Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեխակները ո՞ւմ նվիրի

Օգոստոս 27,2005 00:00

Հարցազրույց Բաղդասար Հարությունյանի (Բղդո) հետ

– Կարծես միանգամից հայտնվեցիք ասպարեզում: Ո՞ւր էիք մինչեւ հիմա:

– Անկախությունից հետո ասպարեզ եկա, իսկ մինչ այդ Աշխարհի ժողովուրդների երգ ու պարի խմբի մեներգիչն էի (գեղարվեստական ղեկավար՝ Վարուժան Թաշչյան), այնուհետեւ «Թալիսման» էստրադային խմբում էի աշխատում: Ներկայումս նախկին «Ռալի» ռոք խմբի երաժիշտների հետ եմ:

– Իսկ ինչո՞ւ Բղդո եւ ոչ ամբողջական անուն-ազգանունը:

– Ես Բաղդասար Հարությունյանն եմ, Բղդոն անվանս կրճատ ձեւն է: Հաճախ կարծում են, թե ազգությամբ եզդի եմ, բայց ես հայ եմ:

– Պաշտոնյաները շատ են սիրում ձեր երգերը, հատկապես «Մեխակները»…

– Գիտեմ, լսել եմ…

– Որքան ես տեղյակ եմ, նախագահը ջազից բացի ձեր երգերն էլ է լսում, եւ տարբեր առիթներով հրավիրվում եք հատկապես «Մեխակները» երգելու:

– Ու մեխակներ են բաժանվում իմ երգի տակ: Գիտեմ, բոլորի կողմից սիրված երգ է, հնչում է համարյա բոլորի մեքենաների մեջ, երեւի նրանից է, որ ստացվել է:

– Ասում են՝ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանն էլ է ձեր «Մեխակների» երկրպագուն:

– Հնարավոր է: Ի դեպ, նա մեր հարեւանն է..Իմ տվյալներով՝ այդ երգը պաշտոնյաներից ու քաղաքական գործիչներից շատերն են սիրում:

– Ո՞վ է գրում ձեր երգերի տեքստերն ու երաժշտությունը:

– Հիմնականում՝ ես:

– Միշտ սիրո մասին եք երգում…

– Իսկ ուրիշ ինչի՞ մասին երգենք:

– Օրինակ՝ հայրենասիրության:

– Մարդիկ կան դրսում են ապրում, բայց ավելի հայրենասեր են, քան Հայաստանում ապրող շատերս:

– Դուք մի ժամանակ երգում էիք «Կեսարի պալատում», ինչո՞ւ էլ այնտեղ չեք:

– Գուցե դա մյուսների համար ուղղակի ռեստորան է, բայց ինձ համար տուն էր, խումբս հիմա էլ այնտեղ է աշխատում: Ուղղակի չէի հասցնում ռեստորանում աշխատանքը համատեղել համերգային գործունեության հետ: Հիմա նոր ալբոմի վրա ենք աշխատում, նորից սիրո մասին եմ երգելու: Մի քիչ ֆոլքի վիճակի երգեր էլ կան ընդգրկված, որոնք կատակային տարրեր են պարունակում:

– Ձեր երգերը ո՞ր ժանրի մեջ են տեղավորվում:

– Դրանք հաստատ ռաբիս չեն: Ռաբիս բառը վերջին շրջանում սխալ է կիրառվում: Գուցե լեզվաբանները մի հարմար համարժեք մտածեն: Եթե մեկի կոշիկը լավ չի նայվում, ասում են՝ վա՜յ ինչ ռաբիզ տղա ա, մի անճաշակ պահվածք, ասում են՝ ինչ ռաբիս մարդ ա: Հիմա ինչքան վատ բան կա, ռաբիս անունն են կպցրել: Ինչ վերաբերում է իմ երգերին, ես լրիվ քաղաքային ֆոլքի մեջ եմ:

– Տեղից վեր կացողը երգում է, եթերը լցված է անճաշակ տեսահոլովակներով…

– Նման երգերը թիթեռի կյանք ունեն, թեկուզ ամենաթանկ տեսահոլովակը չի կարող փրկել անճաշակ երգը:

– Վերջերս համերգային գործակալություններից մեկը հեռուստատեսությամբ ցուցադրում էր համերգի գովազդային տեսահոլովակը, որտեղ հնչում էր նաեւ ձեր երգը, սակայն դուք համերգին ելույթ չունեցաք:

– Այո, նման բան քանիցս եղել է: Տոմսեր վաճառելու համար հաճախ են շահարկում իմ անունը:

Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031