Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ԿԱՏԱՐԵՔ, ՁԵԶ ԷԼ ՎԵՐԱՀՍԿԵՔ

Օգոստոս 25,2005 00:00

ԴՈՒՔ ԿԱՏԱՐԵՔ, ՁԵԶ ԷԼ ՎԵՐԱՀՍԿԵՔ Մեր երկրում նույնիսկ կանայք ակամա դարձել են էլեկտրիկներ եւ սանտեխնիկներ Այն, ինչ կատարվում է հատկապես բազմաբնակարան շենքերի ներտնային կոմունալ ցանցում՝ անթույլատրելի է ու վտանգավոր: Շուրջ 15 տարի այլեւայլ հոգսերով զբաղվելուց հետո, վերջին մի քանի տարիներին հատկապես մայրաքաղաքում լայն թափով վերանորոգում են բնակարանները: Դրա վկայությունն է նաեւ բազմաթիվ խանութների վերապրոֆիլավորումը «ամեն ինչ տան համարի» կամ շինանյութերի վաճառքի: Հենց այստեղից էլ ծնունդ են առնում բազմաթիվ խախտումները հոսանքագծերի, ջրագծերի եւ այլ գծերի անցկացման հետ կապված: Չանտեսենք այն խնդիրը, որ տան ներսում պատերի տեղաշարժումն ըստ ցանկության եւ առանց մասնագետի հետ խորհրդակցելու, կարող է հանգեցնել շենքի հիմքերի թուլացմանը, իսկ մի օր էլ՝ փլուզմանը: Չէ՞ որ ցանկացած շենքի նախագիծ գծվել է անվտանգության նորմերը պահպանող քաղաքաշինական լուծումներով: Եվ դրանց աննշան խախտումն արդեն կարող է խախտել շենքի ընդհանուր ամրությունը: Անդրադառնանք բնակարանի կոմունալ ցանցի սպասարկման խնդրին: Ինչպես հայտնի է, կոմունալ բոլոր ծառայությունները՝ ջրմուղ, էլցանց, գազի մասնաճյուղ, իրենց սպասարկումն ավարտում են շենքի մուտքի մոտ: Այդտեղից սկսած՝ շենքի սպասարկումն արդեն համատիրության վրա է, բայց՝ մինչեւ բնակարանների մուտքը: Այդտեղից սկսած՝ արդեն ամեն ինչ մնում է բնակիչների ինքնագործունեության վրա: Չկա մի կառույց, որն իրականացնի հոսանքագծերի եւ ջրագծերի անցկացումն ու այնուհետեւ պատասխանատվություն կրի իր կատարածի որակի համար: Կոմունալ բոլոր օղակների տարբեր պաշտոնյաների հետ այս թեմայով զրույց սկսել անգամ չի հաջողվել այն պատճառով, որ նրանք հարցին ունեցել են միայն մի պատասխան՝ «մենք այդպիսի հաստիք չունենք»: Չունե՞ք՝ ունեցեք: Պարզվում է, դա ջրմուղի կամ էլցանցի վրա հսկայական գումար է նստելու, իսկ լրացուցիչ ֆինանսական ծախսեր անելու «հավես» ոչ մեկը չունի: Նույն չոր պատասխանը ստացել ենք նաեւ մի քանի համատիրությունների նախագահներից՝ «դա բնակչի գործն է»: Մինչդեռ ոչ վաղ անցյալում, երբ համատիրության փոխարեն գործում էին ԲՇՏ-ները, բնակիչները կարող էին դիմում գրել իրենց ԲՇՏ-ում՝ սանտեխնիկի, էլեկտրիկի կամ «մոնտյորի» պահանջով եւ սպասել նրա գալուն, այն էլ՝ կոնկրետ վճարի մասին խոսք չկար, միայն՝ «շնորհակալությունն էր»: Այժմ այս մասնագետներն իրենց ծառայությունն առաջարկում են հայտարարությունների միջոցով, բայց՝ մի «նյուանս». նրանցից ոչ մեկը մի անջատիչ սարքելու կամ մի խողովակից ջրի կաթոցը վերացնելու համար տուն չի գա: Բոլորն էլ ասում են նույնը՝ «կռուպնի գործ լինի, նոր ձեն կհանեք»: «Կռուպնի» գործն էլ մի ամբողջ բնակարանի կամ արտադրական տարածքի «գծանցկացումն է»: Այդ դեպքում ի՞նչ պետք է անի այն ընտանիքը, որի ծանոթների ու բարեկամների մեջ «խելքը գլխին» էլեկտրիկ ու սանտեխնիկ չկա: Հատկապես, որ երբեմն խնդիրը հասնում է մասնագիտական սարքավորումներին, ինչը կարող է չունենալ նաեւ «ձեռքի շնորհք» ունեցող հարեւան-ծանոթը: Մնում է դարձյալ «կպնել» ջրմուղի կամ էլցանցի աշխատակցին, որն իր ազատ ժամանակը կտրամադրի «լեւի» գործին: Ի դեպ, քանի որ նրանք էլ որեւէ պատասխանատվություն չեն կրում արածի համար, շատ հաճախ այնպես են անում, որ մի քանի անգամ կանչվելու հնարավորություն ստեղծվի: Եվ ամեն անգամ, բնականաբար՝ վճարովի: Այս հարցը փոքր ինչ լուծվել է միայն գազամատակարարման ոլորտում՝ գազի գծով տեսուչն իրավունք եւ պարտավորություն ունի այցելել բնակարաններ, ստուգել գազի ներքին խողովակներն ու միացումները: Խնդիրը կարգավորվեց միայն այն բանից հետո, երբ անցյալ ձմեռ իրար հետեւից դժբախտ պատահարներ եղան, արձանագրվեցին հրդեհների ու մահվան բազում դեպքեր, ինչը շարժեց նույնիսկ երկրի նախագահի զայրույթը, եւ խնդիրը կարգավորվեց նրա զորեղ կարգադրությամբ: Սակայն այստեղ էլ խոսքը հիմնականում վերահսկողության, այլ ոչ թե բնակարանի ներսում գազի նոր խողովակի անցկացման աշխատանքի մասին է: Այս մտայնությամբ «տառապում» է նաեւ էներգետիկայի վերնախավը. վերջերս նույն հարցին փոխնախարար Արեգ Գալստյանը նույնպես պատասխանեց նույն ոճով՝ «կգա ժամանակը, որ մենք կվերահսկենք ներտնային էլցանցը»: Իսկ ո՞վ պետք է կատարի բուն աշխատանքը. հարցը մնում է բաց: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել