ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԿՊԱՐՏՎԵ՞Ն «Իրենց դիրքերն այնպիսին են, որ ինչ էլ ասեին՝ խոցելի էր: «Այո» էլ ասեին, «ոչ» էլ ասեին, միեւնույն է՝ շատ բան չէր փոխվի»,- այսպես է գնահատում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը «Արդարություն» դաշինքի՝ ԱԺ արտահերթ նստաշրջանին մասնակցելու, բայց սահմանադրական բարեփոխումներին «ոչ» ասելու որոշումը: Իր համոզմունքը «Առավոտի» զրուցակիցը այսպես է հիմնավորում. «Դեռ այն ժամանակ, երբ դաշինքը պայման դրեց, որ խորհրդարան կվերադառնա միայն այն դեպքում, երբ սեղանին կդրվի նախագահի վստահության հարցը, այդպիսով իսկ դատապարտեց իրեն»: Այնպես որ, Ա. Հարությունյանի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացից պարտված են դուրս գալու ե՛ւ կոալիցիան, ե՛ւ ընդդիմությունը, քանի որ «մեկը պատվեր է կատարում, մյուսը անձնավորված պայքար է տանում: Ոչ մի կողմը անկեղծ չէ իր ցանկություններում»: Եռագլուխ քաղաքական դաշտում՝ երբ մի մասը, անկախ ամեն ինչից, կողմ է այդ բարեփոխումներին, իսկ մյուս մասը՝ դեմ, մեր զրուցակիցը ամենաիրատեսականը այն կուսակցությունների դիրքորոշումն է համարում, որոնք հանդես են գալիս սահմանադրական բարեփոխումների բովանդակային քննարկումների տեսանկյունից: Այս շարքին է դասվում նաեւ իր կուսակցությունը: Եվ քաղաքական դաշտի այս հատվածի անունից կոչ է անում կոալիցիային ու ընդդիմությանը՝ ուժ գտնել եւ գնալ իրենց ճանապարհով: Ի հավաստումն ասվածի՝ «հռոմեական իշխանությունները գնացին, օրենքները մնացին»,- հավելում է նա: Արդյունքում պարոն Հարությունյանը չի կարծում, որ սահմանադրական բարեփոխումների առիթով Հայաստանում հեղափոխական իրավիճակ կառաջանա, քանի որ «փաստաթուղթը ժողովրդի համար միս ու արյուն չդարձավ: Մարդիկ չեն գիտակցում դրա կարեւորությունը, իսկ արհեստական ցնցումները լուրջ բանի չեն հանգեցնի: Ե՛վ կոալիցիան, ե՛ւ ընդդիմությունը այս ողջ գործընթացում իրենք իրենց այնպիսի վիճակներում են դրել, որ անընդհատ հակասությունների մեջ են հայտնվելու»: Իսկ թե ինչ է սպասվում այս ամենից հետո՝ ժամանակը ցույց կտա: Արամ Հարությունյանին խիստ է զայրացնում նաեւ ՀՀՇ-ի մերժողական կեցվածքը. «Էդ դեպքում, վարպետ Օհանի տարբերակով՝ փակվենք մի խցում եւ ոչ մի բան չընդունենք այս իշխանություններից»: Ն. Գ.