ԿԲ-Ն ՄԻՋԱՄՏԵԼ Է «Հայաստանի Կենտրոնական բանկի միջամտությունը, որն այսօր իրականացրեց ներխուժում եւ թողարկեց սեփական պետական պարտատոմսեր, կասեցրեց դոլարի փոխարժեքի աճը երկրի արժութային շուկայում»,- «Արմինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք է հայտնել Հայաստանի արժութային շուկայի փորձագետը: Նրա կանխատեսմամբ, մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը դոլարի փոխարժեքը չի իջնի 1 դոլարի դիմաց 470 դրամից, իսկ մինչեւ սեպտեմբերի վերջը կտատանվի 1 դոլարի դիմաց 470-490 դրամի սահմաններում: Աղբյուրը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԲ-ն այսօր մտադիր էր միջբանկային շուկայում վաճառել 3 մլն դոլար, սակայն բանկերի շրջանում բարձր գնով դոլար գնելու ցանկության բացակայության պատճառով հայտերի մեծ մասը մերժվել է, եւ արդյունքում ԿԲ-ն բանկերին վաճառել է ընդամենը 800 հազար դոլար՝ 1 դոլարի դիմաց 477,82 դրամ փոխարժեքով: Բացի այդ, երկրի գլխավոր բանկն այսօր տեղաբաշխել է 2 մլրդ դրամի սեփական տարեկան պետական պարտատոմսեր՝ 4,4 տոկոս միջին կշռված եկամտաբերությամբ: Փորձագետը կարծում է, որ չնայած ԿԲ կողմից բանկային շուկայում ավելորդ դրամային իրացվելիությունը ստերիլիզացնելու համար դրամավարկային գործիքների կիրառմանը նպատակուղղված քայլերի ձեռնարկմանը, դրա մակարդակն առայժմ մնում է բարձր՝ ավելի քան 10 մլրդ դրամ: «Արմինֆոն» նշում է, որ օգոստոսի 24-ի դրությամբ ՀՀ ԿԲ-ն դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքը սահմանել է 1 դոլարի դիմաց 473,95 դրամի մակարդակում: Մանրածախ արժութային շուկայում նույն օրը ցերեկը միջին փոխարժեքը կազմել է 490 դրամ՝ 1 դոլարի դիմաց՝ երեկոյան կողմ նվազելով մինչեւ 480 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Օգոստոսի սկզբից դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը կազմել է 5,8 տոկոս, իսկ վերջին 10 օրերին՝ 3,6 տոկոս: