Օգոստոսի 21-22-ին Սեւանի «Նավակ» հանգստավայրում տեղի
ունեցան կանանց լողափնյա վոլեյբոլի անդրանիկ առաջնությունը եւ «Միսս լողափ» մրցույթը,
որը նույնպես Հայաստանում անցկացվում էր առաջին անգամ: Այս
գավաթը «Միսս Եվրոմոթորս-2004» 15-ամյա Լիլիթը, որն այժմ «Նոր ալիք» հեռուստաընկերության
մեկնաբաններից է, հանձնեց հաղթողին՝ երեւանյան թիմին: Այս մրցանակի համար պայքարում
էին բազմաթիվ թիմեր հանրապետության տարբեր մարզերից ու Արցախից: Թեեւ
հակառակի մասին կանխատեսումներին՝ «Լեռնային Ղարաբաղի զույգը» գրավեց միայն 4-րդ
տեղն ու արժանացավ «ամենահամառ թիմը» մրցանակին: Այս «կոչումը» կարծես կանխորոշել
էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, որն
արցախյան թիմի մասին նախապես ասաց. «Պրիմիտիվ են խաղում: Ուղղակի համառ են»: Իսկ
«Միսս լողափ-2005» մրցույթի ժյուրիի նախագահ Գագիկ Ստամբոլցյանը նրան համոզում էր.
«Լավ կլիներ՝ ղարաբաղցիները հաղթեին, հետաքրքիր կլիներ ֆինալը»: Երգիչ
Հայկոն եւ Հանրային ռադիոյի ղեկավար Արմեն Ամիրյանը նույնպես ժյուրիի կազմում էին:
Հայկոն խոստացավ 15 նոր ռոմանս երգել՝ նվիրված լողափնյա գեղեցկուհիներից յուրաքանչյուրին:
Իսկ Հանրային ռադիոն մրցանակ էր սահմանել վոլեյբոլիստուհիներից «ամենաբարձր եւ գեղեցիկ
ձայնով գոռացողի» համար: Երեւանցի
այս մարզուհի Սոֆյան էլ արժանացավ «Նոր ալիքի» սահմանած մրցանակին՝ «ամենահմայիչ
վոլեյբոլիստուհի» կոչմանը: Եվ ընդհանրապես, այս երկու մրցությունները՝ սպորտային
եւ գեղեցկության, մի տեսակ փոխկապակցված էին: Երգչուհի
Նունե Եսայանը, որ ներկա էր վոլեյբոլի առաջնությանը, անմիջապես թարգմանեց «Միսս լողափ»
մրցույթի անվանումը՝ «Miss beach»: Հայերեն հնչեղության առնչությամբ թյուրընկալումներից
խուսափելու համար՝ անմիջապես պարզաբանեց՝ «Լա՛վ իմաստով եմ ասում»: Մրցույթի
մասնակից այս մոդելի դեմքը ծանոթ է «Վիվասելի» գովազդային վահանակներից: Մեկնաբաններից
մեկն իր հրապարակման առանցքն էր դարձրել նրա հագուստի «CCCP» մակագրությունը՝ խորհրդանշական
իմաստ տեսնելով դրա շեշտադրման մեջ: Սակայն պարզվեց, որ այս աղջիկն առօրյայում էլ
է կրում այդ հագուստը՝ առանց հետին մտքի: Գեղեցկուհիները
վոլեյբոլ դիտում էին ահա այսպես հագնված: Թեեւ բավական ցուրտ էր, քամի, իսկ քիչ անց
էլ սկսվեց անձրեւ ու կարկուտ: Սա ստիպեց ժյուրիի նախագահին կեսկատակ սեփական «մրցանակը»
խոստանալ, թե իր ղեկավարած Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնն այս ամենին մասնակցածներին
հրավիրում է անվճար բուժման՝ թոքաբորբից, ցիստիտից, պրոստատից… Բուն
մրցույթի ժամանակ նրանք հագնված էին առավել պակաս: Սակայն միայն արտաքին բարեմասնություններով
չորոշվեցին հաղթողները: Գեղեցկուհիները ցուցաբերեցին նաեւ իրենց պարային հմտությունները,
պատասխանեցին որոշ հարցերի: Թեեւ խոսում էին այնպես, ինչպես արտահայտվում են համանման
մրցույթների մասնակիցներն ամբողջ աշխարհում, որոնք երազում են բացառապես երեխաներին
օգնելու եւ ողջ մոլորակում խաղաղության մասին: «Երկու
երնեկ մի տեղ չի լինում». այս կանոնից բացառություններից է Հ1-ի հաղորդավար, դերասանուհի
Նազենի Ղարիբյանը, որը վարում էր այս մրցույթը: Հազվագյուտ միաձուլվածք՝ ե՛ւ գեղեցկության,
ե՛ւ խելքի: Թերեւս նա արժանի էր առանձին մրցանակի: Լուսանկարչական
ռեպորտաժն ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ