Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ

Օգոստոս 26,2005 00:00

«Վերջին՝
2003 թվականի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո իշխանություններն
աշխարհին ցույց տվեցին, որ իրենց համար օրենք, Սահմանադրություն գոյություն չունի»,-
ասում է Ռաֆայել Ղազարյանը: «Անգամ այն կաղ Սահմանադրությունը, որը ժառանգել
ենք 1995 թվականից: Եվ Հայաստանը հայտնվեց ոչ լեգիտիմ իշխանությունների ազդեցության
տակ: Երկու տարի է՝ մենք պայքարում ենք այդ ոչ լեգիտիմ իշխանություններից ազատվելու
համար եւ պետք է շատ ուշիմ լինել, որպեսզի ոչ մի սողանցք չստեղծվի»,- «Առավոտին»
երեկ կարծիք հայտնեց Մտավորականների ֆորումի ավագանու անդամ Ռաֆայել Ղազարյանը: Ուշիմության
երաշխիքն այս պահին սահմանադրական բարեփոխումներն են, որոնք բոյկոտելու որոշում է
կայացրել Մտավորականների ֆորումը: Արդյունքում ստեղծվել է հակասական իրավիճակ՝ մտավորականները
չեն ցանկանում բարեփոխել Սահմանադրությունը, բայցեւ չեն ընդունում գործող Սահմանադրությունը:
Ռաֆայել Ղազարյանը պարզաբանում է. «1995 թվականի Սահմանադրությունը ձեւված-կարած
էր առաջին նախագահի համար, այն էլ զեղծարարությամբ անցկացրին: Այն բոլոր նախադրյալները
ստեղծում է նախագահի համար՝ ավտորիտարիզմի գնալու: Կախված է նախագահի անձից, թե որքանով
նա կշահարկի իր իրավունքները: Երկրորդ նախագահին շատ հարմար եկավ այդ կոստյումը,
եւ նա այդուհետ արդեն շահագրգռված էր պահպանել գործող Սահմանադրությունը: Ի դեպ,
Ռոբերտ Քոչարյանը ավտորիտարիզմը կիրառեց շատ ավելի բռի եւ բռնի միջոցներով, գնաց
շատ ավելի հեռուն: Ուստի 2003-ին ամեն ինչ արեցին, որ տապալեն սահմանադրական բարեփոխումները»:
Սահմանադրական բարեփոխումների ներկայիս գործընթացն ակադեմիկոսն այսպես է բնութագրում.
«Եվրոպայի ճնշման ներքո հասկացան, որ այլեւս չեն կարող քամահրանքով վերաբերվել այդ
պահանջներին: Իշխանությունները սկզբից շատ մեծ-մեծ էին բրդում, Տիզբոն, պոլիտբյուրո
անվանեցին, դժգոհեցին, որ մեկից ազատվեցին՝ հիմա էլ նորը… Բայց միաժամանակ, մեծ
պատրաստակամությամբ ընդունեցին օրենք, որը թույլ է տալիս աղանդներին անվտանգ ու անարգել
գործել: Եհովականը չի ասում, որ հայ է, ասում է՝ եհովական եմ: Այստեղ ժողովուրդն
է խարխլվում, ապաբարոյականանում, կորցնում իր դեմքը, հայրենասիրությունը, բայց իշխանությունն
այստեղ շատ պատրաստակամ էր, բացարձակ չվիճեցին Եվրախորհրդի հետ: Իսկ այնտեղ, որտեղ
կպչում են իրենց շահերին՝ խոսքը սահմանադրական փոփոխությունների մասին է, համառում
են: Բայց Եվրախորհուրդը Մոսկվան չէ, այն պատժամիջոցներ չի կիրառում, այլ ասում է՝
հաջողություն: Չե՞ս ուզում ապրել այսպես՝ եվրոպական ընտանիքի անդամ չես»: Ի՞նչ տրամաբանությամբ
են մտավորականներն առաջնորդվում՝ կոչ անելով բոյկոտել սահմանադրական բարեփոխումները:
«Քննարկել դա ոչ լեգիտիմ ԱԺ-ի եւ նախագահի առկայությամբ՝ նշանակում է լեգիտիմացնել
նրանց: Եթե անգամ մասնակցենք եւ ասենք «ոչ», կնշանակի համագործակցել այս իշխանության
հետ: Սահմանադրությունն, անշուշտ, պետք է բարեփոխվի, պետք է կրճատվեն նախագահի լիազորությունները,
եւ հավասարակշռություն մտցվի իշխանության թեւերի մեջ: Հայաստանը հիմա գաղութ է: Դա
նախագահի հանցագործությունն է այս ժողովրդի նկատմամբ, որովհետեւ Սահմանադրությունը
Սահմանադրություն չէ: Եթե մենք հիմա այս ոչ լեգիտիմ մարմիններից (նախագահ, օրենսդիր
եւ գործադիր) չազատվենք՝ չենք կարող որեւէ բարեփոխում քննարկել: Նման քննարկումները
կարող են լինել միայն առողջ մթնոլորտում»: Քանի որ սահմանադրական բարեփոխումները
բոյկոտում են նաեւ «Հանրապետությունը» եւ ՀՀՇ-ն, հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է համագործակցություն
այս ուժերի եւ Մտավորականների ֆորումի միջեւ: Ի պատասխան՝ պարոն Ղազարյանը կտրականապես
եւ սկզբունքորեն մերժեց ՀՀՇ-ի հետ համագործակցությունը, քանզի՝ «այս նախագահական
կառավարումը մենք ստացանք որպես շարունակություն առաջինի»: Նրա կարծիքով՝ ՀՀՇ-ի միակ
փափագն իշխանության վերադառնալն է, ուստի համոզված է, որ եթե «Հանրապետությունն»
այդ քայլին գնա՝ «միայն իր ռեյտինգը կիջեցնի»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել