Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմիկոսների հետ զգույշ խոսեք

Օգոստոս 26,2005 00:00

«Օրինակի
համար՝ ակադեմիայի տեխնոլոգիական մասնաշենքը 15 տարով տվեք կոլեկտիվին, ոչ Կատյային,
ոչ Պետյային»,- ասում է գիտական համակարգի օպտիմալացման լուրերից անհանգստացած Գագիկ
Հասրաթյանը, որը Օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենն է եւ «Առիակ» կիրառական քիմիայի
ինստիտուտի խորհրդի նախագահը: Նա վերոնշյալ առաջարկը հիմնավորում է այսպես.
«Շուկայի աճի դինամիկան ուսումնասիրված է: Մենք լրիվ խաղացող ենք: Մենք նստած չենք,
որ մեկին հանեն՝ մեզ զամեն անեն: Մենք խաղում ենք այդ դաշտում եւ լավ ենք խաղում:
Եվ ավելի լավ կխաղանք, եթե մեզ քաղցր աչքով նայեն կամ գոնե առանց հորանջելու լսեն»:
Խորհրդային Միությունում Հայաստանը հզոր քիմիա ունեցող երեք հանրապետություններից
մեկն էր, որովհետեւ ուներ ակադեմիական հզոր ինստիտուտներ եւ կրթական ուղղահայաց համակարգ՝
դպրոց-համալսարան-ակադեմիա-արտադրություն: Վերջին կարեւոր օղակը, ցավոք, այսօր չկա:
«Պոլիվինիլացետատ» գործարանը ջախջախված է, «Նաիրիտը» աշխատում է կիսագործունակի ջանասիրությամբ,
մնացածը կաթվածահար վիճակում են: Բայց Գ. Հասրաթյանը իր ղեկավարած երկու կառույցների
փոխկապակցված աշխատանքի օրինակով ապացուցում է, որ չի կարելի այդ ոլորտի հետ բարբարոսաբար
վարվել, քանզի այն մեծ օգուտ կարող է բերել Հայաստանին, նույնիսկ՝ եթե այն շրջափակման
մեջ Է: «Առիակն» այսօր արտադրում է 2500 անուն օրգանական նյութեր, կոմպոզիցիաներ,
որոնք օգտագործվում են բոլոր գիտատար ուղղություններում՝ բժշկության, բիոտեխնոլոգիայի,
էլեկտրոնիկայի, ագրոկուլտուրայի ոլորտներում: Արտադրանքի 99 %-ը, ըստ Գ. Հասրաթյանի,
սպառվում է գրեթե բոլոր մայրցամաքների զարգացած երկրներում՝ Ֆրանսիայում, Բելգիայում,
Կանադայում, Ճապոնիայում: Այդ եւ այլ երկրներում հայկական արտադրանքի պահանջարկը
մեծանում է, բայց նրանք չեն ցանկանում իրենց երկրում արտադրել, մի քանի պարզ պատճառներով.
ուզում են մաքուր օդ շնչել, նաեւ նյութերի ինքնարժեքն է թանկ նստում: Ի դեպ, Իսպանիայում
գտնվող Բիզնեսի որակավորման միջազգային տնօրինությունը այս տարվա հուլիսին «Առիակին»
շնորհել է «Ոսկե աստղ» մրցանակ եւ ընկերությունն իրավունք է ստացել այն տեղադրել
ապրանքապիտակների վրա՝ որպես որակի երաշխիք: Այդուհանդերձ, «Առիակն» արտադրում է
նաեւ այնպիսի նյութեր, որոնց մեկ կիլոգրամը շատ ավելի թանկ արժե եւ ավելի հեշտ է
արտահանել, քան «Նաիրիտի» մեկ տոննա կաուչուկը: «Քիմիան ունի սպիտակ եւ սեւ
գույներ: Սպիտակը քաղաքացիական գործերի համար է, սեւը՝ սեւ: Մենք երկու գույների
տեխնոլոգիաներին էլ տիրապետում ենք: Ամերիկացիները դա հասկացել են եւ մասնագետներ
ունենք այնտեղ… Եթե մեր հարեւանները իմանան… Ուրեմն մեզ հետ պետք է զգույշ խոսել,
որովհետեւ մենք կարող ենք անմիջապես փոխվել եւ անել այն, ինչը նրանց դուր չի գա:
Եվ չենք ընկնի սրա-նրա դուռը»,- կանխարգելիչ տոնով ավելացրեց Գ. Հասրաթյանը, մեկ
անգամ եւս հիշեցնելով, որ պետությունը չպետք է թերագնահատի քիմիայի դերը: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել