Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերը ծիրանն է, ոչ թե՝ նարինջը

Օգոստոս 25,2005 00:00

Ուրեմն, մեր դրոշի շերտն էլ պետք է
լինի ծիրանագույն Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշը հանդիսացող
ՀՀ պետական դրոշի մասին 1990թ. օգոստոսի 24-ին հրապարակված օրենքի համաձայն՝ Հայաստանի
Հանրապետության պետական դրոշը եռագույն է, բաղկացած կարմիր, կապույտ, նարնջագույն
3 հավասար շերտերից: Չխորանալով գունագիտության մանրամասների մեջ, թե հատկապես
ինչպիսի՞ կարմրի, կապույտի ու նարնջագույնի մասին է խոսքը (դրանցից յուրաքանչյուրն
ունի բազում երանգներ), պիտի ասեմ, որ հայոց դրոշի համար ընդունելի չէ «նարնջագույնը»
թե՛ որպես գույն, թե՛ որպես գունանուն: Եվ ահա, թե ինչու: Նարնջենու հայրենիքը
Հարավային Չինաստանի եւ Հնդկաստանի տարածքն է: Այն աճում է նաեւ երկրագնդի արեւադարձային
ու մերձարեւադարձային այլ շրջաններում, բայց ոչ երբեք Հայաստանում: Ասել է, թե նարինջը՝
չլինելով հայկական պտուղ, նարնջագույնն էլ չի կարող լինել հայոց պետական դրոշի բաղադրիչը:
Մինչդեռ ծիրանենին լինելով ծագումով Չինաստանից ու Փոքր Ասիայից, Հայաստանում մշակվում
է անհիշելի ժամանակներից: Ըստ ավանդության՝ Ալեքսանդր Մակեդոնացին մ. թ. ա.
4-րդ դարում ծիրանենին Հայաստանից տեղափոխել է Հունաստան եւ անվանել արմենիկա, որտեղից
էլ առաջացել է ծիրանի միջազգային լատիներեն անունը՝ Արմենիակա: Ծիրանենին
հայ ժողովրդական երգերում գործածվում է իբրեւ Հայաստանի խորհրդանիշ. «Ես մի ծառ եմ
ծիրանի, հին արմատ եմ անվանի» (Ջիվանի): Եթե նարնջենու պտուղները (կախված տեսակից)
լինում են դեղնավունից մինչեւ կարմրանարնջագույն, ապա ծիրանենու պտուղները լինում
են դեղին կամ դեղնակարմրավուն (ծիրանագույն): Ծիրանին համարվել է հայոց ազնվական,
թագավորական գույն, որով ներկված կտորներից էին կարվում թագավորական կահույքն ու
զգեստները, շքապաստառներն ու դրոշները: Հայ պատմիչները գրում են, որ հայկական դրոշները
ծիրանի գույն ունեն: Ծիրանագույն են եղել Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների,
Կիլիկիայի հայկական պետության դրոշները: Ասել է, թե մ. թ. ա. 2-րդ դարից մինչեւ մ.
թ. 14-րդ դարը՝ շուրջ 1600 տարի, հայոց պետական դրոշը եղել է ծիրանագույն: Ծիրանագույնը,
որ կոչվում է նաեւ ծիրանի, հայոց լեզվում հասկացվում է նաեւ բոսոր, բոցագույն, արնագույն,
կարմրավուն-ոսկեգույն, դեղին եւ այլն: Իմիջիայլոց, դեռեւս 1773թ. հայկական դրոշի
հատկապես դեղին լինելու մասին է շեշտել Շահամիր Շահամիրյանը: Իսկ Վ. Հացունին գրում
է. «…ուրեմն պատշաճ պիտի լիներ ընտրել մեր հին հասարակաց դրոշը, որ է ծիրանի պաստառը՝
դեղին (ոսկի) խաչանշանով»: Ի դեպ, եթե ընդունենք, որ եռագույնի վրա կարմիրը
ազատության համար հայ ժողովրդի թափած արյունն է, կապույտը՝ խաղաղ երկինքը, ապա աշխատանքի
արդյունքը խորհրդանշողը կլինի ավելի շուտ ծիրանի-դեղինը (ցորեն, հաց, ոսկի), քան
նարնջագույնը: Ահա թե ինչու 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախությունը հռչակած
Հայ ազգային խորհուրդը հաստատեց նաեւ հայոց ազգային դրոշը՝ Եռագույնը, իր կարմիր,
կապույտ, ցորնագույն (նարնջագույն) շերտերով: Հետաքրքիր է, որ տարիներ անց
Սիմոն Վրացյանը գրում է. «Պատգամավորների մի մասի կողմից մասնավոր առարկություն էր
լսվում գլխավորապես գործնական տեսակետից նարնջագույնի դեմ: Հայաստանում դժվար էր
այդ գույնի կտոր գտնել»: «Բայց նարնջագույնը առանձնապես պաշտպանում էր Քաջազնունին,
որ ղեկավարվում էր սոսկ գեղասիրական նկատառումներով. կարմիրի, կապույտի եւ նարնջագույնի
ներդաշնակությունը դուր էր գալիս նրա ճաշակին»: Ասվածից հասկացվում է, որ
Հայոց եռագույն դրոշի ստորին շերտը պետք է կոչվեր (եւ լիներ) ոչ թե նարնջագույն,
այլ ծիրանագույն (ծիրանի): Դա մեզ հնարավորություն կտար լրացուցիչ անգամ աշխարհին
հիշեցնել, որ ծիրանին պատմականորեն եղել է հայոց ազգայինը եւ պետականությունը խորհրդանշող
գույնը: Եթե ընթերցողը առարկի, թե նարնջագույնը միջազգային գույն է, իսկ ծիրանին
զուտ հայկական, ապա թող կարդա Հայկական սովետական հանրագիտարանի «Գունայնության տեսություն»
հոդվածը, որի աղյուսակում նարնջագույնն ու ծիրանին, որպես առանձին եւ ինքնուրույն
գույներ, ներկայացված են թե՛ որպես սպեկտրի գույն, թե՛ որպես լրացուցիչ գույն: Հետեւություն.
Հայաստանի Հանրապետության պետական դրոշը պետք է բաղկացած լինի կարմիր, կապույտ, ծիրանագույն
(եւ ոչ թե նարնջագույն) շերտերից եւ անվանվի այդպես: Երբեմն մեր ոչ գունավոր պարբերականների
ու գրքերի էջերում Եռագույնը տպագրվում է սեւ ու սպիտակ գույների համադրությամբ,
որով կոպտորեն ոտնահարվում է ՀՀ պետական դրոշի մասին օրենքը, ՀՀ սահմանադրության
համապատասխան հոդվածը, վարկաբեկվում հայոց պետության խորհրդանիշը, վիրավորվում յուրաքանչյուր
հայի ազգային արժանապատվությունը: ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հոգեբույժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել