Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Օգոստոս 27,2005 00:00

Օգոստոսի 29-ին ԱԺ-ն կքննարկի առաջարկվող սահմանադրական
փոփոխությունների փաթեթը: Սա չափազանց կարեւոր մի գործընթաց է, որին լրջորեն պետք
է վերաբերվեն քաղաքական դաշտի բոլոր օղակները, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիները: Սահմանադրությունը
հիմնարար օրենք է ցանկացած երկրի համար, որի շուրջ կառուցվում է օրենքի գերակայությունը:
Ամերիկյան Սահմանադրության սկզբնական տարբերակի մշակման համար ամերիկացիներից տասներեք
տարի պահանջվեց: Դրանից հետո մենք քսանյոթ անգամ փոփոխություններ ենք կատարել մեր
Սահմանադրության մեջ, որոնցից վերջինը եղավ 1990-ականներին: Այսօր Իրաքում մշակվում
է Սահմանադրություն, ու մենք տեսնում ենք, որ դա, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների
նախապատրաստումը, երկարատեւ ու աշխատատար գործընթաց է, որը խիստ պատասխանատու խնդիր
է բոլոր կողմերի համար, որպեսզի ի վերջո ձեւավորվի մի փաստաթուղթ, որն արտացոլում
է ժողովրդի կամքն ու ապահովում է իշխանության ճիշտ հակակշռում՝ իշխանության ճյուղերի
միջեւ: Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտպանում է բոլոր նրանց ջանքերը, ովքեր
իրենց մասնակցությունն են բերել Հայաստանի ընթացիկ Սահմանադրության բարեփոխումների
մշակման գործընթացին, եւ կոչ է անում բոլոր կողմերին կառուցողական ու պատասխանատու
երկխոսություն վարել այս խնդրի շուրջ: Քաղաքական խաղի կանոնները ցանկացած երկրում
սահմանվում են Սահմանադրությամբ: Ցանկացած քաղաքական կուսակցություն պետք է շահագրգռված
լինի այդ կանոնների սահմանմամբ: Երբ արդեն կանոնները սահմանվեն, թող այդժամ սկսվի
քաղաքական խաղը, որը կարող է լինել թեժ եւ համառ, որը, սակայն, կընթանա խաղի համաձայնեցված
կանոնների պահպանմամբ: Սահմանադրական բարեփոխումները պետք է լինեն ոչ միայն
քաղաքական դաշտի տարբեր օղակների, այլ նաեւ յուրաքանչյուր քաղաքացու ուշադրության
կենտրոնում, քանի որ այս փաստաթուղթը երկրի հիմնարար օրենքն է: Միջազգային հանրությունը,
այդ թվում եւ Միացյալ Նահանգները, մշտապես զորավիգ է եղել Եվրախորհրդի աշխատանքներին,
որոնք ուղղված էին օգնել Հայաստանին սահմանադրական բարեփոխումների լավ փաթեթի մշակման
հարցում: Մեր կարծիքով, սահմանադրական բարեփոխումների ներկա փաթեթը նշանակալի առաջընթաց
քայլ է, սակայն դա հաստատելու մասին որոշումը պետք է կայացնեն Հայաստանի Հանրապետության
ընտրողները: Հուսով եմ, որ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ այս կարեւոր գործընթացի
մասին հասարակությանը իրազեկելու ուղղությամբ, այնպես որ՝ նոյեմբերին նախատեսվող
հանրաքվեին հանրությունը, լինելով տեղեկացված ու իրազեկ, կկարողանա արտահայտել իր
կամքը: Ազգային ժողովի անդամները երկուշաբթի օրը պատրաստվում են քննարկել
առաջարկվող սահմանադրական փոփոխությունները, ու հուսով ենք, որ նրանք գիտակցում են
այն մեծ պատասխանատվությունը, որ ստանձնում են իրենց հայրենակիցների առաջ Հայաստանի
Հանրապետության համար լավագույն սահմանադրական դրույթների շուրջ համաձայնության գալու
հարցում: Երկուշաբթի օրը կայանալիք քննարկումներն ու դրան հաջորդող գործընթացը կընկալվեն
որպես Հայաստանում քաղաքական զարգացման աստիճանի ցուցանիշ: ՋՈՆ
ԷՎԱՆՍ ԱՄՆ դեսպան, Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել