Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԻՐԱԼԻՐ ԲԱՐԵՎԵՔ ՈՒ ԺՊՏԱՑԵՔ»

Օգոստոս 26,2005 00:00

Օդակայանի
աշխատակիցներին խորհուրդ է տալիս Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Արտյոմ Մովսիսյանը: Ըստ նրա, «Զվարթնոց» օդակայանում թռիչքների սպասարկումն
իրականացնող «Արմավիա» ավիաընկերության միակ մեծ թերությունն այն է, որ նրա աշխատակիցները
քաղաքացիներին ընդունում են թթված կամ, լավագույն դեպքում՝ անտարբեր ու սառը դեմքերով:
Այնինչ նրանք առաջինը պետք է բարեւեն ցանկացած հարցով իրենց դիմած քաղաքացուն, նույնիսկ
հաշվառման սեղանի մոտ հայավարի՝ խառը հերթ կանգնած, ավելորդ աղմկող ու աշխատակիցների
«ներվերը սղոցող» քաղաքացիներին: Երեկ, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ նա այս բացը
համարեց ոչ միայն «Արմավիայի», այլեւ երկրի ողջ սպասարկման ոլորտի աշխատակիցների
գլխավոր թերությունը՝ «ժողովրդի հետ շփման կուլտուրա չկա»: Ի դեպ, օդակայանում ընկերության
թռիչքների սպասարկումն իրականացնում է «Մուլտի Գրուպը»: Ինչ վերաբերում է «Արմավիայի»
սպասարկման մասին նրա կարծիքին, ապա, ըստ նրա, ընկերությունը վերջին ամիսներին թռիչքի
ուշացումներ գրեթե թույլ չի տալիս: Շատ հեռու չգնանք՝ ընդամենը ամիսուկես առաջ Երեւան-Վորոնեժ
չվերթը 4 ժամ ուշացումով օդ բարձրացավ, իսկ ոտքի վրա «քնած» ճանապարհողներին այդպես
էլ որեւէ մեկը չբացատրեց, թե ի՞նչն էր պատճառը: Երեկ Ա. Մովսիսյանը լրագրողներին
ներկայացրեց կառավարության հաստատած «Զվարթնոցի» նոր համալիրի գլխավոր ծրագրի փոփոխված
տարբերակը: Փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է ուղեւորների հոսքի անկանխատեսելի
մեծ աճի պատճառով: Կառավարությունը եւ օդակայանի կառավարիչը կանխատեսել էին միայն
2032 թ.-ին հասնել տարեկան 2 մլն ուղեւորահոսքի, սակայն արդեն անցյալ տարի գրանցվել
է 1,9 մլն ուղեւոր: Դա էլ առիթ է տվել գլխավոր ծրագրում կատարել փոփոխություններ,
որոնք կօգնեն ավելի արագ թափով զարգացնել կառուցման տեմպերը: Ըստ այդմ, կառուցման
1-ին փուլում՝ 2006-07 թթ. ավարտել համալիրի ժամանման ու թռիչքի հատվածները, ինչի
համար կառավարիչը պետք է ներդնի 104 մլն դոլար: Այդ ընթացքում հաշվառման համար կշարունակի
ծառայել հին «Զվարթնոցը»: Հաշվառման սրահը՝ 2-րդ փուլ, պետք է կառուցվի այդուհետ,
եթե կառավարությունը հաստատի այդ փուլի ծրագիրը: Ըստ բանախոսի, ուղեւորահոսքի
անկանխատեսելի աճը պայմանավորված է տուրիզմի զարգացմամբ, նաեւ՝ «տնտեսական աճ կա,
ժողովրդի հնարավորություններն են մեծացել՝ բարեկամներին են այցելում, տեղից տեղ են
գնում»: Ըստ ներկայացրածի, ամենամեծ աճն արձանագրվել է Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք
մեկնողների «սյունակներում», այսինքն՝ տուրիզմը զարգանում է այս ուղղություններով:
Ի դեպ, հարեւան Թբիլիսիի օդակայանի «կոնցեսսիոն» կառավարումը վերջերս ստանձնել
է թուրքական մի ընկերություն: Ա. Մովսիսյանը փորձել է մանրամասներ կորզել նրանց պլանների
մասին, բայց չի հաջողվել. «Նրանք շատ փակ են աշխատում, իսկ մենք թաքցնելու բան չունենք»:
Թեպետ, չգիտես ինչու, վստահ էր, որ «մերից լավը չի լինի»: Եթե եղավ՝ վտանգավոր խնդիր
կառաջանա մրցակցական դաշտում, հատկապես՝ տարանցիկ (տրանզիտ) ուղեւորների առումով:
Այս առումով մեր օդակայանն այսօր առանձնակի չի փայլում՝ ուղեվարձը տարածաշրջանային
գների համեմատ նկատելի բարձր է, ինչը պայմանավորված է վառելիքի թանկությամբ: «Թե
ինչո՞ւ է բարձր՝ հարցրեք վառելիք բերողներին». սա միակ պատասխանն էր, որով վարչության
պետը կարողացավ արդարացնել շուկայում գերիշխող դիրք գրավող «Արմավիայի» գայլային
ախորժակը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել