Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԿՊԱՐՏՎԵ՞Ն

Օգոստոս 25,2005 00:00

ԵՐԿՈՒՍՆ
ԷԼ ԿՊԱՐՏՎԵ՞Ն «Իրենց դիրքերն այնպիսին են, որ ինչ էլ ասեին՝
խոցելի էր: «Այո» էլ ասեին, «ոչ» էլ ասեին, միեւնույն է՝ շատ բան չէր փոխվի»,- այսպես
է գնահատում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը
«Արդարություն» դաշինքի՝ ԱԺ արտահերթ նստաշրջանին մասնակցելու, բայց սահմանադրական
բարեփոխումներին «ոչ» ասելու որոշումը: Իր համոզմունքը «Առավոտի» զրուցակիցը այսպես
է հիմնավորում. «Դեռ այն ժամանակ, երբ դաշինքը պայման դրեց, որ խորհրդարան կվերադառնա
միայն այն դեպքում, երբ սեղանին կդրվի նախագահի վստահության հարցը, այդպիսով իսկ
դատապարտեց իրեն»: Այնպես որ, Ա. Հարությունյանի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների
գործընթացից պարտված են դուրս գալու ե՛ւ կոալիցիան, ե՛ւ ընդդիմությունը, քանի որ
«մեկը պատվեր է կատարում, մյուսը անձնավորված պայքար է տանում: Ոչ մի կողմը անկեղծ
չէ իր ցանկություններում»: Եռագլուխ քաղաքական դաշտում՝ երբ մի մասը, անկախ
ամեն ինչից, կողմ է այդ բարեփոխումներին, իսկ մյուս մասը՝ դեմ, մեր զրուցակիցը ամենաիրատեսականը
այն կուսակցությունների դիրքորոշումն է համարում, որոնք հանդես են գալիս սահմանադրական
բարեփոխումների բովանդակային քննարկումների տեսանկյունից: Այս շարքին է դասվում նաեւ
իր կուսակցությունը: Եվ քաղաքական դաշտի այս հատվածի անունից կոչ է անում կոալիցիային
ու ընդդիմությանը՝ ուժ գտնել եւ գնալ իրենց ճանապարհով: Ի հավաստումն ասվածի՝ «հռոմեական
իշխանությունները գնացին, օրենքները մնացին»,- հավելում է նա: Արդյունքում պարոն
Հարությունյանը չի կարծում, որ սահմանադրական բարեփոխումների առիթով Հայաստանում
հեղափոխական իրավիճակ կառաջանա, քանի որ «փաստաթուղթը ժողովրդի համար միս ու արյուն
չդարձավ: Մարդիկ չեն գիտակցում դրա կարեւորությունը, իսկ արհեստական ցնցումները լուրջ
բանի չեն հանգեցնի: Ե՛վ կոալիցիան, ե՛ւ ընդդիմությունը այս ողջ գործընթացում իրենք
իրենց այնպիսի վիճակներում են դրել, որ անընդհատ հակասությունների մեջ են հայտնվելու»:
Իսկ թե ինչ է սպասվում այս ամենից հետո՝ ժամանակը ցույց կտա: Արամ Հարությունյանին
խիստ է զայրացնում նաեւ ՀՀՇ-ի մերժողական կեցվածքը. «Էդ դեպքում, վարպետ Օհանի տարբերակով՝
փակվենք մի խցում եւ ոչ մի բան չընդունենք այս իշխանություններից»: Ն.
Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել