Լրահոս
Օրվա լրահոսը

Մեխակները ո՞ւմ նվիրի

Օգոստոս 26,2005 00:00

Հարցազրույց
Բաղդասար Հարությունյանի (Բղդո) հետ – Կարծես միանգամից հայտնվեցիք ասպարեզում:
Ո՞ւր էիք մինչեւ հիմա: – Անկախությունից հետո ասպարեզ եկա, իսկ մինչ այդ Աշխարհի
ժողովուրդների երգ ու պարի խմբի մեներգիչն էի (գեղարվեստական ղեկավար՝ Վարուժան Թաշչյան),
այնուհետեւ «Թալիսման» էստրադային խմբում էի աշխատում: Ներկայումս նախկին «Ռալի»
ռոք խմբի երաժիշտների հետ եմ: – Իսկ ինչո՞ւ Բղդո եւ ոչ ամբողջական անուն-ազգանունը:
– Ես Բաղդասար Հարությունյանն եմ, Բղդոն անվանս կրճատ ձեւն է: Հաճախ կարծում
են, թե ազգությամբ եզդի եմ, բայց ես հայ եմ: – Պաշտոնյաները շատ են սիրում
ձեր երգերը, հատկապես «Մեխակները»… – Գիտեմ, լսել եմ… – Որքան
ես տեղյակ եմ, նախագահը ջազից բացի ձեր երգերն էլ է լսում, եւ տարբեր առիթներով հրավիրվում
եք հատկապես «Մեխակները» երգելու: – Ու մեխակներ են բաժանվում իմ երգի տակ:
Գիտեմ, բոլորի կողմից սիրված երգ է, հնչում է համարյա բոլորի մեքենաների մեջ, երեւի
նրանից է, որ ստացվել է: – Ասում են՝ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար
Արամ Կարապետյանն էլ է ձեր «Մեխակների» երկրպագուն: – Հնարավոր է: Ի դեպ,
նա մեր հարեւանն է..Իմ տվյալներով՝ այդ երգը պաշտոնյաներից ու քաղաքական գործիչներից
շատերն են սիրում: – Ո՞վ է գրում ձեր երգերի տեքստերն ու երաժշտությունը:
– Հիմնականում՝ ես: – Միշտ սիրո մասին եք երգում… – Իսկ ուրիշ
ինչի՞ մասին երգենք: – Օրինակ՝ հայրենասիրության: – Մարդիկ կան դրսում
են ապրում, բայց ավելի հայրենասեր են, քան Հայաստանում ապրող շատերս: – Դուք
մի ժամանակ երգում էիք «Կեսարի պալատում», ինչո՞ւ էլ այնտեղ չեք: – Գուցե
դա մյուսների համար ուղղակի ռեստորան է, բայց ինձ համար տուն էր, խումբս հիմա էլ
այնտեղ է աշխատում: Ուղղակի չէի հասցնում ռեստորանում աշխատանքը համատեղել համերգային
գործունեության հետ: Հիմա նոր ալբոմի վրա ենք աշխատում, նորից սիրո մասին եմ երգելու:
Մի քիչ ֆոլքի վիճակի երգեր էլ կան ընդգրկված, որոնք կատակային տարրեր են պարունակում:
– Ձեր երգերը ո՞ր ժանրի մեջ են տեղավորվում: – Դրանք հաստատ ռաբիս
չեն: Ռաբիս բառը վերջին շրջանում սխալ է կիրառվում: Գուցե լեզվաբանները մի հարմար
համարժեք մտածեն: Եթե մեկի կոշիկը լավ չի նայվում, ասում են՝ վա՜յ ինչ ռաբիզ տղա
ա, մի անճաշակ պահվածք, ասում են՝ ինչ ռաբիս մարդ ա: Հիմա ինչքան վատ բան կա, ռաբիս
անունն են կպցրել: Ինչ վերաբերում է իմ երգերին, ես լրիվ քաղաքային ֆոլքի մեջ եմ:
– Տեղից վեր կացողը երգում է, եթերը լցված է անճաշակ տեսահոլովակներով…
– Նման երգերը թիթեռի կյանք ունեն, թեկուզ ամենաթանկ տեսահոլովակը չի կարող
փրկել անճաշակ երգը: – Վերջերս համերգային գործակալություններից մեկը հեռուստատեսությամբ
ցուցադրում էր համերգի գովազդային տեսահոլովակը, որտեղ հնչում էր նաեւ ձեր երգը,
սակայն դուք համերգին ելույթ չունեցաք: – Այո, նման բան քանիցս եղել է: Տոմսեր
վաճառելու համար հաճախ են շահարկում իմ անունը: Զրուցեց ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել