Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինին՝ մեդալակիր, օրիգինալը՝ ո՞չ

Օգոստոս 27,2005 00:00

«Գժիլկան» ու «Գժելկան» նույնը չեն

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը օղու եւ ալկոհոլային խմիչքների շուկայում գործող մի շարք ընկերությունների անբարեխիղճ մրցակցության համար տուգանեց 100 հազարից մինչեւ 1 մլն դրամի չափով: Ըստ հանձնաժողովի, տուգանված ընկերություններն արտադրել են այնպիսի անվանումներով օղիներ, որոնք շփոթության աստիճանի նմանեցված են ռուսական ընկերությունների արտադրանքին:

Խանութում գնորդը թերեւս միայն գնային տարբերությամբ կարող է կողմնորոշվել՝ ռուսակա՞ն օղի է ներկայացված, թե՞ հայկական, որովհետեւ թե՛ ապրանքանիշի անունով, թե՛ բառային ու տառային հատկանիշներով դրանք գրեթե նույնն են: Մինչդեռ ընկերությունների ներկայացուցիչները փորձում էին հանձնաժողովի անդամներին համոզել, որ մատնանշված նմանությունները սոսկ զուգադիպություններ են: Տուգանվող ընկերություններից մեկի՝ «Աղայան գրուպի» ներկայացուցիչ Տիգրան Աղայանն, օրինակ, պնդեց, որ իրենց արտադրած «Գժել» օղին ոչ մի կապ չունի «Մոսկովսկի զավոդ Կրիստալ» ընկերության արտադրած «Գժելկա» օղու հետ. «Մերը հայկական գյուղի անվանում է, իսկ պիտակի վրայի թռչունների պատկերը 18-րդ դարի գեղանկարչություն է»: Այսինքն՝ ըստ Տ. Աղայանի, պատահականորեն ճշգրտությամբ համընկել են թե՛ թռչունների նկարը, թե՛ պիտակի գույնը, տառերը եւ անվանումները: Ուստիեւ, հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն ընկերության ներկայացուցչին հավատացրեց, որ եթե 1 ամիս անց դադարեցված չլինի այդ օղու արտադրությունը, 100 հազար դրամ նշանակված տուգանքը կլինի 1 մլն դրամ, իսկ 3-րդ անգամ արդեն հանձնաժողովը կդիմի դատարան՝ հարկադիր եղանակով դադարեցնելու պահանջով:

Հաջորդ երկու ընկերությունները՝ «Ֆլիտֆուդը» եւ «Էրեբունի ալկոն», թեեւ 1 անգամ արդեն զգուշացվել են հանձնաժողովի կողմից ու վճարել սահմանված տուգանքը, բայց անցյալ տարվանից չէին դադարեցրել արտադրությունը: «Էրեբունի ալկոն» շարունակում է արտադրել 1 տառի տարբերությամբ ռուսական արտադրության «Absolut»-ին նմանեցված «Absolit» օղին: «Ֆլիտֆուդն» էլ իր հերթին շուկայից դուրս չի բերել «Մոսկովսկայա», «Ստարայա ստոլիցա» եւ «Գժիլկա» անվանումներով օղիները: Ի դեպ, հանձնաժողովի անդամներից մեկը նիստի ընթացքում ցուցադրվող մոնիտորի վրա նկատեց, որ այս օղիները ռուսականի համեմատությամբ ունեն մեկ տարբերություն՝ հայկականները մեդալակիր էին, ռուսականները՝ ոչ:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել