Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ն դեմ չէ, եթե…

Օգոստոս 26,2005 00:00

«Ադրբեջանի ԿԸՀ-ի կողմից ընտրատարածքների կազմավորումն
այն տարածքների բնակչության համար, որոնց վրա ներկայումս տարածվում է ԼՂՀ ինքնիշխանությունը,
լուրջ վտանգ է ներկայացնում Ադրբեջանում հնարավոր ժողովրդավարական վերափոխումների
համար»,- ասում է ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը: «Ադրբեջանի իշխանությունները
հնարավորություն են ստանում օգտագործելու առնվազն մի քանի հարյուր հազար վիրտուալ
ընտրողների ձայները՝ հանուն գործող իշխանավորների շահերի»,- «Ռադիոլուրի» փոխանցմամբ՝
«Դե-ֆակտո»-ին տված հարցազրույցում նշել է Ա. Մելիքյանը: Ըստ նրա, նման արդյունք
է սպասվում նաեւ առաջարկվող էլեկտրոնային քվեարկության դեպքում: Ադրբեջանի ԿԸՀ-ի
այս քայլերը նաեւ վկայում են այն մասին, որ տեղական եւ միջազգային դիտորդները զրկված
են լինելու ընտրությունների ընթացքը լիարժեք վերահսկելու հնարավորությունից: Իսկ
ԼՂՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի ընտրություններին մասնակցելու հնարավորության առումով
նախարարը նշել է, որ ԼՂՀ գործող օրենսդրությունը ԼՂՀ քաղաքացիների համար նախատեսում
է երկակի քաղաքացիության իրավունք։ «Իսկ դա նշանակում է, որ եթե երբեւէ ԼՂՀ քաղաքացին
ձեռք բերի նաեւ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն՝ այսպիսով դառնալով երկքաղաքացի,
ապա ԼՂՀ եւ ԱՀ միջեւ միջպետական համաձայնագիր կնքելու հարց կծագի, որը փոխհամաձայնության
հիման վրա կկանոնակարգի երկակի քաղաքացիություն ունեցող անձանց իրավունքներին ու
պարտականություններին վերաբերող հարցերը, այդ թվում նաեւ նրանց ընտրական իրավունքի
իրականացման խնդիրները: Այդպիսին է միջազգային պրակտիկան»,- ասել է նախարարը: Ըստ
նրա, նման համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է նախապես լուծել մի շարք խնդիրներ:
«Նախ եւ առաջ դա Ադրբեջանական Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ինքնիշխանության ճանաչման հարցն է, առանց որի հետագա քայլերն անհնար կլինեն: Երկրորդ՝
ԱՀ օրենսդրությունը պետք է նախատեսի երկակի քաղաքացիության իրավունք եւ անհրաժեշտության
դեպքում համապատասխան փոփոխությունների ենթարկի: Դրանից հետո միայն հնարավոր կլինի
խոսել երկքաղաքացիության վերաբերյալ միջպետական համաձայնագրի կնքման մասին: Չեմ կարծում,
որ ադրբեջանական կողմը կհասցնի իրականացնել անհրաժեշտ գործողությունները մինչ ԱՀ-ում
սպասվելիք հերթական ընտրությունները, թեեւ ամեն ինչ կախված է սոսկ ադրբեջանական ղեկավարների
քաղաքական կամքից, եւ նշված ուղղությամբ դրական քայլերը կողջունվեն»,- ասել է ԼՂՀ
արտգործնախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել