Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԻՆԱԿՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Օգոստոս 27,2005 00:00

Բայց
դրա համար նրանց անհրաժեշտ է ոստիկանության միջամտությունը «Առավոտի» հետ
հանդիպման սկզբում «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության տնօրեն Սուսաննա Ներսիսյանը
հիշեցրեց, որ Հայաստաի Հանրապետության օրենքը հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների
մասին (ընդհանուր 43 հոդված՝ իր կետերով) կարգավորում է գիտության, գրականության,
արվեստի ոլորտների ստեղծագործությունների (հեղինակային իրավունք), կատարումների,
հնչյունագրերի (ֆոնոգրամա), հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների (հարակից
իրավունքներ) ստեղծման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները: Տիկին
Ներսիսյանը, համակարծիք լինելով մեր տեսակետին, որ արվեստագետները պետք է բողոքեն
իրենց հեղինակային իրավունքների ոտնահարման դեմ, ասաց. «Հեղինակները վերջին շրջանում
աշխուժացել են, հետաքրքրվում են իրենց իրավունքներով ու փորձում պաշտպանել դրանք:
Տարբեր կազմակերպություններ օգտվում են հեղինակների ստեղծագործություններից ու պարզապես
հրաժարվում վճարելուց»: Շարունակելով միտքը՝ տնօրենը տեղեկացրեց, որ մեր օրենքը շատ
նման է Գերմանիայում գործող օրենքին. «Օրենքի աշխատելու արդյունքն է, որ Գերմանիայում
արվեստագետները լավ են ապրում ու, բնականաբար, զարգանում է գրքի, CD-ների, մշակույթի
այլ ոլորտների բիզնեսը»: Հարցին, թե՝ օրենքը տարածվում է նաեւ ոչ պրոֆեսիոնա՞լ
հեղինակների ստեղծագործությունների վրա, Ս. Ներսիսյանը պատասխանեց. «Այո, բոլոր հեղինակների
վրա՝ անկախ նրանց ստեղծած երկի որակից: Յուրաքանչյուրը, եթե ստեղծել է գործ եւ այն
ցուցադրվում է, կատարվում կամ հնչում, բնականաբար, պիտի դրա դիմաց վարձատրվի»: Տնօրենը
նշեց, որ կառավարության 1999թ. 251 որոշմամբ կան սահմանված հստակ դրույքաչափեր: Վերջերս
մեծ աղմուկ հանեց կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության (6-րդ) անցկացրած
միջոցառումը, որի արդյունքում հայտնի «Ռեքո-Ռեքորդս» ֆիրմայի երեւանյան վաճառակետերում
հայտնաբերվել էին մի քանի հազարի հասնող «պիրատային» ձայներիզներ: Պարզվում է՝ այս
աշխատանքում հարկավոր են նաեւ ոստիկանական ուժեր: Տիկին Ներսիսյանը համաձայնեց. «Երբ
մեր ուժերով հարցը չենք կարողանում լուծել, ստիպված դիմում ենք ոստիկանությանը, տեղեկացնելով,
որ այս կամ այն ֆիրման չունի լիցենզավորման պայմանագիր եւ խնդրում համատեղ քայլեր
ձեռնարկել: Մեր աշխատանքի հետ կապված՝ համագործակցում ենք Մտավոր սեփականության գործակալության
հետ: Նորմալ երկրներում «պիրատային» ճանապարհով ձեռք բերվածը ջարդում են, այրում:
Կարծում եմ, մեր «պիրատներին» էլ է հարկավոր նման վերաբերմունք ցուցաբերել, առանց
հանդուրժողականության»: Իրենց աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար
երկու ամիս է՝ Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը «Հայհեղինակը» անցկացնում
է սեմինարներ: Այդ մասին Ս. Ներսիսյանն ասաց. «Հրավիրվում են ոչ միայն արվեստագետներ,
նաեւ օգտագործող կազմակերպություններ (հեռուստառադիոեթեր, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ,
իրավաբաններ): Նպատակն է լսել կարծիքներ, դիտողություններ ու առաջարկություններ եւ
դրանց հիման դրա փոփոխություններ կատարել օրենքում»: Խնդրեցինք բերել մեկ օրինակ,
երբ առաջարկությունը հաշվի է առնվել եւ արդյունքում օրենքում կետ է հայտնվել: Տնօրենը
հայտնեց, որ հեղինակային մասնակի իրավունք է տրվել նաեւ հրատարակիչներին՝ նրանց համանման
միջնորդությունից հետո: Այն է՝ հրատարակիչները դիտվում են որպես օգտագործող եւ ոչ
հեղինակ, բայց խորհուրդը որոշել է նրանց էլ տալ որոշ իրավունքներ: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել