ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԶ ՊԵՏՔ ՉԵՆ Համոզված է իրավապաշտպան Միքայել Դանիելյանը Վերջերս սահմանադրական բարեփոխումների գործընթացին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով Երեւան ժամանած ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը, ի թիվս քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, հանդիպել էր նաեւ իրավապաշտպանների, այդ թվում՝ Հելսինկյան ընկերակցության նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանի հետ: Վերջինս մասնավորապես հայաստանյան քաղաքական շրջանակներում ամենաքննարկվող այդ հարցի՝ սահմանադրական փոփոխությունների առնչությամբ իր հստակ դիրքորոշումն ունի. «Իմ կարծիքով՝ այս պահին Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելն անիմաստ է: Դրանք մեզ պարզապես պետք չեն»: Այսպիսի դիրքորոշում հայտնելու համար իրավապաշտպանի փաստարկները չեն սահմանափակվում նաեւ ընդդիմության կողմից հնչող ձեւակերպմամբ՝ հասարակությունն անտարբեր է այս գործընթացի հանդեպ, նա հանրաքվեի չի գնա կամ գնալիս՝ դրան դեմ կքվեարկի, որովհետեւ չի վստահում բարեփոխումների նախագիծը ներկայացրած եւ հանրաքվե կազմակերպող իշխանություններին, որոնք բազմիցս են խախտել գործող Սահմանադրությունը: «Ես չեմ ասում, որ գործող Սահմանադրությունը ֆանտաստիկ լավն է: Ոչ: Կան թերություններ, որոնք կարելի է շտկել: Բայց, երբ եվրոպական կառույցների ներկայացուցիչներն ասում են՝ այ, հիմա կընդունվի Սահմանադրությունն ու կտեսնեք, թե ինչքան լավ կլինի՝ ես չեմ հավատում: Իսկ ինչո՞վ է լավ լինելու: Ի՞նչ է, գործող Սահմանադրության մեջ ասված էր, որ մենք ապրում ենք զինվորաոստիկանական պետությունո՞ւմ, որ դատարանը կամ դատարանի նախագահը պետք է կախվա՞ծ լինեն արդարադատության խորհրդից կամ նախագահից, որովհետեւ նրանք են որոշում դատարանի կազմը: Իհարկե՝ ոչ: Որքան էլ փոխվի դատարանակազմության կարգը, ով էլ լինի արդարադատության խորհրդի նախագահը՝ միայն դրանից դատարաններն ավելի անկախ ու անկաշառ չեն լինի, որովհետեւ անօրինական է իշխանական ամբողջ համակարգը: Կամ՝ գործող Սահմանադրության մեջ գրված է, որ մարդկանց պետք է խոշտանգե՞լ: Ոչ դատախազությունը, ոչ արդարադատության խորհուրդը, ոչ դատարանները կապ չունեն ոստիկանության բաժիններում իրականացվող խոշտանգումների հետ: Այդ կառույցները պետք է հետեւեն, որ խոշտանգումները բացառվեն եւ դատապարտվեն: Թող անեն: Ի՞նչ է՝ Սահմանադրությո՞ւնը թույլ չի տալիս: Գործնականում այդ մարմինները պարզապես գտնում են, որ մարդկանց խոշտանգելը նորմալ է: Ոչ ոք, լինի դա ԵԽԽՎ-ն, մոնիտորինգի խումբը, ինձ չի համոզի, որ բարեփոխումները նոր էջ են բացելու մեզ համար: Ես չեմ հավատում, որովհետեւ մարդկանց այդ խավը, որ հիմա իշխանության ղեկին է, ինքն է ամեն ինչ անում, որ Հայաստանում իրական բարեփոխումներ չլինեն: Թե Եվրոպան մեկ տարի հետո ինչպե՞ս է մեզ համոզելու, որ Հայաստանում բարեփոխումներ են կատարվելու՝ զարմանում եմ, որովհետեւ այդ փոփոխություններն ընդունվելու դեպքում էլ Հայաստանում դատավորները, դատախազները նույն մարդիկ են լինելու, ընտրական հանձնաժողովների նախագահները նույն կեղծարարներն են լինելու, ոստիկանությունում մարդ խոշտանգողներ են լինելու: Ի՞նչ է, հիմա այդ մարդիկ նոյեմբերից հետո նո՞ր պետք է Սահմանադրություն հարգեն, եթե չեն հարգում գործողը»,- կարծիք հայտնեց իրավապաշտպանը: Ինչ վերաբերում է առաջարկվող փոփոխություններում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասով կատարված բարեփոխումներին, ապա իրավապաշտպանի ասելով՝ «գործող Սահմանադրությունն էլ վատը չէր»: Նա միայն շեշտեց, որ գործողի մեջ այդ բաժնում մի-երկու կետ կարելի էր փոխել՝ կապված այլընտրանքային ծառայության հետ: «Իսկ, ահա, առաջարկվող նախագծում մի կարեւոր կետ չկա, որը կա գործող Սահմանադրության մեջ. դա երդվյալ ատենակալների ինստիտուտ ստեղծելու հնարավորությունն է, ինչը փոփոխություններում չկա: Կան լուրջ մեղադրանքներ պարունակող քրգործեր, որոնք առանց ատենակալների չի կարելի քննել՝ հենց այն նույն պատճառաբանությամբ, որ, առավել քան հաճախ, լինում են անարդար վճիռներ: Սա, իհարկե, դատական համակարգին վերաբերող գլխում է, բայց, կարծում եմ, ուղղակիորեն առնչվում է մարդու իրավունքներին: Չեմ կարծում նաեւ, թե Մարդու իրավունքների մասով Սահմանադրությունում նոր բան կարելի է ավելացնել: Ես ուսումնասիրել եմ եվրոպական մի շարք երկրների սահմանադրությունները, եւ օրինակ՝ Չեխիայի Սահմանադրության մեջ մարդու իրավունքների բաժինը սահմանափակված էր մեկ նախադասությամբ՝ Մարդու իրավունքները սահմանված են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հռչակագրով: Սրան ոչինչ ավելացնել պետք չէ: Հայաստանը վավերացրել է եւ այդ Հռչակագիրը, եւ Եվրոպական կոնվենցիան»,- նկատեց Մ. Դանիելյանը: Կարծիք կա, որ ԵԽ-ն իշխանություններին առաջարկում է այն, ինչ կարծում է, որ ՀՀ իշխանությունները կանեն: «Ես այլ կարծիքի եմ: Ինձ թվում է, որ ինչ-որ պայմանավորվածություններ կան ՀՀ իշխանությունների եւ եվրոպական այդ կառույցի մեջ: Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի լուրջ բախումներ կան գերտերությունների՝ Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ, եւ Հայաստանն, ինչպես միշտ, խաղալիք է այդ տերությունների ձեռքին: Ես չեմ զարմանա, եթե սահմանադրական բարեփոխումներն անցնելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը փորձի երրորդ ժամկետի համար առաջադրել իր թեկնածությունը եւ Եվրոպան դրա վրա աչք փակի: Ես չեմ հավատում այդ բարեփոխումներին եւ չեմ հավատում, որ դրանք կանցնեն օրինական: Բայց մյուս կողմից՝ հանրաքվեի անցկացումը պետք է որ ձեռնտու լինի ընդդիմությանը: Նա ժամանակին պահանջում էր իշխանությունների վստահության հանրաքվե անցկացնել: Հիմա սահմանադրական հանրաքվեն կարող է լինել իշխանության վստահության հանրաքվեի մի ձեւ: Գուցե Եվրոպան այդ հանրաքվեի անցկացմանը հենց այդպես էլ վերաբերո՞ւմ է: Իմ կարծիքով՝ Եվրոպայի մտադրությունն այս է՝ ընդդիմություն, դուք ուզում էիք վստահության հանրաքվե անցկացնել, իշխանությունները դա չարեցին, խնդրեմ՝ ձեզ քարտ բլանշ է տրված: Եթե հանրաքվեն տապալվում է, որովհետեւ իշխանությունները ժողովրդի վստահության քվեն չունեն, տեսեք՝ ինչ եք անում»,- Մ. Դանիելյանը նաեւ այս տեսանկյունից դիտարկեց սահմանադրական փոփոխություններով ԵԽ-ի ընդգծված հետաքրքրությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ