Միայն «կավի հոտը» չէր Արցախի «Բարոյական վերածնունդ» կուսակցության ղեկավար Մուրադ Պետրոսյանն իր խմբագրած «Ինչ անել» թերթում որոշ բացահայտումներ է արել ազատամարտիկ Պավել Մանուկյանի ծեծի առնչությամբ: ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին հաջորդած այս միջադեպի մասին շատ է գրվել, բայց մանրամասները, որ հրապարակել է Մուրադ Պետրոսյանը, չեն հրապարակվել երբեւէ: Անդրադառնալով կատարվածի որոշակի պատճառներին եւ գլխավոր դերակատարներին՝ Մուրադ Պետրոսյանը գրում է. «Չեմ կարող հիշել որեւէ հրամանատարի կամ սպայի, որին կարելի լիներ համեմատել Սեյրան Օհանյանի հետ՝ մտավորականության, կրթվածության, զսպվածության եւ օրինապաշտության առումով (բացառությամբ, իմ կարծիքով, Պետոյի՝ Պետրոս Ղեւոնդյանի): Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող էր ծեծուջարդ տեղի ունենալ նման հատկություններով մարդու սենյակում եւ դեռ նրա մասնակցությամբ»: Այս հարցի պատասխանը ստանալու եւ մանրամասները պարզելու համար Մուրադ Պետրոսյանն այցելել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Եվ ահա թե վերջինս ինչ է ասել զրույցի ընթացքում. «Թերթերը գրում են միայն «կավի հոտի» մասին, բայց համալսարանում հանդիպման ժամանակ Պավելն իմ հասցեին ասել էր այնպիսի մի բան, որի մասին մինչ օրս հիշում եմ ցնցվելով. «Ավելի լավ է ոչխարների հոտ լինի՝ առյուծի ղեկավարությամբ, քան առյուծների բանակ՝ ոչխարի ղեկավարությամբ»: Մուրադ Պետրոսյանի հրապարակման համաձայն՝ Սեյրան Օհանյանը պատմել է, թե իր առանձնասենյակ կանչված Պավել Մանուկյանին ասել է. «Գիտե՞ս, եթե ես ինչ-որ ժամանակ եւ ոչխարավարի եմ վարվել, ապա այնժամ, երբ 2000-ին քեզ կանչեցի Երեւանից, որտեղ դու գործազուրկ էիր, տուն-տեղ չունեիր եւ նշանակեցի կենտրոնական հոսպիտալի քաղծառայության գծով տեղակալ, որտեղից դու 2 տարի անց անցար զինվորական թոշակի: Նաեւ այնժամ, երբ քեզ ներկայացրի «Մարտական ծառայության համար» մեդալի, իսկ քեզ տվեցին «Մարտական խաչ»: Նաեւ այնժամ, երբ բավարարում էի քո բոլոր խնդրանքները՝ ֆինանսականից մինչեւ վերանորոգա-կենցաղային»: Մուրադ Պետրոսյանը հետաքրքրվել է, թե ինչ է ասել Պավել Մանուկյանն ի պատասխան: Եվ Սեյրան Օհանյանը պատմել է. «Խնդիրն էլ այդ է. ուզում էի հանգստացնել հոգիս, զգացմունքներս, ոտնահարված պատիվս, ուզում էի լսել ճշմարիտ զղջման խոսքեր, ասենք՝ «ում հետ չի պատահում… բառեր են սպրդել, գլուխս կորցրել էի ընտրությունների պատճառով, կներեք, եթե կարող եք»: Բայց ո՛չ: Լռում էր: Ու ոչինչ չէր ասում: Գոնե մեղավորի տեսք ընդուներ: Հակառակը՝ մարտահրավերային տեսք էր ընդունել, իբր՝ «ոչի՜նչ, մեր փողոցում էլ տոն կլինի…»: Բայց ես էլ եմ մարդ, մեքենա չեմ: Բացի այդ՝ կան չգրված օրենքներ, որոնք համընդհանուր են, հասարակությունը ղեկավարվում է դրանցով… Իհարկե, դա վատ է: Բայց դա փաստ է, մեր իրականությունը»: Ա. Ի.