Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանց

Օգոստոս 24,2005 00:00

Նրանց խաբում են հայրենիքում Երբեւէ պատուհանից դուրս կնայի՞ Լիլիթը Լիլիթ Շելլունցը սովորում է «Զատիկ» մանկատան 6-րդ դասարանում։ Նա 5 տարի առաջ կորցրել է սիրելի մորը՝ Ժաննային, որի լուսանկարը միշտ իր հետ է, որտեղ էլ հոր՝ ազատամարտիկ Ալբերտ Ավետիսյանի հետ լինում է։ Հայրը ԵԿՄ անդամ է, Լաչինի առաջին բնակիչը, սակայն դա ոչինչ չի նշանակում, որովհետեւ ազատագրված տարածքի նրանց տունը թալանեցին այն ժամանակ, երբ հայրը մոր հուղարկավորությամբ էր զբաղված Երեւանում։ Այնտեղի դատախազն էր Լաչինի վարչակազմի ներկայիս պատասխանատուն՝ Համլետ Խաչատրյանը, որն, ասում են նաեւ՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Ավանի տան հարեւանն է։ Լիլիթն ուզում էր սովորական միջնակարգ դպրոցում սովորել, սակայն դասերից հետո նրա գիշերելու հարցը կծագի։ Երեւանում այս փոքրիկ ընտանիքը կացարան չունի։ Ազատամարտիկ Ա. Ավետիսյանը ժամանակավոր գոյատեւում էր պրոթեզարանի հին շենքում՝ Ծարավ Աղբյուրի 55 ա հասցեում։ Սակայն շաբաթ-կիրակիներին, երբ Լիլիթը «տանն» է՝ տարրական պայմաններ չկան նրա համար։ Առաջին հարկում գտնվող սենյակը խոնավ է, մութ ու անհրապույր։ Այդտեղ օրեր առաջ երեխան ուշագնաց եղավ։ Երեխան լույսի կարիք ունի, թթվածնի, նաեւ՝ հույսի, որ երբեւէ իր հայրը ծածկ ունենա գլխավերեւում։ Հայրը արդեն մի շաբաթ է, ինչ նոր «բնակարան» է տեղափոխվել. ահա լուսանկարում պատկերված ազատամարտիկի նոր կացարանը։ Լիլիթը, որը գերազանց գնահատականներով փոխադրվել է 6-րդ դասարան, ուզում է հասկանալ, թե ինչո՞ւ իր հայրը, որը կտրիճ էր մարտադաշտում, այսպես անզոր է պատերազմի դաշտ երբեւէ չտեսած, վառոդի հոտը երբեւէ չզգացած, բարալիկ ձայներով դասալիք-չինովնիկների առաջ։ Ա. Ավետիսյանին եւ նրա աղջկան խոստումներով խաբում են գրեթե բոլորը, անամոթաբար շռայլում իրենց այն հեռախոսահամարները, որոնց լսափողերի վրա փոշի կա նստած, եւ որոնց տերերը՝ «բաժանորդները», ցմահ անհասանելի են կամ գտնվում են մարդկային փոխհարաբերությունների ծածկույթից դուրս։ Լիլիթ Շելլունցը երազում է աշխարհի գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի նման լինել, լուսանկարվել եւ այն ցույց է տալիս նաեւ մեզ, ուզում է անուշեղենով, քաղցրեղենով այցելել իրենից փոքրերին, թույլերին՝ ինչպես Լուսինեն։ Այս երեխային ջերմացնում են հիշողությունը, հուշերը, ինչպես այն կարող է լինել տարեցների դեպքում, անօգնական միայնակների հասուն տարիքում։ Լիլիթ Շելլունցին ճանաչում են, տեսել են իմ գործընկերներից շատերը։ Նա հավատում է, որ իր հայրիկին թերթերը չեն խաբի, որ թերթերում կգրվի այն մասին, թե ինչպես է իր հայրիկը՝ առաջիններից մեկը լինելով, գնացել հայրենիքը պաշտպանելու։ Բայց հայրենիքը չի պաշտպանել իրենց։ Լիլիթը շտապում էր մոտակա այգին, ուր մի բարի կին թույլ էր տվել իրեն ու հորը աշխատել, հատապտուղ հավաքել ու… ուտել։ Ծարավ Աղբյուրի փողոցում էր գտնվում ուսանողական այս հանրակացարանը՝ լքված, շինարարական աղբով, փշրված պատուհաններով։ Լիլիթը՝ ցույց տալով մեզ այս շենքը, երազկոտ պատկերացրեց իրեն այդտեղ ապրելիս. երբեւէ կունենա՞ այս աղջիկը պատուհան, որտեղից անարգել լույս կթափանցի, երբեւէ կնայի՞ նա պատուհանից դուրս։ Լիլիթի նկարները հատակի վրա էին, նրա նկարներում պատկերված էր այն տունը, տանիքը, բակը, այգին, որը ցանկանում է հայրիկն ունենալ։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել