Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմիկոսների հետ զգույշ խոսեք

Օգոստոս 27,2005 00:00

«Օրինակի համար՝ ակադեմիայի տեխնոլոգիական մասնաշենքը 15 տարով տվեք կոլեկտիվին, ոչ Կատյային, ոչ Պետյային»,- ասում է գիտական համակարգի օպտիմալացման լուրերից անհանգստացած Գագիկ Հասրաթյանը, որը Օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենն է եւ «Առիակ» կիրառական քիմիայի ինստիտուտի խորհրդի նախագահը:

Նա վերոնշյալ առաջարկը հիմնավորում է այսպես. «Շուկայի աճի դինամիկան ուսումնասիրված է: Մենք լրիվ խաղացող ենք: Մենք նստած չենք, որ մեկին հանեն՝ մեզ զամեն անեն: Մենք խաղում ենք այդ դաշտում եւ լավ ենք խաղում: Եվ ավելի լավ կխաղանք, եթե մեզ քաղցր աչքով նայեն կամ գոնե առանց հորանջելու լսեն»:

Խորհրդային Միությունում Հայաստանը հզոր քիմիա ունեցող երեք հանրապետություններից մեկն էր, որովհետեւ ուներ ակադեմիական հզոր ինստիտուտներ եւ կրթական ուղղահայաց համակարգ՝ դպրոց-համալսարան-ակադեմիա-արտադրություն: Վերջին կարեւոր օղակը, ցավոք, այսօր չկա: «Պոլիվինիլացետատ» գործարանը ջախջախված է, «Նաիրիտը» աշխատում է կիսագործունակի ջանասիրությամբ, մնացածը կաթվածահար վիճակում են: Բայց Գ. Հասրաթյանը իր ղեկավարած երկու կառույցների փոխկապակցված աշխատանքի օրինակով ապացուցում է, որ չի կարելի այդ ոլորտի հետ բարբարոսաբար վարվել, քանզի այն մեծ օգուտ կարող է բերել Հայաստանին, նույնիսկ՝ եթե այն շրջափակման մեջ Է: «Առիակն» այսօր արտադրում է 2500 անուն օրգանական նյութեր, կոմպոզիցիաներ, որոնք օգտագործվում են բոլոր գիտատար ուղղություններում՝ բժշկության, բիոտեխնոլոգիայի, էլեկտրոնիկայի, ագրոկուլտուրայի ոլորտներում: Արտադրանքի 99 %-ը, ըստ Գ. Հասրաթյանի, սպառվում է գրեթե բոլոր մայրցամաքների զարգացած երկրներում՝ Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում, Ճապոնիայում: Այդ եւ այլ երկրներում հայկական արտադրանքի պահանջարկը մեծանում է, բայց նրանք չեն ցանկանում իրենց երկրում արտադրել, մի քանի պարզ պատճառներով. ուզում են մաքուր օդ շնչել, նաեւ նյութերի ինքնարժեքն է թանկ նստում: Ի դեպ, Իսպանիայում գտնվող Բիզնեսի որակավորման միջազգային տնօրինությունը այս տարվա հուլիսին «Առիակին» շնորհել է «Ոսկե աստղ» մրցանակ եւ ընկերությունն իրավունք է ստացել այն տեղադրել ապրանքապիտակների վրա՝ որպես որակի երաշխիք: Այդուհանդերձ, «Առիակն» արտադրում է նաեւ այնպիսի նյութեր, որոնց մեկ կիլոգրամը շատ ավելի թանկ արժե եւ ավելի հեշտ է արտահանել, քան «Նաիրիտի» մեկ տոննա կաուչուկը:

«Քիմիան ունի սպիտակ եւ սեւ գույներ: Սպիտակը քաղաքացիական գործերի համար է, սեւը՝ սեւ: Մենք երկու գույների տեխնոլոգիաներին էլ տիրապետում ենք: Ամերիկացիները դա հասկացել են եւ մասնագետներ ունենք այնտեղ… Եթե մեր հարեւանները իմանան… Ուրեմն մեզ հետ պետք է զգույշ խոսել, որովհետեւ մենք կարող ենք անմիջապես փոխվել եւ անել այն, ինչը նրանց դուր չի գա: Եվ չենք ընկնի սրա-նրա դուռը»,- կանխարգելիչ տոնով ավելացրեց Գ. Հասրաթյանը, մեկ անգամ եւս հիշեցնելով, որ պետությունը չպետք է թերագնահատի քիմիայի դերը:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել