Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԹՂԹԻ

Օգոստոս 25,2005 00:00

ՀՀ
վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Արսեն Մկրտչյանը Հայաստանի թվով 7 պատվիրակների
հետ գտնվում էր ԱՄՆ-ում՝ դատական համակարգի կառավարման ձեւերը, ավտոմատացման հնարավորությունները
ուսումնասիրելու նպատակով: Այցը կազմակերպել էր ԱՄՆ միջազգային զարգացման
գործակալությունը: Ա. Մկրտչյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ եղել են ԱՄՆ-ի նահանգային
դատական ինստիտուտում, հանդիպել Նյու Յորքի նահանգի դատարանների կառավարման ներկայացուցիչների
ղեկավարների հետ: Ըստ զրուցակցի, Նյու Յորքի դատական համակարգը տարանջատված էր վարչակազմից:
Կառավարման կենտրոնի մարդկային ռեսուրսները գտնվում էին այլ վայրում, բյուջետայինը՝
մեկ ուրիշ տեղ՝ կարողանալով կենտրոնացված ձեւով լուծել դատական ծառայության խնդիրները:
«Առավոտին» հետաքրքրում էր, թե ինչ նորություններ կարող են լինել Հայաստանի
դատարաններում: Ա. Մկրտչյանը պատասխանեց, որ ավտոմատացվելու է ողջ դատական համակարգը,
կգործի ձայնագրման սարքերի ներդրման ծրագիրը, ինչը հաստատվել է քաղաքացիական դատավարության
օրենսգրքում: Ըստ Ա. Մկրտչյանի՝ ավտոմատացումը հնարավորություն կտա հրաժարվել թղթերից,
թղթավարությունից: «Նյու Յորքի ընտանեկան դատարանում թղթեր չեն շարժվում: Եթե փաստաբանը
բերում է բնօրինակ փաստաթուղթ, գրասենյակի աշխատակիցն այն ընդունում է, բազմացնում
տպիչով եւ բնօրինակը ետ վերադարձնում: Տվյալ գործը գաղտնագրվում է եւ կողմերը դատավորի
որոշմամբ գրասենյակի միջոցով հնարավորություն ունեն ծանոթանալ գործի նյութերին»,-
ասաց Ա. Մկրտչյանը: Մեր այն հարցին, թե քրեական վարույթի ժամանակ մեղադրյալները,
ամբաստանյալները ինչպե՞ս են ծանոթանում իրենց գործերին, Ա. Մկրտչյանը տեղեկացրեց,
որ Նյու Յորքում էլ կային դժվարություններ եւ զուգահեռներ տանելով ավտոմատացման դեպքում
հայաստանյան ազատազրկման վայրերում գտնվողների դատամատչելիության հնարավորությանը,
շարունակեց. «Նույնիսկ եթե ընդունենք, որ նախնական կալանքի վայրերը չեն ավտոմատացվել,
թուղթը մնում է: Թվայնացվածից վերծանելը նույնպես դյուրին է»: Ի դեպ, Նյու Յորքում
նախնական կալանքի վայրերը գտնվում էին դատարաններին կից: Հավանաբար դա է պատճառը,
որ դատավորին մեղադրյալը ներկայացվում է «անհապաղ»: Ինչպես Ա. Մկրտչյանն էր վկայում՝
բռնում են փողոցից, բերում դատարանի շենք: Իսկ թե դատարանի հետ ինչպես կաշխատի
քաղաքացին, երբ դատարանը հրաժարվում է թղթից, պարոն Մկրտչյանը նշեց, որ դատարաններում
ստեղծված գործող գրասենյակն ու աշխատակազմն ապահովում են փաստաթղթերի մատչելիությունը,
իսկ թվայնացված տեղեկատվության դեպքում ցանկացած փաստաթուղթ հասանելի կլինի շահագրգիռ
կողմին: «Հասարակությունը շատ քիչ կայցելի դատարաններ, արդյունքում աշխատանքը կհեշտանա»,-
նկատեց նա: «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքով սահմանված
է աշխատակազմ հասկացությունը: Ա. Մկրտչյանն ասաց, որ ունեն խնդիր ստեղծել դատարանների
կառավարման ճիշտ համակարգ, ուր բոլոր վարչարարները՝ գրասենյակի պետերը, աշխատակազմի
ղեկավարները համակարգված կաշխատեն միմյանց հետ: Ներկայումս այդ գործառույթը իրականացնում
է դատարանների խորհրդի քարտուղարությունը: Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի
տեղեկացմամբ, իրենք լուծելու են դատարանների եւ դատավորների բնականոն նյութատեխնիկական
բավարարվածության խնդիրը. «ԱՄՆ-ում տեսանք նույն բյուջետային վեճը օրենսդիրի հետ:
Դատարանների աշխատակազմերը կախված չէին գործադիրից, ինչպես մեզ մոտ: Նրանց հիմնական
խնդիրն էր հիմնավորել, որ փողը իրենց պետք է: Բյուջեների մասով շատ հետաքրքիր ձեւակերպում
կար. դրանք կառավարության ծրագրերն են ու, չգիտես ինչու, մեր դատական համակարգը մտնում
է կառավարության միջնաժամկետ ծրագրերի մեջ: Այդտեղից էլ սկսվում են սահմանափակումները»:
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,
ինչը հստակ տալիս է դատական ծառայողի պարտականությունները, նկարագիրը: Նա ցավով նշեց,
որ օրենսդրորեն չկա դատական ծառայության որեւէ պաշտոնի նկարագիր եւ այդ պաշտոնին
տրված իրավունքներ ու պարտականություններ: «Պետությունը որոշակի պահանջ չի դրել,
թե դատական ծառայողը ինչպիսին պիտի լինի»,- ասաց նա եւ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում մինչեւ
չեն անցնում դատական համակարգի մարդկային ռեսուրսների կառավարման ակադեմիան, նրանց
իրավունք չի վերապահվում որեւէ դատարանում նշանակվել աշխատանքի: Ա. Մկրտչյանի կարծիքով,
բացի պարետից ու հավաքարարից (տեխնիկական անձնակազմից), դատարաններում անհրաժեշտ
է աշխատեն իրավաբանական կրթություն ունեցող մարդիկ: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել