: «Որ էդ օրը Վալերն իրա ուժը ցույց
չտար, մենք, փաստորեն, հենց էդ օրն արդեն պիտի տուալետ մաքրեինք»,- շարունակում էի
արդարանալ ես: «Չգիտեմ,- հոգոց էր հանում Գրիշն ու մշտապես միեւնույն եզրակացությանն
էր հանգում.- ավելի լավ էր ուբոռնի մաքրեիք, քան թե՝ էս ամեն ինչն էս ձեւով շարունակվեր»:
Գրիշի հոգոցները լսողի մտքով չէր անցնի, որ նոյեմբերյանցի երկվորյակների էդ
ջղաձիգ թայն ընդամենը մի քանի օրից զորացրվելու ու տուն է գնալու: Ընդհուպ իր ծառայության
վերջին օրը նա խորապես տառապում ու մշտապես բողոքում էր իր չար բախտից, եւ միակ բանը,
որ Գրիշին ժամանակավորապես շեղում էր իր հանապազօրյա տառապանքից, իր դեմբելսկի համազգեստն
էր՝ իր տոնական ու վերջնական զինվորական պսպղան կոստյումը, որով Գրիշը ոչ միայն տուն
պիտի գնար, այլեւ օրեր շարունակ պիտի ֆռֆռար հայրենի գյուղում ու շրջկենտրոնում,
ու դա էր պատճառը, որ մանավանդ իր ծառայության վերջին օրերին Գրիշն ավելի ու ավելի
հաճախ էր իմ արհեստանոց գալիս, պահարանիցս հանում էր աշխարհից ու նույնիսկ իր երկվորյակ
Էդոյից թաքուն ու գաղտնի պահվող իր դեմբելսկի համազգեստը, կախիչով զգուշությամբ հանում
էր եւ, Լենինի նկարը պատիցս ժամանակավորապես իջեցնելով, իր պսպղան համազգեստը կախիչով
կախում էր Լենինի նկարի մեխից եւ ահագին երկար մոտիկից ու հեռվանց իր էդ համազգեստին
նայելով՝ հմայվում ու հաճույք էր ստանում ճիշտ այնպես, ինչպես նկարիչն է իր նոր նկարած
նկարին մոտիկից ու հեռվանց նայելով՝ հմայվում ու հաճույք ստանում, ու էդ ողջ ընթացքում
ինքն արհեստանոցիս դուռը բանալիով ներսից փակած էր լինում, որ չլիներ թե՝ մերոնցից
մեկը մտներ ու տեսներ իր էդ պսպղան դեմբելսկի կոստյումը, որի վրա Գրիշն օրական մի
նոր ու փայլփլուն բան էր կպցնում ու ավելացնում, եւ իր էդ համազգեստն արդեն գեներալական
համազգեստին հավասար մի բան էր, որի վրա մեր զորամասի խանութում վաճառքի ենթակա անխտիր
բոլոր կրծքանշաններն արդեն կային, ու նաեւ էնպիսիք, որ վաղուց ի վեր վաճառքի ենթակա
չէին, ու չգիտես որտեղից էր Գրիշը դրանք ճարել ու կպցրել իր դեմբելսկի կոստյումի
զույգ դոշերին, եւ իր վերջնական տեսքով իր էդ ճռճռան կոստյումը շատ ծիծաղելի մի բան
էր, ու չնայած ես հեչ լուրջ չէի վերաբերվում իր էդ վերջնական համազգեստին, այդուհանդերձ,
կեղծ գովում ու կեղծ հիանում էի իր էդ դեմբելսկի կոստյումով, որովհետեւ մտքիս մեջ
շատ լուրջ էի վերաբերվում էն հանգամանքին, որ, փաստորեն, էդ դեմբելսկի կոստյումը
Գրիշի միակ հնարավոր մարտահրավերն էր բանակային իր չստացված կենսագրությանն ու տարաբախտ
ճակատագրին: Նվագախմբի տղերքիցս Պարգեւը միակն էր, որ ժամանակ առ ժամանակ
հակաճառում էր Գրիշին, եւ երբ Գրիշը հերթական անգամ մեզ բացատրում էր, որ իրենց պրիզիվը
մեր պատճառով շատ տուժեց, Պարգեւն իրեն հակադրվում էր՝ ասելով. «Ա՛յ Գրիշ, խի մենք
քու պրիզիվից չե՞նք»: «Չէ,- ասում էր Գրիշը.- դուք ո՞նց եք իմ պրիզիվից»: «Բա իրար
հետ չե՞նք տուն էթալու»,- հարցնում էր Պարգեւը: «Պրիզիվը ոչ թե տուն էթալով ա որոշվում,
այլ՝ ծառայության չափով. դուք ընդամենը մի տարի եք ծառայել, մենք՝ էրկու»,- ասում
էր Գրիշը: «Մենք մեղավոր ե՞նք, որ մեզ ընդամենը մի տարվա ծառայություն ա հասնում.
կարող ա՞ կամավոր մի տարի ավել մնանք»,- ասում էր Պարգեւը: «Չգիտեմ»,- հոգոց էր հանում
Գրիշը եւ խորհրդավոր ու երկար լռում: Նվագախմբի տղերքիցս Պարգեւը միակն էր
նաեւ էն իմաստով, որ մեր ծառայության վերջին ամսում ինքը նույնպես դեմբելսկի կոստյում
սարքեց եւ ունեցավ, բայց, ի տարբերություն Գրիշի, որն ամիսներ շարունակ էդ դեմբելսկի
համազգեստի պատճառով տանջում էր իրեն, Պարգեւն իր դեմբելսկի կոստյումն ընդամենը մի
քանի օրվա մեջ տեղը տեղին գլուխ բերեց, ու Պարգեւի էդ դեմբելսկի կոստյումը Գրիշինից
անհամեմատ ճաշակով ու լավն էր, մանավանդ որ՝ Պարգեւինն անհամեմատ զուսպ ու ծանրակշիռ
էր, դրան էլ գումարած՝ Պարգեւի սպայական սապոգները, որ վերջին պահին Մացոն գետնի
տակից ճարեց, դրան էլ գումարած՝ Պարգեւի ձիգ կեցվածքն ու արտաքին փայլը, ու էդ ամենին
էլ գումարած՝ Պարգեւի սերժանտական տարբերանշանները, որ նվագախմբի ղեկավար դառնալուց
հետո ընդամենը երկու ամսում զարմանալիորեն հաջողացրեց ստանալ եւ ունենալ, ու էս ամենի
հետ կապված ամենազարմանալին, թերեւս, այն է, որ ես, էսպես պատմելով ու առաջանալով,
սկսում եմ բանակիս կյանքից էնպիսի մանրամասներ ու մանրուքներ վերհիշել ու վերականգնել,
որ էս հետագա երեսուն տարիներիս ընթացքում ոչ մի անգամ չէի հիշել ու չէի մտաբերել,
եւ որ քիչ առաջ ասացի, որ Մացոն Պարգեւի էդ աֆիցերսկի սապոգները գետնի տակից ճարեց,
հենց էնպես չասացի, որովհետեւ, երբ Մացոն Պարգեւի ու տղերքի զորացրման նախորդ իրիկուն
էդ, ուրեմն, սպայական սապոգները ճարեց ու բերեց, եւ երբ հիացած ու զարմացած Պարգեւը
Մացոյին հարցրեց՝ «էս որտեղի՞ց»,- Մացոն խորհրդավոր ժպտաց ու ասաց՝ «գետնի տակից»,-
եւ որ հիմա ասում եմ, թե Պարգեւի դեմբելսկի կոստյումը Գրիշինից անհամեմատ ճաշակով
ու լավն էր, հենց էնպես չեմ ասում, որովհետեւ դա բացահայտ ու աչք ծակող փաստ էր,
ու մենք էդ աղաղակող փաստի ականատեսները դարձանք տղերքի զորացրման օրը՝ նոյեմբերի
ութի մշուշոտ առավոտյան, ու էդ առավոտը հատկապես իմ ու Վալերի համար էր մշուշոտ ու
մելամաղձոտ, որովհետեւ մեզանից ու Մացոյից բացի մեր բոլոր տղերքը՝ նոյեմբերյանցի
երկվորյակներն էլ ներառյալ, առավոտվա վեցին զորացրվեցին, եւ առավոտվա ուղիղ վեցին
զորացրվելը մեր զորամասում շատ հին ու շատ բարի ավանդույթ էր, ու դեմբելսկի տաքսիներն
էլ մեր Խկկ-ի մոտ հենց առավոտվա վեցից էին սկսում շողշողացնել իրենց լույսերը, իսկ
առավոտվա ուղիղ վեցին զորացրվելը մեր զորամասում ավանդույթ էր դարձել էն պարզ պատճառով,
որ առավոտվա վեցից շուտ դուրս չէին թողնում զորացրվածներին, իսկ վեցից ուշ զորամասից
դուրս գալն էլ ամոթալի բան էր ու նշանակում էր, որ դու էնքան ես սիրում էդ ծառայություն
կոչվածը, որ ավելորդ վայրկյաններ ու րոպեներ ես մնում էդ զորամասում, ու զորացրվողներն
իրենց ճամպրուկներով ու իրենց քնելու հաշվին հինգ անց կեսից արդեն Խկկ էին լցվում,
որպեսզի մինչեւ վեցը հասցնեին վերջնականապես ձեւակերպել ու կնքել դեմբելսկի փաստաթղթերը
եւ, ուրեմն, ուղիղ վեցին դուրս թռչեին մեր էդ Խկկ–ից: Էդ առավոտ ես ու Վալերը
տղերքին ճանապարհելով՝ ոչ մի կերպ չէինք կարողանում թաքցնել մեր նախանձը, բայց նույնիսկ
մեր էդ հոգեվիճակում երկուսս էլ տեսնում ու հասկանում էինք, որ Պարգեւի դեմբելսկի
կոստյումն ակնհայտորեն գերազանցում է Գրիշինին, եւ դա մեր մյուս տղերքն էլ էին տեսնում
ու հասկանում, եւ, չնայած էդ մասին ոչ ոք որեւէ ակնարկ չարեց, ինքը՝ Գրիշն էլ իր
իսկ աչքերով էդ տարբերությունը տեսավ, եւ դա Գրիշի վերջնական պարտությունն էր, եւ,
չնայած դեռեւս վեցից մի քանի րոպե պակաս էր, ու Գրիշի բախտից դրսում դեռեւս մթնշաղ
էր, բայց մեր լուսավոր Խկկ–ում անցկացրած մեր մի քանի րոպեները բավարար էին, որ բոլորս
տեսնեինք ու արձանագրեինք իրենց դեմբելսկի կոստյումների ակնհայտ տարբերությունը՝
հօգուտ Պարգեւինի, ու Գրիշի էդ վերջնական պարտությունն էդքանով չէր սահմանափակվելու,
որովհետեւ Գրիշի չար բախտից իրենց Բաքու-Երեւան ինքնաթիռը երեկոյան ութին նոր թռչելու
էր, եւ Գրիշի չար բախտից ընդամենը ժամուկեսից լրիվ լուսանալու էր, եւ Գրիշի չար ու
դաժան բախտից էդ թվերի ողջ ինտերնացիոնալ Բաքուն, փաստորեն, տեսնելու էր Գրիշի ու
Պարգեւի դեմբելսկի համազգեստների ակնհայտ տարբերությունն ի վնաս Գրիշի, ու Գրիշի
էդ վերջնական պարտությունը նաեւ Երեւան-Բաքու ինքնաթիռի սալոնի ժողովուրդն էր արձանագրելու,
ու դրանից հետո էլ՝ Փարաքարի օդանավակայանի ողջ ժողովուրդը: Ես էս ամենը,
փաստորեն, Գրիշի անունից եմ ասում ու մտածում, եւ հավատացեք, որ իր անունից ու իր
փոխարեն էս ամենը միանգամայն ճշգրիտ եմ ասում ու մտածում, որովհետեւ իրենց էդ զորացրման
առավոտ էդ ամենը Գրիշի աչքերի մեջ էնքան պարզ ու հստակ էր գրված, որ նույնիսկ տարիների
էս հեռավորությունից ինձ համար ամենեւին դժվար չէ վերընթերցել Գրիշի անքուն ու կարմրատակած
աչքերում հստակորեն գրված էդ ամենը: Էդ առավոտվա հետ կապված՝ նաեւ հիշում
եմ, որ երբ Խկկ-ի լուսամուտից շողշողացին տղերքի դեմբելսկի տաքսիների լուսարձակներն,
ու բոլորս միասին Խկկ-ից դուրս թռանք, էդ մթնով ու առավոտվա էդ ցրտին Գրիշն արդեն
դրսում էր, ու էդ պահին մտքովս անցավ, որ Գրիշը բոլորիցս շուտ էր դուրս եկել, որ
մենք հնարավորություն չունենայինք մի ավելորդ անգամ համեմատել իր ու Պարգեւի դեմբելսկի
կոստյումները: Երբ տղերքին ճանապարհեցինք ու Պարգեւի հետ վերադառնում էինք
կազարմա, Վալերն ասաց. «Արմո՛, էս մեր Գրիշի թեւին ըտենց էլ ոչ մի նակոլկա չարիր,
չէ՞»: Ես մոռացել եմ ասել ու պատմել, որ բանակում իմ հիմնական զբաղմունքը՝
պատի թերթերից, լոզունգներից ու աֆիշներից բացի, նաեւ մեր տղերքի ու հատկապես դեմբելների
թեւերին դաջվածքներ անելն էր: Արհեստանոցումս ինչն էր շատ՝ տուշը, եւ Մացոն էլ չգիտես
որտեղից դաջվածքի ասեղ էր ճարել, եւ մեր տղերքի ու հատկապես դեմբելների խնդրանքով
իրենց թեւերին դաջվածքներ էի պատկերում ու էդ գործն ամենայն սիրով էի անում, որովհետեւ
էդ գործի շնորհիվ հատկապես դեմբելների կողմից առանձնակի հարգված էի եւ, բացի այդ,
ես էդ գործն անում էի միանգամայն ստեղծագործաբար ու դեմբելների թեւերին էնպիսի պատկերներ
էի ծակծկում, որ երբեւէ չէին տեսել: Իմ, Մացոյի ու նվագախմբի մեր տղերքի թեւերին
էլ էի մեկական խաչ դաջել, ու էդքանով սահմանափակվել էինք, ու էդքանն էլ արել էինք,
որպեսզի ընդհանուրից հետ չմնայինք: Գրիշն ինձ դաջվածքի հաշվով երբեւէ բան
չէր խնդրել, ու ինքը մերոնցից միակն էր, որ, փաստորեն, մաքուր ձեռքերով էր տուն վերադառնում,
եւ երբ իրենց ճանապարհեցինք ու Վալերի հետ գլխիկոր վերադառնում էինք կազարմա, Վալերն
ասաց. «Արմո՛, էս մեր Գրիշի թեւին ըտենց էլ ոչ մի նակոլկա չարիր, չէ՞»: «Չէ,- ասացի
ես.- ինքը ոչ մի անգամ չի խնդրել»: «Կապ չունի,- ասաց Վալերը.- պիտի իրա թեւերից
մեկի վրա նակոլկա արած ըլնեիր»: «Ի՞նչ նակոլկա»,- զարմացա ես: «Իրա թեւին պիտի գրած
ըլնեիր՝ ԱՆԲԱԽՏ ԳՐԻՇ»,- ասաց Վալերը: «Վալեր ջան, էսօր իրիկուն իրանք իրանց տներում
կըլնեն, ընենց որ՝ էդ քո ասած «անբախտն» ավելի շատ մեզ ա բռնում»,- ասացի ես: «Ճիշտ
ես ասում»,- հոգոց հանեց Վալերը: Գլուխ
քսանիններորդԳլուխ երեսուներորդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել