Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ

Օգոստոս 26,2005 00:00

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ «Վերջին՝ 2003 թվականի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո իշխանություններն աշխարհին ցույց տվեցին, որ իրենց համար օրենք, Սահմանադրություն գոյություն չունի»,- ասում է Ռաֆայել Ղազարյանը: «Անգամ այն կաղ Սահմանադրությունը, որը ժառանգել ենք 1995 թվականից: Եվ Հայաստանը հայտնվեց ոչ լեգիտիմ իշխանությունների ազդեցության տակ: Երկու տարի է՝ մենք պայքարում ենք այդ ոչ լեգիտիմ իշխանություններից ազատվելու համար եւ պետք է շատ ուշիմ լինել, որպեսզի ոչ մի սողանցք չստեղծվի»,- «Առավոտին» երեկ կարծիք հայտնեց Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Ռաֆայել Ղազարյանը: Ուշիմության երաշխիքն այս պահին սահմանադրական բարեփոխումներն են, որոնք բոյկոտելու որոշում է կայացրել Մտավորականների ֆորումը: Արդյունքում ստեղծվել է հակասական իրավիճակ՝ մտավորականները չեն ցանկանում բարեփոխել Սահմանադրությունը, բայցեւ չեն ընդունում գործող Սահմանադրությունը: Ռաֆայել Ղազարյանը պարզաբանում է. «1995 թվականի Սահմանադրությունը ձեւված-կարած էր առաջին նախագահի համար, այն էլ զեղծարարությամբ անցկացրին: Այն բոլոր նախադրյալները ստեղծում է նախագահի համար՝ ավտորիտարիզմի գնալու: Կախված է նախագահի անձից, թե որքանով նա կշահարկի իր իրավունքները: Երկրորդ նախագահին շատ հարմար եկավ այդ կոստյումը, եւ նա այդուհետ արդեն շահագրգռված էր պահպանել գործող Սահմանադրությունը: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը ավտորիտարիզմը կիրառեց շատ ավելի բռի եւ բռնի միջոցներով, գնաց շատ ավելի հեռուն: Ուստի 2003-ին ամեն ինչ արեցին, որ տապալեն սահմանադրական բարեփոխումները»: Սահմանադրական բարեփոխումների ներկայիս գործընթացն ակադեմիկոսն այսպես է բնութագրում. «Եվրոպայի ճնշման ներքո հասկացան, որ այլեւս չեն կարող քամահրանքով վերաբերվել այդ պահանջներին: Իշխանությունները սկզբից շատ մեծ-մեծ էին բրդում, Տիզբոն, պոլիտբյուրո անվանեցին, դժգոհեցին, որ մեկից ազատվեցին՝ հիմա էլ նորը… Բայց միաժամանակ, մեծ պատրաստակամությամբ ընդունեցին օրենք, որը թույլ է տալիս աղանդներին անվտանգ ու անարգել գործել: Եհովականը չի ասում, որ հայ է, ասում է՝ եհովական եմ: Այստեղ ժողովուրդն է խարխլվում, ապաբարոյականանում, կորցնում իր դեմքը, հայրենասիրությունը, բայց իշխանությունն այստեղ շատ պատրաստակամ էր, բացարձակ չվիճեցին Եվրախորհրդի հետ: Իսկ այնտեղ, որտեղ կպչում են իրենց շահերին՝ խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է, համառում են: Բայց Եվրախորհուրդը Մոսկվան չէ, այն պատժամիջոցներ չի կիրառում, այլ ասում է՝ հաջողություն: Չե՞ս ուզում ապրել այսպես՝ եվրոպական ընտանիքի անդամ չես»: Ի՞նչ տրամաբանությամբ են մտավորականներն առաջնորդվում՝ կոչ անելով բոյկոտել սահմանադրական բարեփոխումները: «Քննարկել դա ոչ լեգիտիմ ԱԺ-ի եւ նախագահի առկայությամբ՝ նշանակում է լեգիտիմացնել նրանց: Եթե անգամ մասնակցենք եւ ասենք «ոչ», կնշանակի համագործակցել այս իշխանության հետ: Սահմանադրությունն, անշուշտ, պետք է բարեփոխվի, պետք է կրճատվեն նախագահի լիազորությունները, եւ հավասարակշռություն մտցվի իշխանության թեւերի մեջ: Հայաստանը հիմա գաղութ է: Դա նախագահի հանցագործությունն է այս ժողովրդի նկատմամբ, որովհետեւ Սահմանադրությունը Սահմանադրություն չէ: Եթե մենք հիմա այս ոչ լեգիտիմ մարմիններից (նախագահ, օրենսդիր եւ գործադիր) չազատվենք՝ չենք կարող որեւէ բարեփոխում քննարկել: Նման քննարկումները կարող են լինել միայն առողջ մթնոլորտում»: Քանի որ սահմանադրական բարեփոխումները բոյկոտում են նաեւ «Հանրապետությունը» եւ ՀՀՇ-ն, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է համագործակցություն այս ուժերի եւ Մտավորականների ֆորումի միջեւ: Ի պատասխան՝ պարոն Ղազարյանը կտրականապես եւ սկզբունքորեն մերժեց ՀՀՇ-ի հետ համագործակցությունը, քանզի՝ «այս նախագահական կառավարումը մենք ստացանք որպես շարունակություն առաջինի»: Նրա կարծիքով՝ ՀՀՇ-ի միակ փափագն իշխանության վերադառնալն է, ուստի համոզված է, որ եթե «Հանրապետությունն» այդ քայլին գնա՝ «միայն իր ռեյտինգը կիջեցնի»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել