Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Օգոստոս 26,2005 00:00

Երեկ
ԿԳ նախարար Սերգո Երիցյանը ԵՊՀ-ում հանդիպեց լրագրողների հետ Նախարարը լրագրողներին
ավետեց, որ այս տարի Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորողների
թիվն ավելացել է 19-ով: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ կառավարության որոշմամբ այս
տարի 94 լրացուցիչ տեղեր են հատկացվել զոհված ազատամարտիկների, երկկողմանի ծնողազուրկ
եւ հաշմանդամ երեխաների համար: Այս տարի առանց տարկետման ուսում ստանալու համար 120
թափուր տեղ է տրամադրվել, եւ մրցույթից դուրս մնացած դիմորդները, այսօրվանից մինչեւ
սեպտեմբերի 4- ը ներառյալ, կարող են դիմել Կենտրոնական ընդունող հանձնաժողով: Սեպտեմբերի
5-ին կանցկացվի մրցույթ, եւ թափուր տեղերը կզբաղեցվեն: Վճարման համակարգում այս տարի
եւս փոփոխություններ չկան, վճարովի եւ առանց տարկետման ընդունվածները ուսման վարձերը
պետք է վճարեն մինչեւ սեպտեմբերի 15-ը: Ս. Երիցյանը երեկ գոհունակությամբ
նշեց, որ նույնիսկ հանրապետության նախագահը քննությունները գնահատել է «մեկ քայլ
առաջ»: Եվ ավելացրեց. «Ինչ խոստացել էի՝ ստացվեց, քննական թեժ ամառը դարձավ քննական
հանգիստ ամառ»: «Քննական մինի էքսկուրս» անցկացնելով՝ Սերգո Երիցյանը նշեց,
որ 2005 թվականին դիմումների աճ նկատվել է հումանիտար մասնագիտությունների ուղղությամբ:
Օրինակ՝ անգլերենի նկատմամբ դիմորդների սառած վերաբերմունքն այս տարի ջերմացել է՝
2004–ին դիմել էր 4350 դիմորդ, իսկ այս տարի այդ թիվը հասել է 4648- ի: Դիմորդների
հետաքրքրությունն աճել է սոցիոլոգիա, քիմիա, բնապահպանություն, փիլիսոփայություն
առարկաների նկատմամբ: ԿԳ նախարարը հաճելիորեն զարմացած էր մարզերի դիմորդների ցուցաբերած
արդյունքներից. «Երեւանն իր առաջադիմությամբ առանձնապես չի փայլել, ամենեւին էլ առաջատարը
չէ: Առավել ակտիվ են եղել Լոռու, Շիրակի, Սյունիքի եւ Կոտայքի մարզերը»: Ի դեպ, այս
տարի քննության արդյունքներից բողոքարկողների թիվը անցած տարվա համեմատ նվազել է
60 տոկոսով: Այս հաջողությունը նախարարը կապեց գնահատման տասնորդական համակարգի ներդրման
հետ: Ս. Երիցյանը նշեց, որ իրականացել է իր կանխատեսումներից եւս մեկը: Այն է, որ
քննական շրջանի վերջում ո՛չ բարձր թվանշաններ ավելացան, ո՛չ էլ քննություն հանձնողների
հոսքը շատացավ. «Չնայած՝ հայտնաբերեցինք ծածկագրերի մեծ պաշար, այնուամենայնիվ, դա
չանդրադարձավ քննությունների ընթացքի վրա»: Մինչ ԿԳ նախարարը ներկայացրեց
տասնորդական համակարգով գնահատման «գլխապտույտ» հաջողությունների մասին, այս ընթացքում
ցուցակներին արդեն ծանոթացած դիմորդները դժգոհում էին, որ մի քանի տասնորդական միավորների
պակասի պատճառով անցել են վճարովի բաժին կամ էլ ընդհանրապես դուրս են մնացել մրցույթից:
ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել