Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

70

Օգոստոս 24,2005 00:00

70 նկար՝ Հրանտի 70-ամյակին Գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանը՝ մեծ արձակագրի մասին Սեպտեմբերի 2-ին Վանաձորի պետական պատկերասրահում կբացվի Խաչիկ Ղարաբեկյանի,Հրանտ Թադեւոսյանի եւ Նիկոլ Աղաբաբյանի համատեղ ցուցահանդեսը, որը նվիրված է Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակին: Կներկայացվի նկարիչների շուրջ 70 աշխատանք: Ի դեպ, բոլոր հեղինակների նկարները, որ արվել են Ահնիձորում, Խ. Ղարաբեկյանի հավաստմամբ, մաթեւոսյանական շունչ ունեն: «Քանի որ իմ արվեստանոցը գտնվում Է Հրանտի ահնիձորյան տան հարեւանությամբ, ստեղծագործություններիս հիմնական մասը կապված է նրա աշխարհի հետ»,- ավելացրեց նկարիչը: Նա ոչ միայն ապրել է գրողի տան հարեւանությամբ, այլեւ Մաթեւոսյանին մոտիկից է ճանաչել: Խ. Ղարաբեկյանն ափսոսում է, որ չի հասցրել մեծ արձակագրի դիմանկարը նկարել, բացի այդ «Գոնե ինձ համար Հրանտի մահն անսպասելի էր»: Խնդրեցինք բնութագրել Մաթեւոսյանին՝ մտերիմ մարդու տեսանկյունից: «Իմ սեղանին մշտապես 3 գիրք է դրված՝ Աստվածաշունչը, Մարկեսի «100 տարվա մենությունը» եւ Հրանտ Մաթեւոսյան: Դրանք այն գրքերն են, որոնք միշտ կարելի է կարդալ՝ որտեղից ցանկանում ես, քանի որ ամեն մի տողը խորը փիլիսոփայություն ունի»,- ասաց նկարիչը: Խ. Ղարաբեկյանը նաեւ տեղեկացրեց, որ մշակույթի նախարարության հետ համատեղ պատրաստվում է մի ցուցահանդես էլ կազմակերպել Ահնիձորում՝ դարձյալ Հրանտին նվիրված: Մանավանդ կտավին է հանձնել նրա հետ կապված ամենքին եւ ամեն ինչ՝ Հրանտի պապենական տունը, այգին, հորեղբոր տունը, նրա սիրած տանձուտը, գրողի հարեւանների տները, հինավուրց տանձենին, որի մեջ Հրանտի կերպարն է տեսնում եւ այլն: Ի դեպ, Խ. Ղարաբեկյանը մեկ-մեկ քանդակներ էլ է անում, դրանցից մեկը Վանաձորում 2003-ին կայացած քանդակի սիմպոզիումի ժամանակ ճանաչվել է լավագույնը: Այն մի կոմպոզիցիա է՝ արված 13-րդ դարի խաչքարի կտորի վրա, որը բերվել է Դսեղի սբ. Գրիգոր եկեղեցուց ու 40 տարի պահվել է նկարչի արվեստանոցում: Խաչիկ Ղարաբեկյանի նկարներում հիմնականում գերակշռում է ծառերի թեման, որին նախատեսել է առաջիկայում նորից անդրադառնալ: «Ինձ մոտ արեւը սպիտակ է, ծառերը՝ բողոքական: Մարդ իր դժգոհությունը այդպես՝ սիմվոլներով է արտահայտում: Ծառերը շատ գեղեցիկ են ձմռանը, երբ մերկ են ու տերեւաթափ, դժգոհ, այդպես նրանք քանդակներ են հիշեցնում: Մինչ Անկախությունը գույներս ավելի դաժան էին, հիմա դրանք պայծառացել են, որովհետեւ որքան կյանքը դժվարանում է, այնքան իմ գույները պայծառանում են: Եթե նախկինում գերակշռում էին սեւն ու դարչնագույնը, հիմա ավելի շատ դեղինը, վառ կապույտը եւ այլն»,- պարզաբանեց նկարիչը: Ինքնանկարներն էլ հատուկ նպատակով է ստեղծել. «Ինքնադիմանկարներիս միջոցով իմ ուզած հոգեբանական կերպարներն եմ կերտել»: Խ. Ղարաբեկյանը երկար տարիներ եղել է Վանաձորի թատրոնի գլխավոր նկարիչը, մոտ 100 ներկայացումներ է ձեւավորել ինչպես տեղի, այնպես էլ Արտաշատի, Թբիլիսիի ու Ղարաբաղի թատրոններում: Նա բազմաթիվ խմբակային եւ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում եւ արտերկրում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել