Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եհովայի վկաները խուսափում են արյան փոխներարկումից

Օգոստոս 25,2005 00:00

Սակայն
օգտվում են բժշկական օգնությունից Երեկ Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքների
առաջին ատյանի դատարանում շարունակվեց Վահե Գրիգորյանի հայցի քննությունը: Նա դատարանից
պահանջում է ծնողական իրավունքներից զրկել նախկին կնոջը՝ Անահիտ Հարությունյանին:
Նրանց համատեղ ամուսնությունից ծնված Արամ Գրիգորյանը այժմ ապրում է Բելառուսում՝
հոր հետ, եւ պատրաստվում է հաճախել նոր դպրոց: Դատական նիստին Ա. Հարությունյանի
ներկայացուցիչ Լուսինե Բակումյանը դատավոր Ելիզավետա Դանիելյանին ներկայացրեց հարեւանների,
դասղեկի եւ մի շարք այլ անձանց գրավոր կարծիքները: Իսկ հայցվորի ներկայացուցիչ Ռուզաննա
Տեր-Վարդանյանը անվերջ փորձում էր պարզել, թե այն մեկ տարվա ընթացքում, երբ Արամիկը
մենակ էր ապրել մոր հետ, արդյո՞ք վերջինս նրան տարել է բժշկական հետազոտությունների,
քանի որ «տատիկի մոտ տեղափոխվելուց 10-15 օր հետո Արամիկի մոտ բժիշկները հայտնաբերել
են առաջին աստիճանի դիֆուզ խպիպ: Բացի այդ, նա շատ լարված, նյարդային վիճակում է
գտնվել, լյարդը 1 սմ-ով մեծացած է եղել, իսկ ենթաստամոքսային գեղձը՝ բորբոքված»:
Ա. Հարությունյանը նշեց, որ մեկ տարվա ընթացքում, երբ երեխան իր հետ է ապրել, բժշկի
կարիք չի էլ ունեցել: Ռ. Տեր-Վարդանյանը դատավորին հիշեցրեց, որ Արամիկը անվերջ բողոքում
էր, թե մայրը նրան՝ իր կամքին հակառակ, ստիպողաբար տարել է Եհովայի վկաների հավաքներին:
Սակայն Անահիտը հերքեց այդ փաստը՝ ասելով, որ ընդհակառակը, Արամիկն է իրեն ստիպել
տանել: Դատավորի այն հարցին, թե արդյոք Եհովայի վկա լինելը խանգարե՞լ է Անահիտին
երեխային բժշկական օգնություն ցույց տալու հարցում, նա միանշանակ պատասխանեց՝ «ոչ».
«Մենք բժշկական օգնությունից միշտ էլ օգտվում ենք»: Իսկ Ռ. Տեր-Վարդանյանի հարցին,
թե արդյոք հետագայում երեխայի առողջության վատթարացման ժամանակ նա կթույլատրի՞ արյան
փոխներարկում կատարել, Լ. Բակումյանը, չթույլատրելով Ա. Հարությունյանին պատասխանել,
ինքը ասաց. «Դեռ նման բան չի եղել: Երբ որ կլինի, այն ժամանակ էլ կորոշի»: Հիշեցնենք,
որ նախորդ դատավարության ժամանակ, երբ կողմերը որոշել էին հաշտության գալ, Ա. Հարությունյանը
հայցվորից պահանջել էր իր համար բնակարան գնել: «Նա 28 հազար դոլարանոց տուն է պահանջում,
այն էլ՝ իր անունով: Սակայն մոռանում է, որ Արամիկի անունով այժմ Զեյթուն համայնքում
բնակարան կա: Վ. Գրիգորյանը պատրաստ է ցանկացած ժամանակ, երբ Արամիկը վերադառնա մոր
մոտ, այդ բնակարանը տրամադրել նրանց: Ա. Հարությունյանը համաձայն չէ դրան: Իմ ունեցած
տեղեկությունների համաձայն, նա ցանկանում է տունը գրանցել իր անունով, որպեսզի հետագայում
ավելի հեշտությամբ ԱՄՆ մեկնելու վիզա ձեռք բերի»,- նշեց Ռուզան Տեր-Վարդանյանը: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել