Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻՑ 2-Ն ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ

Օգոստոս 27,2005 00:00

Այս
մասին ազդարարվեց երեկ՝ Եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ԱԺ ժամանակավոր
հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սահմանադրության
փոփոխությունների նախագծին՝ օգոստոսի 29-ին երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:
Թեեւ փաստաթուղթը միայն նախօրեին՝ աշխատանքային օրվա ավարտին էր վերջնական տեսքի
բերվել ու տրամադրվել հանձնաժողովականներին: Խորհրդարանական մեծամասնության
ներկայացուցիչները (հանձնաժողովի ընդդիմադիր անդամները չէին մասնակցում նիստին) հավանություն
տվեցին նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի
եւ Հանրային հեռուստատեսությամբ նստաշրջանի հեռարձակման մասին որոշման նախագծին:
Սրա առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ելույթի հնարավորություն է ընձեռվելու
նաեւ Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցչին: Հանձնաժողովի նախագահ Տիգրան
Թորոսյանը հանգամանալից պարզաբանումներ ներկայացրեց ընդդիմության առաջարկների վերաբերյալ:
Նախ նշեց, թե «Ազգային միաբանությունը» հանձնաժողովի նիստը սկսվելուց մի քանի րոպե
առաջ պաշտոնապես ներկայացրել է մի նամակ, որտեղ նշվում են իրենց առաջարկությունները
նախագծի վերաբերյալ: Խմբակցությունն առաջարկում է բարեփոխումների փաթեթում ներառել
դրույթ, ըստ որի փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուց հետո դադարում են ԱԺ լիազորությունները
եւ նշանակվում արտահերթ ընտրություններ: Ըստ «ԱՄ»-ի, դրանից հետո ձեւավորվում է նոր
կառավարություն, 50 օրից դադարեցվում են նախագահի լիազորությունները, եւ նշանակվում
արտահերթ նախագահական ընտրություններ: Առաջարկը հիմնավոր է մասնավորապես այն պատճառով,
քանի որ այս նախագիծն ընդունվելու դեպքում էապես փոխվելու են պետական այս 3 մարմինների
լիազորությունները: Սակայն Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, թե եզրափակիչ դրույթների համաձայն՝
ընտրովի մարմինները պիտի ավարտեն իրենց լիազորությունները, եւ դրանից հետո միայն՝
այս փոփոխությունների հիման վրա կձեւավորվեն նոր մարմիններ: Մեկ այլ խնդիր էլ կարեւորեց.
«Չմոռանանք, որ խորհրդարանի հերթական, հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու
2007-ի կեսին: Անկեղծ ասած, կարծում եմ, ժամանակը, որ կմնա իսկապես լիարժեք, բոլոր
միջազգային չափանիշներին բավարարող ընտրությունների նախապատրաստվելու ու անցկացնելու
համար՝ այն է, ինչ կլինի այս սահմանադրական փոփոխություններից հետո»: «Արդարություն»
խմբակցության 5 հիմնական առաջարկների առնչությամբ, որոնք փոխանցվել էին ԵԽԽՎ նախագահին՝
Տիգրան Թորոսյանն ասաց, թե դրանցից 2-ին նախագծում տրվել է լիարժեք լուծում: Դրանք
վերաբերում են կառավարության կառուցվածքը օրենքով, այլ ոչ թե երկրի նախագահի հրամանագրով
սահմանելուն, ինչպես նաեւ վարչապետի նշանակման ընթացակարգին: Մասնավորապես, նախագծում
ամրագրվել է, որ երկրի նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների բացարձակ մեծամասնության
կամ հարաբերական մեծամասնության վստահությունը վայելող անձին: Ինչ վերաբերում
է «Արդարության» մյուս 3 առաջարկներին՝ նախագահի կողմից մարզպետներին նշանակելու
իրավասությունը բացառելու, նրա կողմից դատավորների նշանակման կարգը վերանայելու,
նաեւ՝ Երեւանի քաղաքապետի ուղղակի ընտրությունների վերաբերյալ, ըստ Տիգրան Թորոսյանի,
դրանք «ունեն լուծումներ, որոնք օրենքով են կարգավորվում»: Միջանկյալ նկատենք, թե
ընդդիմությունը շարունակում է պնդել, որ նշված հարցերը պետք է կարգավորվեն Սահմանադրությամբ:
Հանձնաժողովի աշխատանքներին ուշացումով մասնակցեց նաեւ Արշակ Սադոյանը, որը
նիստի մասին տեղեկացել էր միայն լրագրողներից: Հանձնաժողովի նախագահը պարզաբանեց,
թե «Արդարություն» խմբակցությանը նախօրեին տեղեկացրել է նիստի մասին. «Այնպես որ՝
եթե Ձեզ չեն տեղեկացրել, խնդրում եմ, ինձ չներկայացնեք այդ հարցադրումները»: Արշակ
Սադոյանը փորձեց պարզել դեռ հունիսի 15-ին ներկայացված իր 64 առաջարկների ճակատագիրը.
բողոքեց, թե իրեն երբեք չեն հրավիրել դրանց քննարկմանը: Սակայն Տիգրան Թորոսյանը
հայտնեց, թե Սադոյանի առաջարկներից մի քանիսն ընդունվել են: Խոսքն, ասենք, նախագծում
նման դրույթներ ներառելու մասին էր. «Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային
եւ այլ խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության
իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում՝ դատարանի
որոշմամբ»: Եվ այսպես, Սադոյանի 4 առաջարկներ ընդունվել են մասնակիորեն, 3-ը՝ լիովին:
Արշակ Սադոյանն այս նիստում նաեւ փորձեց ստանալ իր մշտապես հնչեցվող հարցի
պատասխանը, որ եթե անընդհատ հայտարարվում է, թե Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում
3-րդ անգամ առաջադրվել՝ ինչո՞ւ չի ընդունվում իրենց առաջարկը. «Սահմանադրության 50
հոդվածում ավելացնել ընդամենը 3 բառ՝ 3-րդ անգամ նույն անձը չի կարող առաջադրվել
նախագահի թեկնածու՝ անկախ սահմանադրական փոփոխություններից: Ընչի՞: Քանի որ կարող
է եւ օգտագործվե՞ն սահմանադրական փոփոխությունները: Դրա՞ համար, որ տեղ թողնեք»:
Պատասխանը միայն այս էր՝ թե առաջարկներ ընդունող-չընդունողն այս հանձնաժողովը չէ,
այլ նախագծի հեղինակները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել