Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ

Օգոստոս 25,2005 00:00

ԵՐԿՈՒ ԵՐՆԵԿ Օգոստոսի 21-22-ին Սեւանի «Նավակ» հանգստավայրում տեղի ունեցան կանանց լողափնյա վոլեյբոլի անդրանիկ առաջնությունը եւ «Միսս լողափ» մրցույթը, որը նույնպես Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ: Այս գավաթը «Միսս Եվրոմոթորս-2004» 15-ամյա Լիլիթը, որն այժմ «Նոր ալիք» հեռուստաընկերության մեկնաբաններից է, հանձնեց հաղթողին՝ երեւանյան թիմին: Այս մրցանակի համար պայքարում էին բազմաթիվ թիմեր հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից: Թեեւ հակառակի մասին կանխատեսումներին՝ «Լեռնային Ղարաբաղի զույգը» գրավեց միայն 4-րդ տեղն ու արժանացավ «ամենահամառ թիմը» մրցանակին: Այս «կոչումը» կարծես կանխորոշել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, որն արցախյան թիմի մասին նախապես ասաց. «Պրիմիտիվ են խաղում: Ուղղակի համառ են»: Իսկ «Միսս լողափ-2005» մրցույթի ժյուրիի նախագահ Գագիկ Ստամբոլցյանը նրան համոզում էր. «Լավ կլիներ՝ ղարաբաղցիները հաղթեին, հետաքրքիր կլիներ ֆինալը»: Երգիչ Հայկոն եւ Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանը նույնպես ժյուրիի կազմում էին: Հայկոն խոստացավ 15 նոր ռոմանս երգել՝ նվիրված լողափնյա գեղեցկուհիներից յուրաքանչյուրին: Իսկ Հանրային ռադիոն մրցանակ էր սահմանել վոլեյբոլիստուհիներից «ամենաբարձր եւ գեղեցիկ ձայնով գոռացողի» համար: Երեւանցի այս մարզուհի Սոֆյան էլ արժանացավ «Նոր ալիքի» սահմանած մրցանակին՝ «ամենահմայիչ վոլեյբոլիստուհի» կոչմանը: Եվ ընդհանրապես, այս երկու մրցությունները՝ սպորտային եւ գեղեցկության, մի տեսակ փոխկապակցված էին: Երգչուհի Նունե Եսայանը, որ ներկա էր վոլեյբոլի առաջնությանը, անմիջապես թարգմանեց «Միսս լողափ» մրցույթի անվանումը՝ «Miss beach»: Հայերեն հնչեղության առնչությամբ թյուրընկալումներից խուսափելու համար՝ անմիջապես պարզաբանեց՝ «Լա՛վ իմաստով եմ ասում»: Մրցույթի մասնակից այս մոդելի դեմքը ծանոթ է «Վիվասելի» գովազդային վահանակներից: Մեկնաբաններից մեկն իր հրապարակման առանցքն էր դարձրել նրա հագուստի «CCCP» մակագրությունը՝ խորհրդանշական իմաստ տեսնելով դրա շեշտադրման մեջ: Սակայն պարզվեց, որ այս աղջիկն առօրյայում էլ է կրում այդ հագուստը՝ առանց հետին մտքի: Գեղեցկուհիները վոլեյբոլ դիտում էին ահա այսպես հագնված: Թեեւ բավական ցուրտ էր, քամի, իսկ քիչ անց էլ սկսվեց անձրեւ ու կարկուտ: Սա ստիպեց ժյուրիի նախագահին կեսկատակ սեփական «մրցանակը» խոստանալ, թե իր ղեկավարած Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնն այս ամենին մասնակցածներին հրավիրում է անվճար բուժման՝ թոքաբորբից, ցիստիտից, պրոստատից… Բուն մրցույթի ժամանակ նրանք հագնված էին առավել պակաս: Սակայն միայն արտաքին բարեմասնություններով չորոշվեցին հաղթողները: Գեղեցկուհիները ցուցաբերեցին նաեւ իրենց պարային հմտությունները, պատասխանեցին որոշ հարցերի: Թեեւ խոսում էին այնպես, ինչպես արտահայտվում են համանման մրցույթների մասնակիցներն ամբողջ աշխարհում, որոնք երազում են բացառապես երեխաներին օգնելու եւ ողջ մոլորակում խաղաղության մասին: «Երկու երնեկ մի տեղ չի լինում». այս կանոնից բացառություններից է Հ1-ի հաղորդավար, դերասանուհի Նազենի Ղարիբյանը, որը վարում էր այս մրցույթը: Հազվագյուտ միաձուլվածք՝ ե՛ւ գեղեցկության, ե՛ւ խելքի: Թերեւս նա արժանի էր առանձին մրցանակի: Լուսանկարչական ռեպորտաժն ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել